Ռուս փորձագետը գնահատել է Հայաստանի՝ Ֆրանսիայից գնվելիք զինատեսակների արդյունավետությունն ու առավելությունները

Ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային կայանների ձեռքբերումը նշանակում է, որ անհրաժեշտ է ստեղծել արկերի մատակարարման զուգահեռ համակարգեր՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայկական բանակում գերիշխող ռուսական տեխնիկայի համեմատ, ֆրանսիական տեխնիկան, ի տարբերություն ռուսականի (152 մմ), այլ տրամաչափեր (155 մմ) են: Դրա մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը։

Նրա գնահատմամբ՝ Ուկրաինայում ֆրանսիական CAESAR-ներն արդյունավետ են՝ շարժվելով ավելի արագ, քան թրթուրավոր անիվներով ինքնագնացները։

Հիշեցնենք, որ Երեւանն ու Փարիզը պայմանագիր են կնքել ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարման վերաբերյալ։

«Իհարկե, CAESAR-ի անցունակությունն ավելի ցածր է, քան նրա թրթուրավոր նմանակներինը, բայց այն արագորեն տեղակայվում է կրակ արձակելու համար և արագ հեռանում կրակային դիրքերից: Նրա կրակային հեռահարությունը շատ ավելի բարձր է (մինչև 42 կմ-խմբ.), քան խորհրդային կրակային համակարգերինը (մոտ 20 կմ)։

Ֆրանսիական տեխնիկան ունի GPS թիրախավորում, որից հայկական բանակն առհասարակյ զուրկ էր։ Ֆրանսիական համակարգը հնարավոություն է ընձեռում կրակել բարձր ճշգրտությամբ, ներառյալ՝ սովորական, շատ էժան արկերով»,- հավելել է Ֆելգենգաուերը։ Նա նշել է, որ տեխնոլոգիան յուրացնելու տեսակետից առանձնակի դժվարություններ չեն լինի, թեև հրետանավորների պատրաստման համակարգը տվյալ դեպքում կտարբերվի։

Միաժամանակ փորձագետը պարզաբանել է, որ Ֆրանսիայից ժամանած մասնագետները դեռևս պետք է տեխնիկական աջակցություն ցուցաբերեն։

«Ռուսաստանում փորձում են նույն հրետանին ստեղծել, բայց փորձերից այն կողմ գործն առաջ չի գնացել։ Ռուսաստանում միայն անիվների վրա քարշակային սպառազինություն կա, իսկ անվավոր ինքնագնաց համակարգեր դեռ չկան։ Ուստի սովետական/ռուսական համակարգերը ֆրանսիական CAESAR -ի անմիջական նմանօրինակը չունեն»,- եզրափակել է ռուս փորձագետը։

Նշենք, որ CAESAR ինքնագնաց հրետանային միավորի արժեքը մոտավորապես 3-5 միլիոն դոլար է։

Տեսանյութեր

Լրահոս