«Իշխանությանը հետաքրքիր չէ, թե ինչ խնդիր կունենա ԶՈՒ-ն, մեկ խնդիր ունեն՝ երկար պահել իշխանությունը». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարարը, նշում էին, որ նույնիսկ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը դեռևս ամբողջական խաղաղություն չի ապահովում։

«Սրա մասին տարբեր ժամանակներում հայտարարել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե այնպես չէ, որ դրանով բոլոր խնդիրները լուծվում են, ռիսկերը չեզոքանում։ Եթե նույնիսկ խաղաղություն էլ հաստատվի, բնականաբար, պետք է իրականացվի սահմանի պաշտպանություն, նույնիսկ պայմանական եմ ասում՝ սահմանապահ զորքերի միջոցով։

Երկրորդ հանգամանքը՝ Ադրբեջանի նախագահը 15 օր առաջ օկուպացված Քարվաճառի շրջան կատարած այցի ընթացքում խոսում էր այն մասին, որ որևէ երաշխիք չկա խաղաղության։ Ասում էր՝ սպառազինությունն անընդհատ արդիականացնելու են, ծավալները մեծացնելու են։

Նաև խոսում էր այն մասին, որ այս տարիների ընթացքում մեծ գումարներ է ներդրել զինված ուժերի բարեփոխման համար՝ զենք-զինամթերքն արդիականացնելու մասով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց նա՝ խոսելով ՊՆ-ի կողմից շրջանառության մեջ դրված նոր նախագծից, ըստ որի՝ առաջարկվում է 6 ամսով կրճատել ժամկետային զինծառայությունը։

Կարդացեք նաև

Ըստ Տիգրան Աբրահամյանի, այս ամենը հաշվի առնելով, պետք է ասել, որ որևէ երաշխիք չկա, որ ինչպես նախորդ փուլերում, այս փուլում ևս փորձում են ուժի կիրառման կամ ուժի շանտաժի միջոցով Հայաստանի հետ հասնել որևէ պայմանավորվածությունների։

Տիգրան Աբրահամյանը նաև հավելեց՝ այն մթնոլորտը, որն իշխանության ջանքերով ստեղծվել է հանրության մեջ՝ բանակը վարկաբեկելու, հրամանատարներին թիրախավորելու, Զինված ուժերում ծառայություն իրականացնող անձանց սովորական աշխատողի վերածելու համատեքստում, երկրում ստեղծել է մի իրավիճակ, երբ ընկել է համակարգի, համազգեստի նկատմամբ վստահությունը։

«Իշխանությունը պատրաստվում է ընտրությունների, 9 ամիս կամ գուցե ավելի քիչ ժամանակ է մնացել՝ ընտրություններն անցկացնելու մասով։ Պետական շահը, երկրի անվտանգությունը ստորադասվում է իշխանության վերարտադրությանը, և իշխանությունը գնում է երկիրը խոցելիության դաշտում պահելու համար, միայն թե իր ընտրվելու կամ վերարտադրվելու խնդիրը լուծի։

Այս իշխանություններին հետաքրքիր չէ, թե ինչ խնդիր կունենան զինված ուժերը, չի հետաքրքրում, թե այս ամենն ինչ ծանրաբեռնվածություն է բերելու անձնակազմի համար։ Իրենց համար կա մեկ խնդիր, որն իրենց կյանքի նպատակն է՝ որքան հնարավոր է պահպանել իշխանությունը, այլ հիմնավորում չկա»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս