Եթե Խոջալուի մասին Ալիևի հայտարարությանը ՀՀ իշխանության կողմից հակադարձում չեղավ, կնշանակի՝ Ալիևն իր ձեռնարկումներն արդեն ավարտին է հասցնում. Նունե Սարումյան

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ նկատի ունենալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ Նա այս մասին հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետություն այցելելու ժամանակ՝ ասելով, որ «Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը և ներողություն խնդրի»։

Ադրբեջանի ղեկավարը որևէ խոսք չի ասում Սումգայիթի, Բաքվի հայության ջարդերի մասին, որոնք Ադրբեջանում կազմակերպվել էին պետական մակարդակով, չի խոսում նաև 2020-2023 թվականների Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիների կատարած ռազմական հանցագործություններից, որոնց զոհ են գնացել նաև մեծ թվով երեխաներ։ Չի խոսում նաև, թե ինչպես 9 ամսից ավելի տոտալ շրջափակման մեջ պահեց Արցախի խաղաղ բնակչությանը, որի ժամանակ գրանցվեցին սոմահության դեպքեր, երեխաների մահ։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Նունե Սարումյանը, խոսելով Ադրբեջանի այս պահանջի մասին, ասաց՝ իրականում Իվանյանում տեղի ունեցած դեպքերի հեղինակը հենց ադրբեջանցիներն են։

«Կան փաստեր ու կան թուրք գործիչներ, որոնք ամեն ինչ ներկայացրել են։ Ադրբեջանցի այն գործիչները, որոնց ցույց են տվել փաստերով, որ տեղի ունեցածի հեղինակը հենց ադրբեջանցիներն են, և նրանք են փակել ադրբեջանցիների՝ Իվանյանից դուրս գալու ճանապարհը, նրանց մեծ մասին ուղղակի Ադրբեջանում ոչնչացրեցին։ Հայ զինվորները բացել են ճանապարհը, որպեսզի ադրբեջանցի բնակիչները՝թուրք մսխեթցիները, դուրս գան Իվանյանից, փոխարենը նրանց ճանապարհը փակել են ադրբեջանցիները։ Այդպիսով՝ ցանկանում էին ցույց տալ, թե իբրև իրենց ռազմական գործողությունները հաջողության ընթացքում են եղել, ուղղակի «հայերը ջարդեր են կազմակերպել»»,- շեշտեց Նունե Սարումյանը։

Կարդացեք նաև

Նա ընդգծեց՝ ՀՀ իշխանությունը չի կարող՝ ինչպես Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, այնպես էլ՝ «Խոջալուի դեպքերը» ճանաչի ցեղասպանություն, նման իրավասություն չունի։ Սակայն Արցախի Ազգային ժողովը պետք է արձագանքի ու հակադարձի Ալիևի հայտարարությանը:

«Հիմա Արցախի ԱԺ-ն պարտավոր է հայտարարություն տարածել ու ժխտել այդ ամենը։ Հավանաբար Ադրբեջանի պահանջներից մեկը, որը պետք է կատարի ՀՀ իշխանությունը, «Խոջալուի դեպքերի ճանաչումն է»։ Եթե հայկական կողմից, մասնավորապես՝ ՀՀ իշխանության կողմից Ալիևի հայտարարությանը հակադարձում չեղավ, կնշանակի, որ Ալիևն իր ձեռնարկումներն արդեն ավարտին է հասցնում։ Սա շատ սարսափելի բան կլինի»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նունե Սարումյանը հիշեցրեց՝ Արցախում Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող գործողություններն իսկական ցեղասպանություն է եղել, Ադրբեջանն այդ հանցագործությունների մասին պետք է խոսի։ Իսկ խոսելու համար, Նունե Սարումյանի կարծիքով՝ Ադրբեջանին պետք է ստիպեն, և դա պետք է անի ՀՀ իշխանությունը, ինչը օրվա իշխանության դեպքում անհավատալի է։

«Եթե ՀՀ իշխանությունները գնում ու եվրոպական կառույցներում մերժում են Հայոց ցեղասպանությունը, բնականաբար, ըստ այդմ էլ Ադրբեջանի իրականացրած ռազմական բոլոր հանցագործությունները մնում են ստվերում ու մատնվում անուշադրության։

Այսօր իշխանությունը փորձում է Արցախն ուղարկել «պատմության գիրկը», տպավորություն ստեղծել, որ Արցախ չի եղել, արցախահայեր գոյություն չեն ունեցել։ Ադրբեջանը 9 ամիս Արցախը ենթարկել է բլոկադայի, երեխաներ էին մահանում, սա ցեղասպանություն չէ՞»,- եզրափակեց Նունե Սարումյանը։

Տեսանյութեր

Լրահոս