«Որտեղի՞ց պետք է տեղափոխեն խաչքարերը, գերեզմանոցի՞ց. Փաշինյանի հայտարարությունները հիմնավորում չունեն». Վաստակավոր ճարտարապետ

Նախորդ շաբաթ Սյունիք կատարած այցի շրջանակներում սյունեցի դպրոցականների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անդրադարձել է խաչքարերին, հեգնել է, թե ուր գնում են, ասում են՝ եկեք խաչքար դնենք։

«Ինչքան խաչքար դնենք, 1, 2, 10, 50, 100, եկեք ամենքի վզից էլ մի խաչքար կապենք, ասենք՝ քաշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է։ Մեծ խաչքարեր բան անենք, ոտքերից կապենք երեխաների, ասենք՝ դե քաշ տվեք, որովհետև դուք Վարդան Մամիկոնյանի սերունդն եք։ Մեր նահատակները զոհվել են, որ էս երեխեքի վզից խաչքարեր կախե՞նք, ոչ, զոհվել են, որ ազատ ապրեն, կյանքը վայելեն»,- իր պատկերացումները հիմնավորել է Նիկոլ Փաշինյանը։

Ժամանակ առ ժամանակ հայկական պատմամշակութային ժառանգությանը, այդ թվում՝ նաև խաչքարերի թեմային անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը շեշտում է, թե ամբողջ ՀՀ ճանապարհներին խաչքարեր են տեղադրված, և հայտարարում է, որ այդ հարցերը պետք է լուծել։

168.am-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն արձագանքելով Նիկոլ Փաշինյանի մեկնաբանություններին՝ ասաց, որ դրանք որևէ հիմնավորում չունեն, որովհետև եթե այս կամ այն վայրից պետք է խաչքարեր հանեն, պետք է դա հիմնավորում ունենա։

Կարդացեք նաև

«Եթե խոսում ենք մենք վտանգված խաչքարերից, դա հասկանալի է, օրինակ, Ջուղայի խաչքարերից՝ եթե ունեին հնարավորություն այն տեղափոխել Հայաստան, պետք է տեղափոխեին։ Կրկնում եմ՝ վտանգված խաչքարերի տեղափոխումը հասկանալի կլինի։

Մեր խաչքարերի մեծ մասը դրված է եկեղեցական համալիրների մեջ, եկեղեցիների շրջակայքում, որտեղի՞ց պետք է տեղափոխեն խաչքարերը՝ գերեզմանոցի՞ց։ Բոլորվին չի խանգարում, որ, օրինակ, ճանապարհի այս կամ այն հատվածում խաչքար է տեղադրված։ Չեմ կարծում, որ խաչքարերի տեղափոխման անհրաժեշտություն կա առանց հիմնավորման»,- նշեց Սաշուր Քալաշյանը։

Նրա խոսքով՝ եթե որևէ վայրում խաչքար է տեղադրվում, ապա այն ունի հստակ նպատակ՝ պատահական չեն որոշում ու խաչքարեր տեղադրում։

«Երբեմն լինում է, որ ինչ-որ վայրում դժբախտ դեպք է տեղի ունեցել, այդ վայրում տեղադրում են խաչքար, կամ ինչ-որ պատմական իրադարձություն է եղել, բոլոր դեպքերում տեղադրված խաչքարերն ինչ-որ հուշ են՝ տվյալ տարածքի կամ իրադարձության հետ կապված։ Եթե որևէ տարածքում թույլատրված ինչ-որ շինություն պետք է կառուցեն, ու խաչքարը խանգարում է, միայն այդ դեպքում այն կարող են տեղափոխել»,- հավելեց Սաշուր Քալաշյանը։

Ըստ մեր զրուցակցի, եթե խաչքարերի հետ կապված խնդիր կա, դա պետք է դառնա ԿԳՄՍ նախարարության քննարկելու թեման, քանի որ խաչքարերը հուշարձաններ են, կոթողներ։

«Աբսուրդ է, եթե պետք է որոշեն տեղադրված խաչքարերը տեղափոխել»,- եզրափակեց Սաշուր Քալաշյանը։

Ի դեպ, համացանցում բազմաթիվ տեղեկություններ կան խաչքարերի պատմության և նշանակության մասին: Խաչը՝ որպես խորհրդանիշ, մեզանում առաջացել է դեռևս 4-րդ դարից: Իսկ արդեն 11-րդ դարից հետո ձևավորվում է՝ որպես ներկայիս հայտնի խաչքար հասկացությունը՝ իր մեջ կրելով բոլոր երկրաչափական և բուսական տարրերը: Սկզբում դրանք ունեցել են շատ պարզունակ պատկերներ: 7-րդ դարից հետո ի հայտ են եկել թևավոր խաչքարերը, իսկ արդեն 11-րդ դարից հետո ձևավորվում է՝ որպես ներկայիս հայտնի խաչքար հասկացությունը: Խաչքար կանգնեցնելու շարժառիթները բազմաթիվ են: Կան խաչքարեր, որոնք կանգնեցվել են ինչ-որ հաղթանակների առիթով: Կան խաչքարեր, որոնք դրվել են ճանապարհների վրա: Կան նաև, այսպես կոչված, փրկիչ խաչքարեր: Այնպես որ, առանց խաչքարի նշանակությունն ու ստեղծման պատմությունն իմանալու, պետք չէ շտապել այդ հարցին լուծում տալ, այն էլ՝ չհիմնավորված:

Տեսանյութեր

Լրահոս