ՄԱԿ-ում հայտարարել են, որ շրջակա միջավայրում մոտ 0,5 միլիարդ տոննա պլաստիկ է կուտակվել
Անցյալ դարի կեսերից ի վեր արտադրված կես միլիարդ տոննա պլաստիկի մեծ մասը կուտակվել է շրջակա միջավայրում, անհրաժեշտ են դրա դեմ պայքարի գործողություններ: Այդ մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում (ՊՄՏՀ) հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի ներկայացուցչության ղեկավար Վլադիմիր Մոշկալոն։
«50-ական թվականների սկզբից աշխարհում արտադրվել է մոտ կես միլիարդ տոննա պլաստիկ: Եվ, ցավոք, այս պահին այդ պլաստիկի 9 0%-ը մնացել է շրջակա միջավայրում: Չնայած այն հանգամանքին, որ որոշ առաջատար երկրներ հայտարարում են, թե պլաստիկի զգալի մասը վերամշակվում է, սակայն աշխարհում վերամշակվում է պլաստիկի 10 %-ից ոչ ավելին», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Մոշկալոյի խոսքով՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հովանու ներքո մասնակից երկրները մշակում են պլաստիկից աղտոտվածության դեմ, այդ թվում՝ Համաշխարհային օվկիանոսի աղտոտվածության դեմ պայքարի կոնվենցիա:
«Կոնվենցիան ուղղված է հիմնականում մեկանգամյա օգտագործման պլաստիկի դեմ պայքարին, որպեսզի մեկընդմիշտ վերականգնվի կարգուկանոնը, որպեսզի չաղտոտվի Համաշխարհային օվկիանոսը, չաղտոտվի մարդու օրգանիզմը, չխոսելով արդեն բնության և կենդանիների մասին, որպեսզի մենք մաքրենք մեր մոլորակը և փորձենք հասնել կայուն զարգացման և բնության ներդաշնակության», – ընդգծել է Վլադիմիր Մոշկալոն։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 5-ից 8-ը։ Այս տարի համաժողովի թեման է. «Բազմաբևեռ աշխարհի հիմքը. աճի նոր կետերի ձևավորումը»։ Նախատեսվում են Փոքր և միջին ձեռնարկատիրությունների, ստեղծարար բիզնեսների հանդիպումներ, ՊՄՏՀ-ի երիտասարդության օրը, ինչպես նաև «Դեղորայքային անվտանգություն», «ՊՄՏՀ-ի ակադեմիա» և «ՊՄՏՀ յունիոր» համաժողովները: