Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունները չեն կարող խնդիր լինել երկարատև խաղաղության հաստատման համար. Միրզոյան

Մեծ հաշվով Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունները չեն կարող խնդիր լինել իրավական առումով՝ երկարատև խաղաղության հաստատման համար: Այսօր Ազգային ժողովի հանձնաժողովներում 2023-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգի մաս ո՛չ մեր, ո՛չ իրենց Սահմանադրության փոփոխության հարցը չի կազմում», – պնդեց արտգործնախարարը:

Նա վստահեցրեց, որ Սահմանադրության փոփոխության հարցը Հայաստանի ներքին որոշման հարց է:

Հակադարձելով ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանի դիտարկմանը, թե Հայաստանը բյուջեով ծախսեր է նախատեսում Ադրբեջանի պահանջները կատարելու կամար, Միրզոյանն ասաց, թե պատգամավորը մոլորության մեջ է:

Հիշեցնենք, որ նոր Սահմանադրություն ունենալու մասին վարչապետ Փաշինյանը խոսեց հունվարի 19-ին՝ պնդելով՝ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։

«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում», – հայտարարեց գործադիրի ղեկավարը։

Այս հայտարարությունից մոտ տասն օր անց Բաքուն պնդեց՝ խաղաղության համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից հայկական կողմին կոչ է արել «վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում և որոշումներում»:

Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։ Ընդդիմությունը համոզված է, որ Բաքուն Երևանից պահանջում է Հայաստանի մայր օրենքից հանել հենց այդ դրույթը։

Տեսանյութեր

Լրահոս