Ի՞նչ են հասկացնում ԵՄ-ից Հայաստանին․ վերլուծաբանները թերահավատ են ՀՀ ԵՄ անդամակցության մոտալուտ հեռանկարի հարցում

Փորձելով կատարել ՀՀ արտաքին քաղաքականությունում ռազմավարական նշանակության քայլ՝ շրջադարձ դեպի Արևմուտք, հայտարարելով ԵՄ անդամակցության ցանկության մասին՝ ՀՀ իշխանություններն իրականում չգիտեն՝ արդյոք ԵՄ-ում պատրա՞ստ են ընդունել Հայաստանին։

«Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հիմնական խնդիրն այն է, որ չունի հարցի պատասխանը՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ մոտ լինել Հայաստանին։ Ըստ Փաշինյանի, հանրաքվե անելու համար նախ պետք է քարոզարշավ անել, քարոզարշավի ժամանակ էլ քաղաքացիներից հարցեր են հնչելու՝ ինչպե՞ս, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակում, ի՞նչ քայլերով, Եվրամիությունն ուզո՞ւմ է դա, թե՞ չի ուզում, Եվրամիությունը պատրա՞ստ է։

«Ասելու են՝ Դուք հայտարարեցիք, որ Հայաստանը պատրաստ է լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունն է պատրաստ։ Հիմա հարց՝ Եվրամիությունն ինչքանո՞վ է պատրաստ, այդ հարցի պատասխանը ես կարո՞ղ եմ տալ այսօր, ո՛չ, չեմ կարող տալ»,- հայտարարեց Փաշինյանը՝ պարզաբանելով՝ այսօր Եվրամիությունում էլ են տեղի ունենում պրոցեսներ, և Հայաստանն այդ պրոցեսները պետք է գնահատի։

Փաշինյանի խոսքով՝ ինքը գիտի Հայաստանի ԵՄ անդամակցության շուրջ Հայաստանի քաղաքացիների կարծիքը, և եթե մտածեր, որ Հայաստանի ժողովուրդն այդ գաղափարին չի աջակցում, ապա Եվրոպական խորհրդարանի ամբիոնից նման հայտարարություն չէր անի։

Կարդացեք նաև

«Եթե ես էդպիսի հայտարարություն անեի այն պայմաններում, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չի աջակցում այս գաղափարին, ես Հայաստանի վարչապետ չէի լինի առնվազն այդ հայտարարությունից հետո»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Եվրամիությանն անդամակցելու հարցով 100 օրվա ընթացքում հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ են հանդես եկել իշխանամերձ արտախորհրդարանական ուժերն ու հասարակական կազմակերպությունները։ Այդ պահանջին օրերս անդրադարձել էր նաև Ալեն Սիմոնյանը՝ նշելով․ «Կարծում եմ՝ ինչ-որ մի օր՝ մոտ ապագայում, ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե կունենանք»:

Եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը 168am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում վերջին շրջանում կա փոխըմբռնման լուրջ մակարդակ, կողմերը հասկանում են, թե որ ուղղությամբ են զարգանում հարաբերությունները, ինչ են ակնկալում միմյանցից, և ինչպիսին կարող է լինել հեռանկարը։

ԵՄ պաշտոնյաները, նրա խոսքով, ազնվորեն արձանագրում են, որ հարաբերությունները խորացել են, ընթանում է ակտիվ, բազմաոլորտ երկխոսություն, այդ թվում՝ անվտանգային ոլորտում, ԵՄ-ում ընկալում ու հասկանում են Հայաստանի եվրոպական ձգտումները։

«Սակայն ԵՄ-ն բարդ համակարգ է, որի անդամակցությունն իր հերթին՝ բարդ գործընթաց է, ինչը կարելի է տեսնել Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդավայի և մի շարք այլ օրինակներով։ Բազմիցս մենք արձանագրել ենք, որ ժամանակ առ ժամանակ ԵՄ-ն նաև դանդաղ է գործում, սակայն ԵՄ երկրների բոլոր քաղաքացիների կարծիքն այս կառույցում առանցքային է, ուստի հիմնական բարդությունները, ընթացակարգային երկարաձգումները կախված են լինում ԵՄ առանձին երկրների շահերից ու ԵՄ երկրների քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու անհրաժեշտությունից։

Մյուս գործոնը, որը սովորաբար երկարաձգում է ԵՄ մերձեցումը հավակնորդ երկրի հետ՝ բարեփոխումների քարքարոտ ճանապարհն է։ Չկա մի օրինակ, երբ այդ բարեփոխումներն արագ ու հեշտ են տեղի ունենում, դրանք ինչպես արժեհամակարգային, այլև տեխնիկական ու քաղաքական բարեփոխումներ են, ասոցացում ԵՄ-ի հետ, որից հետո ԵՄ անդամակցության հավակնություններ ունեցող երկիրը երկուստեք ստանում է թեկնածու երկրի կարգավիճակ, որի ընթացքում ևս շարունակվում է ասոցացումն ավելի խորը եղանակով։

Հայաստանն Արևելյան գործընկերության այն երկիրն է, որը չունի Ասոցոցման համաձայնագիր, սակայն ներկայումս ունի ցանկություն մերձենալու, և ԵՄ-ն դա ընդունում է, քաղաքական կամք դրսևորում, որի ցուցիչը ՀՀ կարիքները հասկանալն է և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելը, ինչի դրսևորումն է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը, ակտիվ երկխոսությունը տարբեր ոլորտներում, ինչպես նաև աջակցությունը հումանիտար օրակարգին։ Սա, կարելի է ասել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերջին շրջանի նոր օրակարգն է, որը դեռ ներդրման փուլում է։ Թե ԵՄ-ում աշխարհաքաղաքական այս բարդ փուլում ինչպես են պատկերացնում ՀՀ հետագա ընթացքը՝ բարդ է ասել։ Նկատի ունեմ այն, թե արդյոք հարկավո՞ր է Ասոցացման համաձայնագիր, թե՞ ՀՀ-ն կարող է միանգամից ստանալ ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։ Սրանք կարևոր հարցեր են»,- ասաց եվրոպացի վերլուծաբանը։

Կրկին նշելով Վրաստանի, Մոլդավայի և Ուկրաինայի օրինակները, փորձագետը հիշեցրեց, որ այս երկրները միայն վերջերս են ստացել թեկնածու երկրի կարգավիճակ, թեև Ասոցացման համաձայնագիրը ստորագրել են բավականին վաղուց։

«Ստանալով այդ կարգավիճակը՝ որևէ մեկը չի կարող ասել, թե երբ հնարավոր կլինի անդամակցությունը, որովհետև դա կախված է յուրաքանչյուր երկրի նախաձեռնած քայլերից, ինչպես նաև այդ հարցի շուրջ ԵՄ-ում կոնսենսուսից»,- նկատեց Սյուզան Ստյուարտը։

Ուստի, նրա կարծիքով, նույնիսկ առանց հավելյալ գործոնների, ինչպիսին ՀՀ-ի դեպքում ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամակցությունն է, ԵՄ անդամակցության գործընթացը երկարատև ու բարդ ճանապարհ է՝ կախված՝ ինչպես ԵՄ-ի բազմաթիվ ներքին խնդիրներից, տարաձայնություններից, այնպես էլ՝ հավակնորդ երկրների ներքին ու արտաքին քաղաքականությունից, բարեփոխումների հարցում քաղաքական կամքից։

«Հայաստանի դեպքում, ինչպես ասացի, հավելյալ խնդիր է ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունը, որի պարագայում, կարծում եմ՝ ՀՀ-ին թեկնածու երկրի կարգավիճակի շնորհումը բարդ հարց է։ Դա ժամանակի ու աշխարհաքաղաքական զարգացումների հարց է։ Սակայն ժամանակի հարց է նաև թեկնածության ստացումից հետո անդամակցության հարցը»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Ուստի ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեն, նրա խոսքով, պետք է նախաձեռնվի մի փուլում, երբ այդ հեռանկարը հստակ ու բանակցված է։

«Հայաստանը ներկայումս գտնվում է ԵՄ-ի հետ ակտիվ երկխոսության փուլում, սակայն դեռ թեկնածու չէ։ Ինչպես արդեն ասացի՝ կան բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք պայմանավորված են ԵՄ-ով, սակայն հանրաքվե անցկացնելը ՀՀ ներքին հարցն է, ներսում որոշելիք խնդիրն է, դա պետք է ՀՀ-ում որոշվի»,- ասաց նա։

Իր հերթին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀ-ում կարող են անցկացնել թե հանրաքվե, թե այլ միջոցառում՝ ապացուցելով ՀՀ նվիրվածությունը ԵՄ անդամակցությանը, սակայն ԵՄ-ում նույնիսկ Ուկրաինային չեն ընդունում։

«Տեսեք, թե Վրաստանին ինչպես են սպառնում այսքան բանակցություններից ու անդամակցության խոստումներից հետո։ Վրաստանին ցանկանում են զրկել այդ հեռանկարից կամ սառեցնել այն, մինչև Վրաստանը չկատարի ԵՄ պայմանները։ Նման բանն անպատկերացնելի է։ Հայաստանի դեպքում ընդհանրապես նույնիսկ անդամակցության հեռանկարի խոստումներ չկան, միայն Եվրախորհրդարանի ոչինչ չասող հռչակագիր։ Սակայն ԵՄ-ն, իհարկե, շատ ոգևորված է ՀՀ-ի հետ հարաբերություններով, քանի որ ՀՀ-ն կրճատել է Ռուսաստանի հետ հարաբերությունները և սկսել է վարել հակառուսական քաղաքականություն։

Վստահաբար Հայաստանին հասկացրել են, որ ԵՄ անդամակցության հեռանկարի մասին կարող են խոսել միայն Ռուսաստանի հետ համատեղ կառույցները լքելուց հետո»,- նկատեց Տարասովը։

Ուստի, նրա կարծիքով, հանրաքվեն արհեստական թեմա է, որը ոչինչ չի որոշելու իրականում։

Տեսանյութեր

Լրահոս