Ադրբեջանը փորձում է վերադառնալ ԵԽԽՎ՝ «խաղաղության ազդարարման պատուհանով». մինչև սեպտեմբեր մի քանի ձևական քայլեր էլ կանի. Արա Ղազարյան
Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել խորհրդարանը՝ Միլլի մեջլիսը, ցրելու և սեպտեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին։
Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության՝ Ալիևի գլխավորած կուսակցությունն արտահերթի գնալու անհրաժեշտությունը պայմանավորում է նոյեմբերին երկրում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի անցկացմամբ։ Հաղորդվում է, որ նախատեսված քվեարկության օրը կհամընկներ Բաքվում համաշխարհային նշանակության միջոցառման անցկացմանը։
Մինչ այդ հայտնի էր, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները պետք է ավարտվեին մինչև 2024թ. հուլիսի 1-ը, իսկ դրանից հետո պետք է տեղի ունենար ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն: Հուլիսի 1-ին, օրվա երկրորդ կեսին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ «2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ: Բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով: Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը»:
Այդուհանդերձ, ի՞նչ է լինելու այս գործընթացի հետ, եթե Ալիևն ազատ է արձակել խորհրդարանը: Եթե հանձնաժողովներն առաջիկա մեկ ամսվա ընթացքում ի վերջո համաձայնեցնեն կանոնակարգի նախագծերը՝ սեպտեմբերի 1-ին նախատեսված խորհրդարանի արտահերթ ընտրություններից հետո, կրկին որոշակի ժամանակ կպահանջվի, որպեսզի այն վավերացվի, եթե, իհարկե, ձգձգման համար նոր խնդիրներ չծագեն:
168.am-ի հետ զրույցում փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը խոսելով այս հարցի շուրջ, նախ ասաց, որ նման հարցերը յուրաքանչյուր պետություն իր ներքին օրենքներով է լուծում։
«Այս դեպքում չգիտեմ, թե ինչ է ասում Ադրբեջանի ներքին օրենքը, սակայն տրամաբանությունը հուշում է, որ խորհրդարանը վավերացնում է՝ գործադիրի կողմից ինչ-ինչ նախնական համաձայնություններով։ Օրինակ, գործադիր իշխանության ղեկավարը կարող է ստորագրել պայմանագիր, բայց վավերացնում է խորհրդարանը, այսինքն՝ վերջին խոսքն ԱԺ-ին է։
Ադրբեջանը պառլամենտական երկիր չէ, կասկածում եմ, որ այնտեղ պառլամենտական վերահսկողությունն այդքան ծավալուն ու խորն է։ Ադրբեջանը նախագահական ու, կարելի է ասել, սուպերնախագահական երկիր է։ Գործնական իմաստով, չեմ կարծում, որ այս ամենը կարող է գործընթացի վրա որևէ ազդեցություն ունենալ, ի վերջո, սահմանազատումն ու սահմանագծումն իրականացնում է երկրի գործադիր իշխանությունը, և եթե մինչև հիմա արել են, ուրեմն՝ օրենքները թույլ են տալիս։ Իհարկե, վերջում ամեն ինչ խորհրդարանն է վավերացնում, բայց չեմ կարծում, որ գործնական առումով սա կարող է խոչընդոտ հանդիսանալ»,- նշեց Արա Ղազարյանը։
Ըստ Արա Ղազարյանի, պետությունները սովորաբար նման հարցերն առկախում են, մինչև նոր խորհրդարան ձևավորվի, սակայն նման վարքագիծն ավելի շատ հարիր է խորհրդարանական երկրներին, այլ ոչ թե Ադրբեջանի նման երկրին։ Նախագահական երկրներում խորհրդարանը չունի գործադիրի նկատմամբ այնպիսի վերահսկողություն, ինչպիսին պառլամենտարիզմի պայմաններում է լինում։
«Չգիտեմ, մինչև հիմա Ադրբեջանը պատճառ բերե՞լ է, որ հարցն առկախում է մինչև նոր խորհրդարանի ձևավորումը։ Ես հակառակը կասեմ՝ Ադրբեջանը շահագրգռված է, որպեսզի վերականգնվեն նրա պատվիրակության լիազորությունները ԵԽԽՎ-ում, որովհետև դա պետության հեղինակությանը լուրջ հարված է հասցնում։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը հետ կկանգնի նման քայլից մինչև սեպտեմբեր ամիսը, քանի որ ԵԽԽՎ-ն Ադրբեջանին մեկ տարի ժամկետ է տվել։ Գուցե Ադրբեջանն ամեն ինչ հենց դրա համար է արել, որպեսզի վերադառնա ԵԽԽՎ, այսպես ասած՝ «խաղաղության ազդարարման պատուհանով», այլ ոչ թե այն պարտավորությունների համար, որոնց պատճառով զրկվեցին ԵԽԽՎ-ում իրենց պատվիրակությունն ունենալուց։ Եթե իսկապես ճիշտ է, որ Ադրբեջանը փորձում է վերադառնալ ու այդ գործընթացն օգտագործում է խաղաղության նպատակով, ուրեմն՝ առնվազն հրապարակային չի հայտարարի, որ առկախվել է գործընթացը։ Ըստ իս, մի քանի ձևական քայլեր էլ կանի մինչև սեպտեմբեր»,- եզրափակեց Արա Ղազարյանը։
Հիշեցնենք՝ այս տարվա հունվարի 25-ին Ադրբեջանական պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ)։ Ձայների 76 կողմ, 10 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Բաքուն ԵԽԽՎ-ին միացել է 2001 թվականի հունվարի 25-ին։
Ադրբեջանի պատվիրակությանը հեռացնելու պահանջ էր ներկայացրել գերմանացի պատվիրակ Ֆրանկ Շվաբեն։ Նա դեռ տարիներ առաջ բացահայտել էր ադրբեջանական «խավիարային դիվանագիտության» բազմաթիվ փաստեր, ըստ որի, Ալիևը միլիարդավոր դոլարներ է ծախսել արևմտյան ազդեցիկ քաղաքական գործիչների, այդ թվում՝ ԵԽԽՎ-ի բազմաթիվ պատգամավորների վրա, որպեսզի վերջիններս աչք փակեն Ադրբեջանում տեղի ունեցող ճնշումների վրա։
Բացի այդ, ԵԽԽՎ-ն ադրբեջանական պատվիրակությանը կառույցից հեռացնելու իր որոշման հիմքում մի շարք պատճառներ էր թվարկել՝ Բերձորի միջանցքի արգելափակումն ու դրա լրջագույն հետևանքները, որոնք հանգեցրին Արցախի Հանրապետության հայ բնակչության բռնի տեղահանմանը։ Ադրբեջանի պատվիրակությունն այս ամենը որակել էր՝ որպես «չարամիտ արշավ» իրենց դեմ։