Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, որտեղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկել է Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները և Ուկրաինային դաշինքի հետագա աջակցությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։
Ստոլտենբերգը հայտնել է, որ Ուկրաինային միայն խիզախությունը բավարար չէ կռվելու համար, անհրաժեշտ է սպառազինություն։ Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդունել է, որ Կիևին ռազմական աջակցության ձգձգումները լուրջ հետևանքների են հանգեցրել մարտի դաշտում։
«Սակայն Ուկրաինային գերակայության հասնելու համար դեռ չափազանց ուշ չէ։ Ավելի շատ օգնությունը ճանապարհին է», – ասել է նա՝ ողջունելով ԱՄՆ-ի կողմից ընդունված օրինագծերի փաթեթը, որը ներառում է 61 միլիարդ դոլարի օգնություն Կիևին։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի «լիիրավ տեղը ՆԱՏՕ-ում է»։
«Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Աշխատանքը, որ մենք այժմ ձեռնարկում ենք, ձեզ դնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ուղու վրա, որպեսզի երբ հարմար պահը լինի, Ուկրաինան անմիջապես կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ», – ասել է նա: