Փաշինյանը պատմամշակութային հուշարձանները պղծելը կամ վնասելը թշնամության դրսևորում է համարում

Նիկոլ Փաշինյանը կարևորում է պատմամշակութային հուշարձանների պահպանության տեսանկյունից տարածաշրջանում վստահության մթնոլորտի ստեղծումն ու թշնամանքի հաղթահարումը։ Այս մասին նա խոսեց բրիտանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցի ընթացքում։

«Մշակութային և պատմամշակութային անշարժ հուշարձանների նկատմամբ նեգատիվ վերաբերմունքով մարդիկ, ըստ էության, արտահայտում են թշնամանքը միմյանց նկատմամբ։ Այսինքն, անշունչ հուշարձան է չէ՞ ըստ էության, թվում է, թե ի՞նչ կարիք կա անշարժ հուշարձանի վրա հարձակվել և այսպես շարունակ վնասել: Մարդիկ այդպես արտահայտում են իրենց թշնամանքը միմյանց նկատմամբ։

Այդ խնդրի լուծումը կրկին թշնամանքը հաղթահարելու մեջ է, իհարկե, այդ հուշարձանները, հատկապես եկեղեցիներն ունեն պատմություն, ունեն այդ պատմությունից բխող ոգի, իրենք սրբավայր են, բայց սրբություններն ինչ-որ ձևով պղծելը կամ վնասելը նույնպես թշնամության արտահայտություն է։ Այսինքն հնարավոր չէ, որ մենք ասենք՝ լավ, թողեք թշնամությունը մնա, շարունակվի խորանալ, բայց մենք ապահովենք հուշարձանների անվտանգությունը, դա հնարավոր չէ»,- նշեց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում։ Նրա խոսքով, կարևոր է նաև հուշարձանների պահպանության գործընթացը չօգտագործել թշնամանքն ավելի խորացնելու նպատակով։ «Այսինքն, սա էլ կա և շատ նուրբ նրբություն է, չնայած օբյեկտիվորեն դա տեղի է ունենում, որովհետև եթե մեկի սրբությունը պղծում են՝ այդ թշնամության զգացումը բնականորեն խորանում է։ Եվ եթե մենք ուզում ենք, որ դա տեղի չունենա, պետք է հետևողական լինենք խաղաղության օրակարգի իրագործման շուրջ, որովհետև դա առանձին վերցրած հարց չէ, դա այս խաղաղության օրակարգի հարցն է։

Բոլոր հարցերի լուծումը ես պատկերացնում եմ՝ վերադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի երեք հիմնարար սկզբունքների շուրջ խաղաղությունը կառուցելու վրա։ Պետք է արձանագրենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության երեք հիմնարար սկզբունքներն արձանագրված են, առաջինը՝ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, երկրորդը՝ Հայաստանը և Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագիրը վերցնում են որպես քաղաքական հենք՝ սահմանազատման գործընթացի համար, և երրորդը՝ տարածաշրջանային կոմունիկացիանները, հաղորդուղիները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա և այս երրորդ սկզբունքը մենք արտահայտել ենք «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մեջ, որը թշնամանքի հաղթահարման շատ կարևոր գործիք է նախորդ երկու սկզբունքների հետ համադրությամբ»,- ասաց Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս