Դիագնոզ կամ ձեռնաշղթաներ
Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն անում է Հայաստանի, պետության, պետականության, հայկական ինքնության, սրբությունների դեմ, կարող է ունենալ երկու բացատրություն։
Կա՛մ նա իսկապես ունի լրջագույն հոգեկան խնդիրներ՝ մեծամոլություն, ոչ համարժեքություն, մանկական տրավմաներ, և այլն, ու նրա կողմից վարվող քաղաքականությունը պայմանավորված է դրանցով, կա՛մ նա որևէ արտաքին կենտրոնի, այդ թվում՝ թշնամական որևէ երկրի գործակալ է, և նրա կողմից վարվող քաղաքականությունը պայմանավորված է դրանով։
Ընդ որում, հայ հասարակության մի մասը համոզված է, որ նրա մոտ առկա են հոգեկան խնդիրներ, մյուս հատվածը վստահ է՝ նա ունի գործակալական պարտավորություներ։
Կա նաև հանրության մի հատված, որի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն այնքան է հավատում իր առաքելությանը, որ պատրաստ է ցանկացած գնով կյանքի կոչել սեփական նախաձեռնությունները։ Բայց այդպես մտածողները ևս դասվում են առաջին խմբին, քանի որ եթե պետության ղեկավարը՝ ընդհուպ մտասևեռման մակարդակի համոզմունքներ ունի և դրանք իրագործելու համար բռնաբարում է պետական ու ազգային շահերը, ապա դա մոլագարության մեկ այլ տարատեսակ է։
Հոգեգարություն-գործակալություն երկընտրանքի մասին են վկայում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում Նիկոլ Փաշինյանի կատարած գրեթե բոլոր քայլերը։
Հայ-ադրբեջանական սահմանազատման վերջին արարը կարող էր տեղի ունենալ միայն երկու դեպքում՝ եթե Հայաստանի ղեկավարը կամ հոգեկան խնդիրներ ունենար, կամ գործակալական հանձնարարություն։
Այլ կերպ դժվար է բացատրել մեկի գործողությունները, ով առանց որևէ երաշխիքի, կուրորեն կատարում է ամիսներ առաջ սեփական հայրենակիցների հանդեպ ցեղասպանական գործողություններ իրականացրած մյուսի պահանջները և հորթային հրճվանքով խոսում է ադրբեջանցիների կյանքի համար պայմաններ ստեղծելու իր պատրաստակամության մասին։
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առիթով Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձը նույն կերպ կարող է երկու բացատրություն ունենալ. դրա հեղինակը կամ հոգեցնցված է բառի ամենաուղիղ իմաստով, կամ թուրքական գործակալ՝ նույնքան ուղիղ իմաստով։
Հայ Առաքելական եկեղեցու կողմից սրբադասված ցեղասպանության զոհերի նահատակներին իրենց իսկ ցեղասպանելու մեջ մեղադրելու համար հայ մարդը պետք է ունենա կամ առանձնակի ծանր հոգեբուժական ախտորոշման մասին բժշկական տեղեկանք, կամ առանձնակի բարձր դասի գործակալ լինելու մասին վկայական։
Ակնհայտ է, որ նկարագրված երկու դեպքերից ոչ մեկը կապ չունի քաղաքականության հետ։ Հայաստանի խնդիրը կամ առողջապահական է, կամ հակահետախուզական։ Եվ քանի որ խնդիրն ապաքաղաքական և հակաքաղաքական է, իշխանությունն էլ հասարակության հետ հարաբերվում է այդ նույն խնդրի ծագումնաբանության երկու հնարավոր պատճառների վրա խաղալով։
Իշխանության հակապետական քայլերի դեմ ընդվզողները հռչակվում են՝ որպես «հինգերորդ շարասյան գործակալներ», իսկ հասարակության մի ստվար զանգված անելանելիությունից դրդված՝ մոտենում է ընդհուպ հոգեխանգարման վիճակի։
Հայաստանը վերածվել է պետության, որի լինելիությունը կախված է «դիագնոզ կամ ձեռնաշղթաներ» երկընտրանքից։
Դա քաղաքականության հետ կապ չունեցող երկընտրանք է։
Հարություն Ավետիսյան