Բաժիններ՝

Աստվածաշնչական դեմքերից դասեր. Եվա

Աստված ստեղծեց մարդկային պատմության առաջին կնոջը՝ Եվային: Եվան ստեղծվեց այն ժամանակ, երբ Աստված թմրություն բերեց Ադամի վրա: Եվան դարձավ Ադամի կինը և մեր նախամայրը: Այս հոդվածի նպատակն է անդրադառնալ Եվային, աստվածաշնչական համարներով խոսել համայն մարդկանց նախամոր մասին և նրա կյանքից քաղել հոգևոր և դաստիարակչական դասեր:

Եվայի ստեղծումը: Աստվածաշունչը պատմում է, որ Եվայի ստեղծումից առաջ Ադամը փորձեց գտնել իրեն հարմար օգնական՝ մարդ, բայց չգտավ. «Բայց Ադամին իրեն նման օգնական չգտնվեց» (Ծննդ. 2:20): «Եվ Տերը՝ Աստված, թմրություն բերեց Ադամի վրա, և նա նիրհեց։ Ապա հանեց նրա կողոսկրերից մեկը և այդ տեղը լցրեց մսով։ Տերը՝ Աստված, Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց և նրան բերեց Ադամի մոտ» (Ծննդ. 2:21-22): Սուրբ հայրերը բացատրում են, որ Աստված Ադամի կողոսկրից մեկը վերցրեց և այդ կողոսկրից կին արարեց, որպեսզի Եվան Ադամի կողակիցը լինի, կողքին լինի, սրտին մոտ լինի: Աստված չվերցրեց ոսկոր Ադամի վզից, որպեսզի Եվան չիշխի Ադամի վրա. «Թույլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի տղամարդուն կամ հեղինակություն բանեցնի նրա վրա, այլ թող լուռ մնա, որովհետև նախ Ադամն ստեղծվեց և ապա՝ Եվան։ Եվ Ադամը չխաբվեց, այլ կինը խաբվեց և հանցանք գործեց» (Ա Տիմ. 2:12-14), և ոչ էլ վերցրեց ոսկոր Ադամի ոտքից, որպեսզի Եվան ստրուկ չլինի իր ամուսնու՝ Ադամի համար:

Ամենագութ Աստված Ադամին պարգևեց զանազան պարգևներ՝ սիրուն Եդեմի պարտեզ, բուսական աշխարհ, անասնական աշխարհ, համերաշխ միջավայր, սակայն Եվայի ստեղծումը գերազանցեց այդ պարգևներին: Ն.Ս. Շենուդա Գ Պատրիարքը, խոսելով Եվայի գեղեցկության մասին, ասում է. «Նա՝ Եվան, շատ գեղեցիկ էր, որովհետև ստեղծվեց անմիջականորեն Աստծո կողմից»:

Եվան ստեղծվեց Աստծո պատկերով և նմանությամբ: Եվան չստեղծվեց  անասունների նման, այլ ստեղծվեց Աստծո պատկերով և նմանությամբ. «Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի և նմանության, … Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդ. 1:26-27): Աստծո պատկեր և նմանություն հասկացությունը բացատրվում է այսպես․ Աստված մարդուն շնորհեց որոշ չափի՝ ոչ անսահման բանականություն, իմաստություն, կամք, ազատ կամեցողություն, արդարություն, սրբություն, իշխանություն, ուժ, կատարելություն, ճանաչողություն, գեղեցկություն:  Կին արարածը կարճամիտ, պակասամիտ չէ, ինչպես կարծում են որոշ մարդիկ՝ սովորական կամ մտավորական մարդիկ: Պատմությունը վկայում է, և www.nobelprize.org կայքէջը ցույց է տալիս, որ աշխարհի տարբեր երկրներից տասնյակ կանայք մեծ ներդրում ունեցան  գիտության՝ ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի կամ բժշկություն մեջ և արդարացիորեն արժանացան Նոբելյան մրցանակի:

Կարդացեք նաև

Եվան վկայվեց Ադամի կողմից: Ինչքա՛ն սիրուն է, երբ կին արարածը դրական վկայություն է ստանում իր ամուսնու կողմից: Հետաքրքիր է, որ երբ Եվան ստեղծվեց, լսեց իր մասին առաջին վկայությունը և ստացավ «կին» կոչումը իր ամուսնու կողմից. «Արդ, սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից։ Սա թող կին կոչվի, որովհետև իր ամուսնուց վերցվեց» (Ծննդ. 2:23):

Եվայի երկխոսությունը օձի հետ: Երկրի վրայի բոլոր գազաններից ամենախորամանկը՝ օձը, խոսեց մեր նախամոր՝ Եվայի հետ, և վերջինս ընդառաջեց այդ երկխոսությանը, չգիտեր, որ «Չար ընկերակցությունները բարի վարքն ապականում են» (Նոր Արարատ թարգմանություն, Ա Կորնթ. 15:33): Սատանան օձի միջոցով հարց տվեց Եվային՝ ասելով. «Աստված ինչո՞ւ ասաց. «Դրախտում գտնվող ոչ մի ծառից չուտեք» (Ծննդ. 3:1), Եվան ոչ միայն փոխանցեց Չարին Աստծո պատվիրանը՝ չուտել բարու ու չարի գիտության ծառից, այլև ավելացրեց մի հատված Աստծո պատվիրանի վրա՝ չդիպչել այդ ծառին. «Կինը պատասխանեց օձին. Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել, բայց այն ծառի պտղի համար, որ դրախտի մեջտեղում է, Աստված պատվիրեց. «Չուտե՛ք դրանից և չդիպչե՛ք դրան», որպեսզի չմեռնենք» (Ծննդ. 3:2-3):

Ինչ վերաբերում է ունայն երկխոսությանը, որ Եվան ունեցավ օձի հետ, Սուրբ Հովհաննես Ոսկեբերան Հայրապետն ​​ասում է. «Եվան պետք է լռեր, չպետք խոսեր օձի հետ: Սատանան գայթակղեց Եվային խոսքով, կեղծ հույսով և այդպիսով խաբեց նրան»: Սուրբ Օգոստինոսը ասում է. «Աստված մեր Առաջնորդն է, իսկ Սատանան՝ մեր կործանիչը։ Առաջնորդը ներկայացնում է իր պատվիրանը, իսկ կործանիչը  ներկայացնում է խաբեություն: Պատվիրա՞նն ենք լսում, թե՞ խաբեությունը»:

Եվայի մեղանչումը: Եվան մեղանչեց, երբ 1. համաձայնեց երկխոսություն սկսել օձի հետ. «Կինը պատասխանեց օձին. «Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել, բայց այն ծառի պտղի համար, որ դրախտի մեջտեղում է, Աստված պատվիրեց. «Չուտե՛ք դրանից և չդիպչե՛ք դրան», որպեսզի չմեռնենք» (Ծննդ. 3:2-3), 2. հավատաց օձի խաբուսիկ խոսքին. «Ամենևին էլ չեք մեռնի, այլ պարզապես Աստված գիտեր, որ այն օրը, երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը, և կլինեք աստվածների նման՝ ճանաչելով բարին ու չարը»  (Ծննդ. 3:4-5) և կասկածեց Աստծո խոսքին. «Բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, անպայման կմեռնեք» (Ծննդ. 2:17), 3. տարբեր նայվածքով և զգացումներով նայեց արգելված ծառին՝ բարու ու չարի գիտության ծառին. «Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, հաճելի աչքերին՝ նայելու համար և գրավիչ՝ տեսնելու համար» (Ծննդ. 3:6), 4. վերցրեց բարու ու չարի ծառի պտուղից և կերավ. «Վերցրեց նրա պտղից, կերավ» (Ծննդ. 3:6), 5. այդ արգելված ծառի պտուղից տվեց իր ամուսնուն. «Եվ տվեց իր ամուսնուն, որ իր հետ էր» (Ծննդ. 3:6):

Եվան փորձեց ինքնաարդարանալ: Աստված հարց տվեց դրախտի ծառերի մեջ  թաքնված Եվային՝ ասելով. «Ինչո՞ւ այդ արեցիր», այսինքն՝ ո՛վ կին, ինչո՞ւ կերար արգելված ծառից և դրա պտուղից տվեցիր քո ամուսնուն՝ Ադամին: Եվան պատասխանեց Աստծուն՝ ասելով. «Օձը խաբեց ինձ, և կերա» (Ծննդ. 3:13): Եվան  փորձեց մի կողմից ինքնաարդարանալ, որ ինքը խաբվեց օձի կողմից, և մյուս կողմից՝ մեղադրանքը գցել օձի վրա:

Եվան չարդարացավ Աստծո առջև, այլ ընդհակառակը, նա դատապարտվեց՝ 1. ցավերով զավակներ ծնել՝ ծննդաբերությունը ցավերով անցկացնել, 2. հնազանդ լինել իր ամուսնուն՝ Ադամին, 3. իր ամուսնու իշխանությանը ենթարկվել. «Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու քո հառաչանքները։ Ցավերով պիտի զավակներ ծնես, քո ամուսնուն պիտի հնազանդվես, և նա պիտի իշխի քեզ վրա» (Ծննդ. 3:16)։

Եվան վտարվեց Եդեմի պարտեզից: Երբ Ադամը և իր կինը՝ Եվան, անհնազանդ գտնվեցին Տիրոջ պատվիրանին՝ մեղանչեցին, Աստված նրանց վտարեց Դրախտից․ «Եվ Տերը՝ Աստված, նրան դուրս հանեց բարօրության դրախտից՝ մշակելու հողը, որից առաջացել էր։ Ադամին հանեց և բնակեցրեց բարօրության դրախտի դիմաց, իսկ քերովբեներին ու շուրջանակի պտտվող բոցեղեն սրին հրամայեց հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները» (Ծննդ. 3:23-24):

Եվան բազմազավակ մայր դարձավ: Ոմանք մինչև օրս կարծում են, թե Եվան ուներ միայն երեք զավակ՝ Կայեն, Աբել և Սեթ: Սակայն Ծննդոց գրքի հինգերորդ գլխի 1-5 համարները ցույց են տալիս, որ Ադամն ապրեց երկար կյանք՝ 930 տարի, և ունեցավ շատ զավակներ՝ տղաներ և աղջիկներ․ «Այս է Ադամի սերունդների գիրքը։ … Երբ Ադամը հարյուր երեսուն տարեկան էր, իր նմանությամբ, իր պատկերի պես մի որդի ծնեց և նրա անունը դրեց Սեթ։ Սեթի ծնվելուց հետո Ադամի օրերը ութ հարյուր տարի եղան, և տղաներ ու աղջիկներ ծնեց։ Ադամի բոլոր օրերը ինը հարյուր երեսուն տարի եղան, և նա մեռավ» (Ծննդ. 5:1-5, Նոր Արարատ թարգմանություն):

Դասեր: Մեր նախամոր՝ Եվայի կյանքից քաղում ենք հետևյալ հոգևոր և դաստիարակչական դասերը՝

1. միշտ վերհիշենք, միշտ մեր մտքում ունենանք, որ մենք հողեղեն արարածներ ենք, ինչքա՛ն էլ երկար և առողջ ապրենք, գալու է այն օրը, երբ մեր մարմինը պիտի իջնի փոքր գերեզմանի մեջ և պիտի վերադառնանք հողին,

2. աշխատենք և պայքարենք մաքուր պահել մեր մեջ Աստծո պատկերն ու նմանությունը,

3. որպես հետաքրքրություն, երկխոսության մեջ չմտնենք Սատանայի և նրա գործակիցների հետ, որովհետև նա հազարավոր տարիների փորձառություն ունի, ուստի կարող է մեզ խաբել,

4.  յուրաքանչյուր կին իր ամուսնուց գաղտնի ինքնագլուխ արարքներ թող չգործի, որովհետև ամուսինը կնոջ գլուխն է, և միաժամանակ կարող է այդ արարքը վատ հետևանքներ ունենալ,

5. երբ մեղանչենք, չփորձենք փախչել Աստծուց, որովհետև Նա ամենուրեք է. «Ո՞ւր գնամ ես քո շնչից, կամ քո երեսից ես ո՞ւր փախչեմ։ Եթե ելնեմ երկինք, դու այնտեղ ես, եթե իջնեմ դժոխք, դարձյալ մոտ ես դու։ Եթե առավոտյան թևեր առնեմ և բնակվեմ ծովի եզերքում, սակայն այնտեղ էլ քո ձեռքն ինձ կառաջնորդի, և քո աջն ինձ կընդունի» (Սաղ. 138:7-10),

6. մեր գործած մեղքերի համար չփնտրենք ինքնաարդարացում, չփորձենք մեր մեղքերն ու հանցանքները վերագրել մեզ շրջապատող մարդկանց, այլ հաստատ որոշմամբ, մեղավոր կնոջ նման գնանք Նոր ուխտի քահանայապետի՝ Քրիստոսի մոտ, լաց լինենք, ծնկաչոք խոստովանենք մեր մեղքերն ու հանցանքները Աստծո փոխանորդին՝ քահանային, ներկա լինենք Սուրբ և Անմահ Պատարագին, այն Սուրբ Խորհուրդին, որ հաստատվեց Քրիստոսի կողմից Ավագ հինգշաբթի օրը, և ավարտին հաղորդվենք Քրիստոսի սուրբ Մարմնով և Արյամբ,

7. վկայենք, որ յուրաքանչյուր զավակ մեծ պարգև է Պարգևիչի՝ Աստծո կողմից:

Մի քանի ասացվածքներ կնոջ մասին.

«Կինը նման է գետի. օգտակար է, երբ հոսում է հանգիստ, իսկ կործանարար, երբ պոռթկա» (Թագոր):

«Կինը տղամարդուն տրված ամենալավ նվերն է» (Գույար):

«Կանայք ստեղծվել են, որպեսզի մենք զգանք կյանքի իմաստը: Նրանք քնքշության օրինակ են» (Վոլտեր):

«Հասարակության մեջ ինչ դասի էլ լինեն կանայք, նրանց տնային աշխատանքը անհրաժեշտ է» (Մադամ Մանտոն):

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս