Լեհաստանի նախագահը դեմ չէ երկրում ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայմանը
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ պատրաստ է միջուկային զենք տեղակայել երկրի տարածքում։ Այս մասին նա ասել է Fakt հրատարակությանը տված հարցազրույցում։
«Եթե մեր դաշնակիցները որոշեն միջուկային զենքի համատեղ օգտագործման շրջանակներում միջուկային զենք տեղակայել նաև մեր տարածքում՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությունն ամրապնդելու նպատակով, ապա մենք պատրաստ ենք դրան», – հայտարարել է Դուդան։
Նա հավելել է, որ Լեհաստանը դաշնակից է Հյուսիսատլանտյան դաշինքում և նույնպես պարտավորություններ ունի այդ առումով։
«Մենք պարզապես ընդհանուր քաղաքականություն ենք իրականացնում», – նշել է Դուդան։
Լեհաստանի նախագահը նաև ասել է, որ երկրում ամերիկյան միջուկային զենքի տեղակայման թեման «արդեն երկար ժամանակ լեհ-ամերիկյան բանակցությունների թեմաներից է»։