
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին

Շոտլանդիայի առաջին նախարար և Շոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Համզա Յուսաֆը հայտարարել է պաշտոնաթողության մասին։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Ես ՇԱԿ-ի ազգային քարտուղարին տեղեկացրել եմ կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու իմ մտադրության մասին և նրան խնդրել`հնարավորինս շուտ անցկացնել (կուսակցության) առաջնորդի քվեարկություն», – հայտարարել է նա:
Յուսաֆը հայտնել է, որ կկատարի առաջին նախարարի պարտականությունները մինչև փոխարինողի ընտրվելը:
ՇԱԿ-ն ավելի վաղ տեղական խորհրդարանում կորցրել էր իր մեծամասնությունն այն բանից հետո, երբ Յուսաֆը հայտարարեց Շոտլանդիայի Կանաչների կուսակցության հետ իր կոալիցիոն համաձայնագրի չեղարկման մասին: Այս հայտարարությունից հետո մի քանի ընդդիմադիր կուսակցություններ հայտարարեցին Յուսաֆին անվստահության քվե հայտնելու իրենց մտադրության մասին։ Ինչպես նշել են ԶԼՄ-ները, համաձայնագրի չեղարկմանը նախորդել են կլիմայի հարցերի շուրջ վեճերը, որոնք վերաբերել են մինչև 2030 թ. մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումները 75 %-ով կրճատելուն:
Յուսաֆը Շոտլանդիայի առաջին նախարարի պաշտոնը ստանձնել էր 2023 թվականի մարտին։