«Օլիմպիականները. Փարիզ-2024». ծանրամարտը պայքար է՝ դու ես ու ծանրաձողը. Անդրանիկ Կարապետյան
Հայաստանի օլիմպիական հավաքականում կան մարզիկներ, որոնք մասնակցում են իրենց երկրորդ Օլիմպիական խաղերին: Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի առաջին Խաղերը 2016 թվականի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերն էին:
«Արմենպրես»-ի նախաօլիմպիական` «Օլիմպիականները. Փարիզ-2024» հատուկ նախագծի հերթական հերոսը ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն է, ով 8 տարի անց կրկին կմասնակցի մարզական ամենակարևոր իրադարձությանը:
Անդրանիկ Կարապետյան
Ծանրորդ (89 կգ)
28 տարեկան
աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր
Փարիզ-2024-ն երկրորդ Օլիմպիական խաղերն են
Մրցումային օրը` օգոստոսի 9-ը
–Ե՞րբ եք սկսել հետաքրքրվել ծանրամարտով:
-Ծանրամարտով հետաքրքրվել եմ 12 տարեկանից: Մինչ այդ խառը մենամարտերի էի հաճախում: Երբ մենամարտերի խմբակը փակվեց, եղբայրս մարզվում էր ծանրամարտով, ես էլ շատ էի ուզում գնալ իր հետ: Երկար համոզելուց հետո մի օր եղբորս հետ գնացի մարզադահլիճ ու սիրեցի այս մարզաձևը: Հիմա եղբայրս մարզչական աշխատանքով է զբաղվում:
–Անդրանիկ, եղե՞լ է մի մրցաշար, որն, ըստ Ձեզ, բեկումնային է եղել և որից հետո վերջնականապես համոզվել եք, որ ծանրամարտը ձեր մարզաձևն է:
-Հատուկ մրցաշար չի եղել, սակայն այդ զգացողությունն ունեցել եմ առաջին անգամ մարզադահլիճ մտնելիս: Ինձ մոտ տպավորություն էր, որ գտել եմ իմը, այն ինձ կպատկանի ու ես էլ՝ նրան: Ինձ համար մարզաձևը սիրելը անվերապահորեն նվիրումն է: Նույնիսկ նրանք, ովքեր հեռանում են, ամբողջությամբ չեն կտրվում մարզաձևից: Եվ իմ կարծիքով դա նրանից է, որ մեր բարձրացրած ամեն կիլոգրամը թանկ է մեզ համար:
–Ո՞րն է ծանրամարտի գեղեցկությունը, որը դուք` ծանրորդներդ, տեսնում եք, սակայն մեզ համար այն անտեսանելի է:
-Ինձ համար գեղեցկություն է ավելացրած ամեն կիլոգրամը, թեկուզ՝ գրամը: Դա բացարձակ այլ զգացողություն է: Հպարտության, ուրախության այլ տեսակ: Երջանկության մի ուրիշ աստիճան է, երբ արդեն մրցման ժամանակ ես բարձրացնում առավել բարձր կիլոգրամներ: Ծանրամարտը պայքար է ինքդ քեզ հետ՝ դու ես ու ծանրաձողը:
–Իսկ ինչ-որ սովորություն ունե՞ք, որը նախորդում է ծանրաձողին մոտենալուն:
-Երբ մոտենում եմ ծանրաձողին, այնքան հանգիստ եմ, որ տպավորություն է ստեղծվում, թե ինձ հետ ինչ-որ բան այն չէ: Բայց միշտ այդ կերպ եմ մոտենում մրցահարթակին: Առաջին պահից, երբ սկսում եմ քայլել հարթակի վրա, ոչ մեկին ոչ տեսնում եմ, ոչ լսում՝ ես եմ, ծանրաձողը, լույսերն ու ժամանակը:
–Եթե ծանրամարտը չընտրեիք, ապա՞…:
-Երբեք չեմ մտածել այդ մասին, բայց ինչ էլ որ ընտրեի, վստահ եմ՝ այս նույն համառությամբ կմոտենայի, ինչ-որ ծանրամարտում եմ ներդնում:
–Անդրանիկ, Դուք այն մարզիկներից եք, ում մարզական կարիերայի ընթացքում մեծ արդյունքներ գրանցելու համար չափից շատ են խանգարել վնասվածքները: Բայց Դուք այն քչերից եք, ովքեր շարունակում են հավատարիմ մնալ իրենք իրենց ու մարզաձևին: Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում:
-Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո շատ ծանր էի տանում այն, ինչ տեղի ունեցավ այնտեղ: Ամեն անգամ մարզադահլիճի կողքով անցնելիս պարզապես ուզում էի հնարավորինս արագ հեռանալ: Բայց կան մանրուքներ, որոնք որոշիչ են լինում: Իմ դեպքում այդ որոշիչ պահն այն էր, որ անծանոթ մարդիկ գրում էին ինձ, ասում, որ աղոթում են ինձ համար, հավատում են ինձ: Հենց դրանում էլ կրկին գտա այն կայծը, որը պետք էր նորից վերադառնալու ու մարզվելու համար: Իսկապես դժվարին շրջան էր: Մտածում էի, որ թող այդ վնասվածքը լիներ այստեղ, ոչ Օլիմպիական խաղերին: Տեսնում ես, թե ինչ մոտ ես մեդալին, բայց…
–Մեր նախնական զրույցում ասացիք, որ Փարիզի Օլիմպիական խաղերին այլ կերպ եք մոտենում: Ի՞նչ խորհրդով ու մտքով եք մոտենում Փարիզ-2024-ին:
-Ուզում եմ հասնել այն գերագույն մարզավիճակին, որ ես ինքս ինձ ապացուցեմ, որ կարող եմ ցանկալի արդյունքի հասնել: Թեկուզ մրցանակային տեղում չլինեմ, բայց կարողանամ բարձրացնել այն կիլոգրամները, որոնք ինձ համար կարևոր են:
–Ծանրամարտի էջը դեռևս չե՞ք փակելու:
-Եթե անկեղծ, աշխարհի գավաթի խաղարկությունից հետո ցանկություն կար հեռանալու ծանրամարտից: Բայց իրադարձությունները դրական դասավորվեցին և կարծես Աստված էլ ուզում էր, որ ես մասնակցեի այս խաղերին: Ռիոյից հետո մի նպատակ ունեի՝ նորից մասնակցել Օլիմպիական խաղերին:
–Եթե ձեզ հնարավորություն տրվեր երիտասարդ Անդրանիկ Կարապետյանին ինչ-որ բան ասել, ինչ-որ խորհուրդ տալ: Ի՞նչ կասեիք:
-Չնվիրվել մարդկանց:
–Եվ վերջում՝ խնդրում եմ ավարտեք նախադասությունը: Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն…
-Դժվարանում եմ ասել…
«Օլիմպիականները. Փարիզ-2024» նախագծի հեղինակ` Վարվառա Հայրապետյան