
Անհիշաչարության մասին

Ծերն ասաց.
«Ալեքսանդրոս անունով մի պատրիարք կար` սաստիկ ողորմած և ներողամիտ, քաղցրաբարո, բարերար և մարդասեր: Սա մի երիտասարդ դպիր ուներ, որ նրանից ոսկի գողացավ և վախենալով, թե կբացահայտվի` փախավգնաց Թեբայիդա:
Գնալիս հանդիպեց լեռան բարբարոս մարդկանց, և ինչ որ ուներ` տարան նրանից, իսկ իրեն գերի վերցրին ներքին անապատում: Երբ լսեց այս երանելի պատրիարքը, փնտրեց գերուն և գնեց նրան իննսուն դահեկանով:
Եվ երբ այնտեղ եկավ գերին, այնչափ ողորմություն և մարդասիրություն ցույց տվեց նրան, որ շատերն ասացին. «Ոչինչ այնքան շահավետ չէ, որքան այս պատրիարքի դեմ մեղանչելը»:
Այդչափ անմեղ ու անհիշաչար էր նա` Քրիստոսի շնորհով»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016