Ի՞նչ է ամիսներ առաջ քննարկվել կառավարությունում ու գլխավոր դատախազությունում, ինչո՞ւ հիմա կալանավորվեցին Արցախի քաղաքապետերը

Օրեր առաջ 168.amանդրադարձել էր Արցախի Հանրապետության նախկին քաղաքապետերի նկատմամբ իշխանությունների սանձազերծած աննախադեպ որսին:

Վերջիններիս Նիկոլ Փաշինյանը հիմնականում «մեղադրում է» խարդախության եղանակով գույք հափշտակելու մեջ: Այդպիսի մեղադրանքներ են ներկայացված Ասկերանի, Մարտակերտի, Ստեփանակերտի քաղաքապետերին:

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (հիմա սակայն մեկ այլ մեղադրանք էլ են կարծես թե ուզում կարել նրա վրա՝ ցույցերին արցախցիների ներգրավման նյութական շահագրգռության մասին։- Գ.Ս.), Մարտակերտի քաղաքապետ 65-ամյա Միշա Գյուրջյանը կալանավորվեց հայտնի նիկոլական թմբկահար Դավիթ Արղամանյանի կողմից, իսկ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ձերբակալվեց մայիսի 25-ին, ապա նույնպես կալանավորվեց:

Խնդիրն այն ավտոմեքենաներն են, որոնցով քաղաքապետերն Արցախի բռնի տեղահանության օրերին հասել են Հայաստան: Ասկերանի քաղաքապետը, օրինակ, բացի իր ընտանիքից, ևս 3 ընտանիք էր իր հետ բերել: Այդ մեքենաներն Արցախի Հանրապետության համապատասխան քաղաքների քաղաքապետարանների հաշվեկշիռներում գրանցված մեքենաներ են, ու հիմա Հայաստանի իշխանությունը քաղաքապետերին մեղադրում է ապօրինի կերպով այդ ավտոմեքենաներն օտարելու մեջ: Կարճ ասած՝ ասում է՝ ինչո՞ւ եք մեքենաները բերել, թողնեիք Ադրբեջանին, ինչպես մենք թողեցինք ամբողջ Արցախը:

Կարդացեք նաև

Զավեշտ է և աղետ, երբ Արցախի նկատմամբ որևէ իրավազորություն չունեցող Հայաստանն Արցախի պաշտոնյաների նկատմամբ Արցախի Հանրապետության պետության կողմից տնօրինման հանձնված գույքի վերաբերյալ Հայաստանում քրեական վարույթ է հարուցում ու մարդկանց կալանավորում: Ցանկացած պատեհ-անպատեհ առիթով Փաշինյանի կառավարությունն ասում է, որ որևէ իրավազորություն չունի Արցախի նկատմամբ, որ Արցախն Ադրբեջան է, ու վերջ, ու հիմա հանկարծ, երբ երկրում տեղի են ունենում ընդդիմադիր հուզումներ, հանրահավաքներ ու բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ընդդեմ Տավուշի տարածքների հանձնման, հիշեցին, որ Արցախի գույքի նկատմամբ պահանջներ ունեն:

168.am-ի տեղեկություններով, սակայն, արցախցիների բերած գույքի, այն է՝ մասնավորապես ավտոմեքենաների հետագա ճակատագրի հարցը շատ ավելի վաղ՝ ամիսներ առաջ, քննության առարկա է դարձել կառավարությունում, այդ թվում՝ նաև Գլխավոր դատախազությունում:

Իրավասու պետական մարմինները քաջ գիտակցել են, որ այդ գույքերի հետագա տնօրինման համար որևէ իրավական կարգավորում պետք է լինի, որ այդ մարդիկ առանց պետական մարմինների որոշումների՝ ոչինչ չեն կարող անել իրենց՝ Արցախի Հանրապետության կառավարության կողմից վստահված գույքերը օրինականացնելու համար:

Գիտակցել են, փաստորեն, անգամ քննարկել, սակայն որոշում չեն կայացրել՝ այդ սպառնալիքն արցախցի պաշտոնյաների գլխին պատեհ պահին կախելու համար: Իսկ այն, որ պատեհ պահը չի ուշանալու, իրենք թերևս ամենալավը գիտեն՝ հաշվի առնելով այն կործանարար ներքին ու արտաքին քաղաքականությունը, որ վարում են այս իշխանությունները:

Եվ ճիշտ պահին, երբ Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը թափ հավաքեց, ու դրան բնականորեն սկսեցին մասնակցել նաև արցախցիները, իշխանությունն՝ իր դատախազությամբ ու նախաքննական մարմիններով, հանկարծ հիշեց այդ գույքերի մասին և կեղտոտ, ռեպրեսիվ մեթոդներով իրենց իսկ մեղքով տնից-տեղից զրկված մարդկանց զրկեց ազատությունից՝ արցախցիներին զրկելով կազմակերպչական ներուժից:

Ի դեպ, երեկ էլ փնթի կերպով, առանց դատարանի որոշման՝ քննիչները գնացել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչություն, որ առգրավեն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող, թիկնազորի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենան, որի սեփականատերն Արցախի Հանրապետությունն է:

Սա է այս իշխանության ու նրա իրավապահ համակարգի դեմքը. այս մարդիկ զուրկ են տարրական բարոյական կարմիր գծից:

Տեսանյութեր

Լրահոս