Արմեն Գրիգորյանը հայտնվել է ծիծաղելի իրավիճակում. հրահանգվել է՝ հանգիստ նստե՛ք տեղներդ. Աբովյան
Հունիսի 15-ին աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցեց «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին:
Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով ընդունվեց հռչակագիր, որին, սակայն, Հայաստանը չմիացավ. Հայաստանը ներկայացնող Արմեն Գրիգորյանը նաև ելույթ չունեցավ այդ համաժողովի ժամանակ՝ բավարարվելով միայն մի քանի լուսանկարով, որոնցից մեկը` Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում վերլուծաբան Արման Աբովյանը, խոսելով այս համաժողովի և դրան Հայաստանի մասնակցության մասին, շեշտեց, որ իր համոզմամբ՝ նախատեսված է եղել նաև Արմեն Գրիգորյանի ելույթը, ինչը, սակայն, չեղարկվել է՝ ստացված հրահանգով պայմանավորված։
«Այս իշխանությունը եղել է, կա և գտնվում է արևմտյան նախագծերի կատարածուի դերում։ Շվեյցարիայում տեղի ունեցածը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությանը նախ հրահանգվել է գնալ այդ համաժողովին, գնացել են, ավելին, Գրիգորյան Արմենը նաև ելույթ պետք է ունենար և պետք է ստորագրեր այդ հռչակագիրը, բայց իրենց տերերը՝ Արևմուտքը, որը ցանկություն չունի դառնալ Հայաստանի անվտանգության երաշխավոր, ասել է՝ մի՛ շտապեք։ Արմեն Գրիգորյանը հայտնվել է շատ ծիծաղելի իրավիճակում. վերջին պահին հրահանգվել է՝ հանգիստ նստե՛ք տեղներդ»,- ասաց Աբովյանը։
Վերլուծաբանի դիտարկմամբ՝ Արևմուտքն Ուկրաինայի հարցով պատրաստ է գնալ մինչև վերջ, ասել է թե՝ մինչև այդ պետության ավարտը, իսկ նպատակին հասնելու համար Հայաստանի այս իշխանության միջոցով ստանում է իր շահի սպասարկման համար ամեն բան, որովհետև ՀՀ իշխանությունը համաձայնել է դառնալ կատարածու՝ առանց որևէ բան ստանալու։
Հարցին՝ ի՞նչ ստանալու դիմաց է իշխանությունը համաձայնել դառնալ կատարածու, Աբովյանը պատասխանեց.
«Իսկ կա՞ այս իշխանության կողմից իրականացված քայլ, որի արդյունքում Հայաստանն ինչ-որ բան ստացել է։ Օրինակ, այս օրերին Հայաստանում ԱՄՆ պաշտոնյաներ են գտնվում, բայց այդ պետության շահերի շրջանակը շատ պարզ ասել է ԱՄՆ փոխպետքարտուղար Օ՛Բրայենը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ի նպատակը Ռուսաստանի դուրսբերումն է տարածաշրջանից, Իրանի թուլացումը և Թուրքիայի և Ադրբեջանի համար այլընտրանքային ճանապարհի կառուցումը։ Դա այդ տխրահռչակ «Զանգեզուրի միջանցք» ասվածն է, և, թեև Օ՛բրայենն ասում է, թե դա միջանցք չի լինելու, լինելու է հաղորդուղի, դա նման է նրան, որ մեկին ծեծեն և ջարդեն, ծեծողն ասի՝ չեմ ծեծել, մարմնական վնասվածք եմ պատճառել։ Կրկնում եմ, սրանք տալու են այդ միջանցքը, իսկ հետո պատմեն, թե «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է ճանապարհ, և Ադրբեջանի հետ որոշել են, որ ճանապարհի հսկողությունը փոխանցում են 3-րդ երկրի որևէ կազմակերպության»,- ասաց Աբովյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.