
Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսների:
Երեկ ադրբեջանական SOCAR-ի նախագահ Նաջաֆի հետ հանդիպման ժամանակ «Գազպրոմի» նախագահ Միլլերը հատուկ ընդգծեց Հայաստան բնական գազի մատակարարման գործում Մոսկվայի հետևողականությունն ու կարևոր դերակատարումը:
Հարցը հանդիպման օրակարգ էր բերվել Մոսկվայի նախաձեռնությամբ:
Բնականաբար, ռուս-ադրբեջանական գազային բանակցություններում հայաստանյան ուղղությունը ներառելու համար անհրաժեշտ էր որևէ ֆորմալ առիթ: Որպես այդպիսին «Գազպրոմի» նախագահն օգտագործեց 2021 թ.-ի մարտին Ադրբեջան-Վրաստան լոգիստիկայով Հայաստան 150 մլն խմ բնական գազի արտահանումը՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազամուղի վերանորոգման նպատակով կանգնեցման պատճառով:
Իրականում սա մի առիթ է, որը վաղուց կորցրել է իր արդիականությունը: Ավելին՝ նույնիսկ 2 տարի առաջ այն իր մեջ չեր պարունակում որևէ աշխարհաքաղաքական բացադրիչ՝ հանդիսանալով բացառապես որպես կարճաժամկետ տեխնիկական լուծում:
Ու չնայած դրան, այսօր՝ Երևանի ու Բաքվի միջև ընթացող գազային ռեվերանսների պայմաններում, Միլլերը հիշեցնում է դրա մասին՝ ցույց տալով, որ Բաքուն լավագույն դեպքում կարող է առանձին տեխնիկական խնդիրների լուծման համար հանդես գալ որպես Ռուսաստան-Հայաստան ՛՛էներգետիկ երկխոսության՛՛ մասնակից, ինչես դա եղավ 2021 թ.-ին:
Բնականաբար, հասկանում ենք, որ Միլլերի երեկվա հայտարարությունը ոչ այնքան գազի ու տնտեսական համագործակցության, որքան աշխարհաքաղաքական ուղենիշների մասին էր»: