Քաղաքականության վնասները
Քաղաքականություն բառը, ըստ Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանի», նշանակում է՝ 1. պետության գործերը կառավարելու որոշակի ուղղություն, 2. երկրի որևէ վարչության՝ կուսակցության կամ կազմակերպության բռնած ուղղությունը, 3. մի պետության հարաբերության եղանակը այլ պետությունների հետ, 4. մի անհատի այս կամ այն կերպ վարվելու եղանակը իր նախադրյալ նպատակին հասնելու համար, 5. ճարտարություն, խորամանկություն որևէ գործի մեջ:
Քաղաքականությունը ներկա է աշխարհի շատ երկրների ժողովուրդների կյանքում, սակայն քաղաքականության թողած դրական և ժխտական ազդեցությունները մարդկանց վրա հավասար չեն: Կան մարդիկ, որոնք քաղաքագետ չեն, բայց քաղաքականության կողմից գերեվարված են՝ նրանց գլխավոր հետաքրքրությունը քաղաքականությունն է, նյարդերը գերզգայուն են, հոգեկան աշխարհը՝ ալեկոծված, տրամադրությունը՝ անկայուն: Այդ բոլորի վրա ավելացնում են ֆիզիկական առողջության վատթարացումը, ժամավաճառությունը, ականի նման լարված ու գերզգայուն վիճակը, ծրագրելու և կատարելագործվելու ունակության անկումը, սխալ դաստիարարակությունը և այլն:
Այս հոդվածի նպատակն է քննարկել քաղաքականությունը ժամանակային, առողջապահական, դաստիարակչական, հոգևոր մոտեցումներով: Ներկայացնել քաղաքականության վնասները մարդու մտքի, սրտի, մարմնի և հոգու վրա, որպեսզի լավ իմանանք, որ ոչ թե քաղաքականությունը պիտի ուղղի մեր կյանքը, այլ մենք չափ ու սահման պետք է դնենք քաղաքականությանը և դրա ոտնձգություններին:
Քաղաքականությունը ժամանակային մոտեցումով: Ժամանակը արժեքավոր է, որովհետև մեր կյանքը բաղկացած է ժամանակի մասնիկներից՝ վայրկյաններից, րոպեներից, ժամերից, օրերից, շաբաթներից, ամիսներից և տարիներից: Ինչքա՜ն մարդիկ կան, որ ուզում են վատնել իրենց ժամանակը անիմաստ բաների վրա, մինչդեռ ուրիշների համար մեկ րոպեն իսկ արժեք ունի:
Այո, ապրում ենք 21-րդ դարում, երբ յուրաքանչյուր րոպե քաղաքական նոր իրադարձություն է կատարվում աշխարհի չորս ծագերում, և անհրաժեշտ է հնարավորինս տեղյակ լինենլ դրանց մասին: Սակայն չափից դուրս քաղաքական լուրեր ունկնդրելը ժամավաճառություն է: Ցավալի է, երբ որոշ քրիստոնյաներ օրը մի քանի ժամ տրամադրում են քաղաքական լուրերին, մինչդեռ մի րոպե անգամ չեն տրամադրում Քրիստոսին, որ իրենց համար մարմնացավ, չարչարվեց, խաչվեց, մեռավ, հարություն առավ, որպեսզի իրենց առջև բացի Երկինք գնացող ճանապարհը: Քաղաքականությունը այնքան ուժեղ է, որ կարող է որոշ մարդկանց կյանքի ժամանակը սպառել և նրանց հեռացնել Աստծուց:
Քաղաքականությունը առողջապահական մոտեցումով: Օրական չափից դուրս քաղաքական լուրեր ունկնդրելն ունի իր մեծ բացասական ազդեցությունը մարդու վրա: Այս դեպքում քաղաքականությունը դառնում է մեր մտքի գլխավոր թեման, հոշոտում է մեր աստվածապարգև միտքը՝ դարձնելով այն իրեն գերի: Ինչքա՜ն մարդիկ, որոնց հանճարեղ միտքը, որ կարող էր բարիքներ գործել իրենց անմիջական միջավայրում և համայն մարդկության համար, դարձան քաղաքականության զոհը: Նրանց մտային կարողությունն ու առողջությունը տկարացավ և վատթարացավ քաղաքականության պատճառով:
2022-ի հունվարի 14-ին National Center for Biotechnology-ն իր կայքէջում զետեղեց «Քաղաքականությունը մեզ հիվանդացնում է» խորագրով հոդված: Իսկ 2023-ի հունվարի 13-ին Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան (American psycological association) իր կայէջում հրապարակեց «Քաղաքականությունը ներթափանցում է առօրյա կյանք՝ բացասաբար ազդելով հոգեկան առողջության վրա» խորագրով հոդված:
Քաղաքականությունը դաստիարակչական մոտեցումով: Մանուկների իրավունքներն են ոչ միայն լավ սնվելն ու կրթվելը, այլ նաև լավ դաստիարակությունն ու առողջ միջավայրը: Մանուկների աչքի առջև ամեն գիշեր ժամերով լուրերին հետևելը ծնողների կողմից սխալ դաստիարակություն է, որովհետև մանուկները պետք է ապրեն իրենց անմեղ մանկական աշխարհում՝ հեռու մնալով քաղաքականության գլխացավ առաջացնող քաշքշուկներից: Ողբերգական է, երբ որոշ մանուկների ներաշխարհի մեջ քաղաքականությունը ներթափանցել է, գոյություն ունի որպես մորֆին:
Քաղաքականությունը հոգևոր մոտեցումով: Բազում է այն մարդկանց թիվը, որոնք օրվա կտրվածքով ժամեր են հատկացնում քաղաքական լուրերին, սակայն ոչ մի րոպե չեն տրամադրում Աստծուն:
Բնականից դուրս քաղաքական լուրեր ունկնդրելը աղետալի վիճակ է առաջ բերում աստվածասեր անձի հոգևոր կյանքում: Քաղաքականությունը կարող է չորացնել, արմատախիլ անել բարեպաշտ անձի հոգևոր կյանքի ծաղկած ծառը, ոչնչացնել եկեղեցասեր անձի աղոթքները, Աստվածաշնչի ընթերցանությունները, եկեղեցի հաճախելը, խոստովանությունները, հաղորդությունները, հոգևոր գրականության ընթերցումը և այլն:
Ինչպե՞ս ժամանակի մեջ Աստծուն ժամանակ չհատկացնող մարդը պիտի ժառանգի անժամանակ, հավիտենական Երկնքի արքայությունը և հավիտյան վայելի Աստծո անբացատրելի ներկայությունը: Ինչպե՞ս քաղաքականությամբ տարված քրիստոնյա քաղաքացին պիտի փրկի իր հոգին, երբ Քրիստոս դեր ու տեղ չի ունեցել նրա երկրավոր կյանքում: Երկինքը անաստվածների, Աստծուց հեռու կյանք ապրող մարդկանց հոգիների վայր չէ: «Հիշի՛ր քեզ Ստեղծողին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել չարության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կյանքից այլևս հաճույք չեմ զգում» (Ժող. 12:1):
Կարդում ենք Պողոս առաքյալի՝ գաղատացիներին ուղված նամակի մեջ, թե Սուրբ Հոգու պտուղները որոնք են. «Իսկ Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, բարյացակամություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն» (Գաղ. 5:22-23): Քաղաքականությունը կարող է մի երկրի, մի ժողովրդի զավակների մեջ ոչ թե Սուրբ Հոգու պտուղների սերմերը չցանել, այլ ավելի վատ գործեր անել՝ ցանել որոմներ՝ սիրո փոխարեն ցանել ատելություն, ուրախության փոխարեն՝ տխրություն, խաղաղության փոխարեն՝ ներքին պատերազմ, համբերատարության փոխարեն՝ անհանդուրժողականություն, բարյացակամության փոխարեն՝ զայրույթ, բարության փոխարեն՝ չարություն, հավատի փոխարեն՝ կասկածամտություն, հեզության փոխարեն՝ գոռոզություն, ժուժկալության փոխարեն՝ թուլություն:
Ինչ են ասել քաղաքական գործիչներն ու մտավորականները քաղաքականության մասին․
- Քաղաքականությունը խաբեության արվեստ է, այն դաշտ է գտնում թույլ մտքերում (Վոլտեր):
- Քանի որ քաղաքական մարդը չի հավատում նրան, ինչ որ ասում է, նա հաճախ զարմանում է, թե ինչպես են մարդիկ հավատում իրեն (Դե Գոլ):
- Քաղաքական գործիչը մտածում է գալիք ընտրությունների մասին, իսկ հայրենասերը՝ հաջորդ սերնդի մասին (Նապոլեոն):
- Ազգերի ձեռք բերած յուրաքանչյուր հաղթանակի հետևում կանգնած է քաղաքական հասունությունը (Ջեֆերսոն):
- Քո հմտությունը քաղաքականության մեջ քո կարողությունն է կանխատեսելու, թե ինչ կլինի վաղը (Չերչիլ):
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր