«Բագրատ Սրբազանի խնդիրը չէ, եթե ազգն ուզում է իր հոգին չծախի, ուրեմն՝ պետք է ոտքի կանգնի ու ասի՝ կա՛մ մահ, կա՛մ ազատություն. Անդրանիկ սարկավագ Մանուկյան

Տավուշում բնակիչների բողոքի ակցիաները շարունակվում են՝ Ադրբեջանի հետ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ: Օրեր առաջ հրապարակված տեղեկատվության համաձայն՝  Հայաստանից տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին, այդ թվում՝ որոշ բնակիչների տները։

Տավուշում բողոքի ակցիաների ընթացքում  ի սկզբանե բնակիչների կողքին է Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, և հենց այդ պատճառով Սրբազանը հայտնվել է իշխանությունների թիրախում։ Իշխանամերձ շրջանակները, լրատվամիջոցներն առիթ բաց չթողնելով՝ տեսանյութեր են հրապարակում և անխնա տարածում, թե իբր Տավուշի թեմի առաջնորդը  «ռուսական ԿԳԲ անդամ է, Ռուսաստանից փող է վերցրել, որպեսզի Հայաստանում պատերազմ հրահրի»։

168.am-ի հետ զրույցում «Սասուն» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանն ասաց, որ եթե իշխանությունը մտածում է, որ Բագրատ Սրբազանն «ագենտ» է, ապա, ինչպես շատերին են տանում ու նրանց գլխին գործեր սարքում, այնպես էլ կարող են Սրբազանի դեպքում վարվել։

Անդրանիկ սարկավագ Մանուկյանն արդեն մեկ ամիս է՝ բուժում է ստանում և առողջական խնդիրների պատճառով չի կարողանում միանալ տավուշցիների պայքարին, սակայն վստահ է, որ նրանք պայքարում են իրենց հայրենիքի և սեփական տան համար։

Կարդացեք նաև

«Հասարակ օրինակ՝ եկեք մեր տուն ու կտեսնեք, որ հայն է հայի տունը քանդում։ Մենք գոռում ենք արդարության, ճշմարտության մասին, բայց միայն գոռում ենք ուրիշներին ցույց տալու համար։ Մենք ինքներս ենք մեր տունը քանդում՝ թող ո՛չ ռուսին, ո՛չ էլ իտալացուն չմեղադրեն։ Ասում են՝ աչքիդ գերանը թողած, ուրիշի աչքի փուշն ես տեսնում։

Ասեմ՝ իշխանությունների համար այդքան էլ բարդ բան չէ Բագրատ Սրբազանին տեսնել՝ որպես «ագենտ»։ Այսօր պարզ, բոլորի աչք առաջ գնում են, մարդուն իր տանից հանում են, ինչո՞ւ եք հանում։

Ի սեր Աստծո, եթե իշխանությունը վախենում է թուրքից, ռուսից կամ որևէ մեկից, թող ձեռքերը վեր բարձրացնի,  հանձնվի ու գործը թողնի ազգի նվիրյալներին։ Ինչո՞ւ են կոտորում այս խաղաղ ժողովրդին, ինչո՞ւ են Աստծո տված հողից մարդկանց կտրում»,- նշեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։

Մեր զրուցակիցն ասաց, որ այսօր իշխանությունը փորձում է խլել նաև իր տունը, իսկ իր տունը Հայաստանի փոքրիկ մոդելն է, ով ինչպես ուզում է, այնպես էլ թող սա հասկանա։

«Մարդիկ այսօր պայքարում են իրենց հայրենիքի համար, նրանց ասում են, թե քաղաքականությամբ մի զբաղվեք, ի՞նչ քաղաքականության մասին է խոսքը։ Դուք մարդուն կտրում եք իր բնօրրանից, նա իրավունք չունի՞ բարձրաձայնի, երբ խոսում է,  դա քաղաքականությո՞ւն է։ Դե, սրանով փորձում են մարդկանց բերանը փակել, մոռանալով, որ իրենք են այս ամենը թույլ տվել, իրենց համարում են ղեկավար, դիվանագետ, բայց ժողովրդի անդորրը չեն կարողանում ապահովել, այդ ժողովուրդն էլ պե՞տք է պայքարի իր խաղաղության համար, թե՞ոչ։ Խոստացել են, չէ՞, մեր անվտանգությունն ապահովել, հիմա, եթե չեն ապահովում, ո՞վ է  մեղավոր, ու եթե չեն ապահովում, ինչո՞ւ չպետք է խոսենք, կներեք, ոչխա՞ր ենք, գերի՞ ենք, թե՞ ստրուկ։

Թող Սերժ Սարգսյանը մնար, մենք այսօր նրան կմեղադրեինք, կասեինք՝ Սերժը երկիրը ծախեց, կամ կասեինք՝ Քոչարյանն է մեղավոր, բայց նրանք չեն ղեկավար, չէ՞»,- հավելեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։

Նա հեգնեց իշխանությունների գործի դրած մեթոդները՝ մարդկանց բերման ենթարկելու և գործեր հարուցելու վերաբերյալ, շեշտելով՝ օրենքը դրա համար են «շտկել»։

«Ցանկացած մարդու բռնում տանում՝ գործ են սարքում գլխին, ո՞վ է բռնանում՝ թո՞ւրքը, ռո՞ւսը։ Եթե այս մարդիկ չեն կարողանում երկիր ղեկավարեն, թող այն նվիրյալների նման հրաժարական տան, հեռանան և այն մարդկանց, որոնց մեղադրում են երկիրը ծախելու մեջ, թող գան՝ մինչև վերջ ծախեն։ Ինչո՞ւ են իմ ու մյուսների զավակներին տանում ու մատաղ անում։ Ամեն ընտանիք են մտնում սրանք, փող են առաջարկում, որ ձայները կտրեն։

Այստեղ Բագրատ Սրբազանի խնդիրը չէ, եթե հայ ազգն ուզում է  իր հոգին չծախի, ուրեմն՝ բոլորը պետք է ոտքի կանգնեն, ասեն՝ կա՛մ մահ, կա՛մ ազատություն»,- եզրափակեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս