Ի՞նչ է հայտարարագրել Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը
Թավշյա իշխանությունների օրոք կադրային ճկուն ցատկ կատարած հաջորդ դեսպանը Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանն է:
168.am-ն այս հրապարակմամբ անդրադարձել է դեսպան Հարությունյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրին:
Ըստ այդմ՝ 2023 թվականին դեսպանն իբրև նվիրատվություն է ստացել Երևանի Կենտրոնում գտնվող բնակարան, որը տնօրինում է միանձնյա սեփականության իրավունքով: Դեսպանը հայտարարագրել է մեկ շարժական գույք՝ Սուզուկի մակնիշի մեքենա, որը գնել է 2018 թվականին:
Դրամական միջոցները
Դեսպանի բանկային հաշվի մնացորդները տարեսկզբին կազմել են 50,000 ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին՝ 64.700 դոլար:
Հաշվետու տարվա եկամուտը՝ 64,754 դոլարը, գոյացել է արտաքին գերատեսչությունից ստացված աշխատավարձից:
Հավելենք, որ Անահիտ Հարությունյանը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք նշանակված մի շարք դեսպանների, կադրային դիվանագետ է: Նա մի քանի առիթներ ունեցել է իր հավատարմությունը հայտնելու թավշյա իշխանություններին. Նման մի դրվագ էր 2023 թվականին Կանադայում «Հայաստան» հիմնադրամի ճաշկերույթ-դրամահավաքի ընթացքում տեղի ունեցած միջադեպը, երբ Հայ Կենտրոն իր մուտքն արգելող երիտասարդ ՀՅԴ-ականներին դեսպանը նախ հորդորել էր գնալ Հայաստան, համալրել մեր հայկական բանակի շարքերը, ապա շեշտել, թե՝ ՀՀ-ն ընտրել է այս իշխանությանը:
«Ցավում եմ, որ այս մասին խոսում եմ, բայց եթե այդքան ուժ ու եռանդ ունեք, միայն ուրախ կլինենք, որ դառնաք ՀՀ քաղաքացիներ, համալրեք մեր հայկական բանակի շարքերը, պաշտպանեք մեր հողերը: Դուք Հայաստանի Հանրապետությունից եք փախչում: Այնքան հեշտ է լինել Կանադայում և թույլ չտալ, որ ՀՀ դեսպանը ներս մտնի:
Գնացեք Հայաստան, դարձեք մեր մի մասնիկը, և թող լինի օրինական ընտրված իշխանություն:
ՀՀ-ն ընտրել է այս իշխանությանը, և սիրո՞ւմ եք իշխանությանը, թե՞ չեք սիրում, չի կարող Կանադայի քաղաքացին ինչ-որ դժգոհություն ունենա: Ինչպես դուք կարող եք բան պահանջել՝ չլինելով էդ երկրի մի մասնիկը»,- ասել էր դեսպանը՝ իշխանության այն համակիրների ու ներկայացուցիչների ոճով, որոնք իրենց քննադատողներին ցույց են տալիս ՀՀ սահմանների տեղը՝ չհասկանալով, որ սահման պահելն ամենևին էլ պատժի ձև չէ: