«Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար»․ Նիկոլ Փաշինյան
Եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք իրատեսորեն Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, Հայաստանի կառավարությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի նրանք մնան Հայաստանում։ Բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Ես նաև ուզում եմ ձեզ ասել, որ վերջերս մարզային այցելություններից մեկի ընթացքում ինձ մոտեցավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի կին և հարց տվեց, ասաց՝ որքանո՞վ է իրատեսական, որ մենք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն ունենանք ու ասաց՝ խնդրում եմ ինձ ուղիղ և անկեղծ պատասխանեք:
Ես նրան ասացի՝ ես Ձեզ կպատասխանեմ ուղիղ և անկեղծ, ես ստեղծված իրավիճակում և այն ընկալումները, որոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում, և այն ընկալումները, որ գոյություն ունեն Ադրբեջանում, և այն ընկալումները, որ գոյություն ունեն Լեռնային Ղարաբաղի հայերի շրջանում, այդ ընկալումների պայմաններում ես դա իրատեսական չեմ համարում: Ես ասացի՝ չեմ կարող ես Ձեզ խաբել, որովհետև եթե դա իրատեսական լիներ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանումը տեղի չէր ունենա»,- ասել է Փաշինյանը:
Փաշինյանն անդրադարձել է այն մեղադրանքներին, որոնք հնչում էին 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման օրերին, թե Հայաստանի կառավարությունը թույլ չի տալիս, որ ԼՂ-ի ժողովուրդը փրկվի և տեղափոխվի Հայաստան։ Փաշինյանը հերքել է այդ մեղադրանքները՝ պարզաբանելով, որ իրենք այդ ժամանակ ուզում էինք ամեն ինչ անել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումը և էթնիկ զտումը տեղի չունենա:
«Բայց մեր ջանքերն արդյունք չտվեցին: Եվ ընդհակառակը, ակնհայտորեն կային ուժեր, որ այդ պայմաններում Հայաստանի Հանրապետությանն ուզում էին ներքաշել պատերազմի մեջ՝ հեռուն գնացող նպատակներով: Ես նախորդ հարցերին ի պատասխան ասացի՝ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար: Ես ասացի, որ Հայաստանի Հանրապետությունը սեփական միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի: Եվ մենք հույս ունենք, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»,- ասել է Փաշինյանը։