Հայտարարել է, որ արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն, միևնույն ժամանակ, մեր կենսաթոշակային կուտակային ֆոնդերի գումարները փոխանցում է ՀՀ ֆոնդերին․ Արմինե Ավագիմյան. «Ապառաժ»

Ապառաժ. Կենսաթոշակների կուտակային բաղադրիչն Արցախում ներդրվել է 2019 թվականից։ Մինչև 2023 թվականի Արցախից բռնի տեղահանումը այդ համակարգում արցախցի մոտ 34500 շահառուների կողմից ներդրումներ են կատարվել, որոնք կազմել են մոտ 17 մլրդ դրամ։

Այսօր արցախցիների մեծ մասը պահանջում է հետ ստանալ իր գումարները, շատ քիչ մասն է ցանկանում համակարգի շահառու մնալ, դա այն փոքր խումբն է, որոնք աշխատում են ՀՀ-ում։

Վերոնշյալ խնդրի շուրջ «Ապառաժ-ը» զրուցել է «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Արմինե Ավագիմյանի հետ, ում բազմաթիվ արցախցիներ են դիմում այս հարցի առնչությամբ։

-Բազմաթիվ նամակներ, բողոքներ ենք ստանում, մարդիկ մտահոգված են և պահանջում են հետ ստանալ կենսաթոշակային հիմնադրամ փոխանցված իրենց գումարները։

Խնդիրը նրանում է, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել այդ գումարները փոխանցել ՀՀ կենսաթոշակային կուտակային ֆոնդերին՝ առանց արցախցիների կարծիքը հաշվի առնելու։ ՀՀ կառավարությունը անընդհատ երկակի ստանդարտներով է առաջնորդվում։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում հայտարարել է, որ արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն, միևնույն ժամանակ, դեմ գնալով իր պնդմանը, մեր կենսաթոշակային կուտակային ֆոնդերի գումարները հրաժարվում է հետ վերադաձնելուց և փոխանցում է ՀՀ ֆոնդերին։ Տեղեկացնեմ, որ ի տարբերություն ՀՀ գործող օրենսդրության, որով նախատեսված է շահառուների գումարների վերադարձման դեպքերը, մասնավորապես շահառուի մահը կամ ծանր հիվանդությունը, ԱՀ կառավարության նախաձեռնությամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն է կատարվել այդ հարցի շուրջ, և ավելացվել է նաև ֆորսմաժորային իրավիճակում գումարների հետվերադարձը, սակայն ՀՀ կառավարությունը անտեսել է նշված փոփոխության առկայությունը։

Նշեմ, որ խնդրի առնչության շուրջ փետրվարի սկզբին դիմել ենք ՀՀ Կենտրոնական բանկ, Կենտրոնական դեպոզիտարիատ, ինչպես նաև ԱՀ իշխանություններին։ Ներկայացրել ենք մեր հարցադրումները նշված գումարների հետագա ճակատագրի վերաբերյալ։ Միաժամանակ հարցում ենք արել ճշտելու այն տեղեկատվությունը, որ 2023 թվականի ապրիլից Արցախի աշխատողներից գանձված 4 մլրդ դրամ գումարը չի փոխանցվել ֆոնդերին: Կարծում եմ՝ նշված փաստի առթիվ հետաքննություն կատարելու անհրաժեշտություն կա։ Ո՞ւր են գնացել այդ գումարները։ Սովորական աշխատող արցախցին պե՞տք է իմանա, թե ում կողմից են տնօրինվել իրենց գումարները։

Տեսանյութեր

Լրահոս