Երբ պետությունն աջակցում է որևէ ոլորտի զարգացման, աջակցության գործիք պետք է լինի ոչ թե հարկատուների գրպանից տրվող «քեշ փողը», այլ տնտեսական քաղաքականության մեթոդաբանական մոտեցումները․ Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրում է․
«Նախօրեին կառավարության նիստից ուշադրության էր արժանացել տարբեր նշանակության էլեկտրամոբիլներ գնելու համար 1 միլիարդ դրամի հատկացման հանգամանքը:
Եվ իհարկե, ժամանակին, այսինքն մինչև 2018 թվականը պադավատապետության դեմ խրոխտ ելույթներ ունեցող ուժի պարագայում, հանրությունը այդ ուժին միանգամայն տեղին հիշեցնում է այդ պադավատապետության հարմարավետություններից հանգիստ օգտվելու հանգամանքը:
Բայց, կարծես թե կայացվել է մեկ այլ որոշում եւ IT ոլորտի մի քանի ձեռնարկություն ստացել է 2 միլիարդ դրամի օժանդակություն: Եթե այսպես շարունակվի, ապա ըստ ամենայնի շատ մոտ ապագայում Հայաստանում կարող են ներդնել IT ոլորտի տուրք:
Այսինքն, եթե ապրում ես Հայաստանում, պետք է վճարես այդ տուրքը՝ հատուկ IT ոլորտի համար:
Փաստացի, այժմ դա գործում է, որովհետեւ այն միլիարդները, որ պետությունը վճարում է ոլորտին իբրև թե զարգացմանն օժանդակելու համար, վճարվում է հանրության, այլ ոչ թե կառավարության անդամների կամ պատգամավորների անձնական գրպաններից:
Ես բոլորովին դեմ չեմ, որ ժամանակակից աշխարհում կարևոր այդ ոլորտը Հայաստանում ստանա աջակցություն և զարգանա: Բայց, մի հատ պետք է հասկանալ, մենք ընդամենը աշխատատեղե՞ր ենք ֆինանսավորում հանրության գրպանի հաշվին, թե՞ ֆինանսավորում ենք պետության զարգացման ու հզորացման կոնցեպտուալ ծրագրեր ու ճանապարհային քարտեզներ:
Այս հարցի պատասխանը մեղմ ասած չկա, սրա փոխարեն կան պարզապես կենացներ IT ոլորտի կարևորության և Հայաստանում դրա ինչ որ տիեզերական ներուժի մասին, և ոլլորտը ըստ էության «սրբազան կով» դարձնելու միտում: Իսկ դա շնորհիվ ոչ թե ինչ որ արդիական և խորիմաստ տնտեսագիտական մտքի, այլ ընդամենը ոլորտի բավականին զորեղ լոբբիստական հնարավորությունների:
Հիշեցնեմ, որ ընդամենը ամիսներ առաջ էր, երբ ծավալվեց 10 միլիարդ դրամի աջակցության պատմությունը, որ ցուցաբերվել էր IT ոլորտի մի քանի տասնյակ ընկերությունների՝ դրամի արժեվորման «վնասը» փոխհատուցելու համար, այդ թվում նաև նրանց, որոնք փողը ստանալուց կարճ ժամանակ անց պարզապես փակվել էին:
Երբ պետությունն աջակցում է որեւէ ոլորտի զարգացման, աջակցության գործիք պետք է լինի ոչ թե հարկատուների գրպանից տրվող «քեշ փողը», այլ տնտեսական քաղաքականության մեթոդաբանական մոտեցումները, որոնք կապահովեն համակարգային, ոլորտային զարգացում:
Հակառակ պարագայում, այսօր Հայաստանում «քեշ փողի» կարիք ունեն գործնականում բոլոր այն տնտեսվարողները, որոնք Հայաստանում փորձում են ստեղծել ինչ որ բան, իհարկե վարձով տրվելիք բնակարաններից բացի, ու դա էլ ըստ էության պետությունից ստացվող «քեշ փողի» հաշվին:
Դա տնտեսական քաղաքականություն չէ, դա պարզապես պատեր արտաքին կոնյուկտուրայի անխնա մսխում է»: