Կանգնած ենք պետականության կորստի շեմին, և ով ունի սերունդներին ապահով հայրենիք փոխանցելու զգացողություն, չպետք է անտարբեր մնա. Կոմպոզիտոր

Մտավորականը պետք է մատնանշի հասարակության և իշխանության թերությունները: Այս սկզբունքով է առաջնորդվում կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանը: Նրա հետ զրուցել ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միանալու, կոմպոզիտորական արվեստի, ոլորտում առկա խնդիրների մասին:

Դուք այն անձանցից եք, ով ակտիվ է և՛ որպես ստեղծագործող, և՛ որպես քաղաքացի: Ի՞նչը դրդեց, որ միանաք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որը ղեկավարում է Բագրատ Սրբազանը:

– Հարցն այն է, որ խնդիրները միշտ շատ են եղել և՛ արվեստի բնագավառում, և՛ մեր երկրում: Իսկ այն, ինչ կատարվում է, խնդիր չէի համարի: Կհամարեի օրհասական, ծայրահեղ իրավիճակ, երբ կանգնած ենք հայրենիքի, պետականության կորստի շեմին: Ես միշտ ակտիվ եմ եղել և արտահայտել եմ իմ դիրքորոշումը: Հիմա մեր երկիրը հասել է այն վիճակին, որ ուղղակի էքզիստենցիալ խնդիր է: Ով ունի սերունդներին ապահով հայրենիք փոխանցելու զգացողություն, չպետք է անտարբեր մնա, առավել ևս՝ այն մարդիկ, ովքեր հանրային գործունեությամբ են զբաղվում: Պետք է անպայման միանան Սրբազանի շարժմանը:

Սրբազանին ճանաչում եմ դեռ 2012 թվականից, հանդիպել ենք Կանադայում, երբ համերգներով էի հանդես գալիս, ու երբ սկսվեց այս շարժումը, վստահելով իրեն՝ միացա: Միշտ հանրային մեկ քայլ անելն ինչ-որ մի բանի հաշվին է, և պետք է արվեստագետը պատրաստ լինի իր անձնականը, կարիերան թեկուզ ժամանակավոր մի կողմ դնել և օգտակար լինել իր երկրին: Ես չեմ մտել քաղաքականության մեջ և չեմ պատրաստվում: Սա քաղաքականություն չէ, էքզիստենցիալ հարց է: Ինչպես Սրբազանը ճիշտ ձևակերպեց, սա չակնկալիքների շարժում է, այսինքն՝ ակնկալիքը միայն հայրենիքի փրկությունն է: Ես նույնպես այդպես եմ կարծում, դրա համար միացա:

Կարդացեք նաև

Ո՞րն է Հայրենիքի փրկության Ձեր տեսլականը:

– Առաջին հերթին՝ ունենալ հայրենասեր, հայրենիքի ցավ ու դարդով և ապագայի տեսլականով իշխանություն: Ապա նոր դրա վրա կառուցվի զարգացած հասարակություն, ամեն մարդ իր տեղում լինի: Իսկ դա չի կարող լինել ներքևից վերև, այլ՝ հակառակը: Ճիշտ մարդիկ ճիշտ քաղաքականություն պետք է վարեն, չստեն, ազնիվ լինեն, քրիստոնեական արժեքներով երկիր կառուցեն:

Քաղաքականությունից գնանք կոմպոզիտորների աշխարհ. ի՞նչ է կատարվում այնտեղ:

– Կան խնդիրներ, որոնք գլոբալ են, և կան անհատական խնդիրներ: Դասական երաժշտությունն ամենուր անպայման պետության հոգածության ներքո է, որովհետև շահութաբեր արվեստի տեսակ չէ: Չի լցնում մեծ դահլիճներ, չի ապահովում մեծ ֆինանսական հոսքեր: Նորմալ է, այդպես էլ պետք է լինի: Էլիտար արվեստ է, նախատեսված է քիչ հասկացողների, գնահատողների համար: 1991թ. բոլոր ստեղծագործական միությունները մեզ մոտ վերածվեցին ՀԿ-ների, ինքնաֆինանսավորմամբ գոյատևեցին: 2018թ. սկսած այդ մինիմալ աջակցությունը, որ կար պետությունից՝ շենքերը պահելու, կոմունալները վճարելու համար, նույնիսկ դա վերացավ: Եվ հիմա բոլոր, այդ թվում՝ Կոմպոզիտորների միությունը, գոյատևում են, և այդ վիճակում որևէ միություն չի կարող լուրջ դեր խաղալ և առաջ տանել այս բնագավառի արվեստագետներին: Արդեն մնում է անհատական նախաձեռնության վրա: Պետք է ակտիվ լինել, արվեստը մատուցել կարողանալ նաև համաշխարհային շուկայում:

Շատ երիտասարդ կոմպոզիտորներ տարիներով նոտաները ձեռքին գնում են այս կամ այն նվագախումբ, երգչախումբ, որ նայեն, լսեն: Անընդհատ դռներ են թակում: Ձեր դեպքում ինչպե՞ս է եղել:

– Իմ դեպքում ևս այդպես է եղել շատ երկար տարիներ: Այդպես ամբողջ աշխարհում է: Համացանցում էլ միշտ փնտրում են կատարողների, դիրիժորների, որոնց կհետաքրքրի այդ երաժշտությունը: Համագործակցում ենք ցանկացածի հետ, ում հետաքրքրում է մեր արվեստը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս