ՈՍԿԵՊԱՐ. ոգու փորձություն

Այս օրերին, երբ իշխանությունը Հայրենիքի հերթական հատվածն է հանձնում՝ այս անգամ արդեն Ադրբեջանին հանձնելով Տավուշի տարածքները, տեղին է վերհիշել՝ ինչ կատարվեց Ոսկեպարում 1991թ. մայիսին: Այդ մասին դեռ տեսանյութ և հրապարակում կա police.am կայքում:

Հասմիկ Պոդոսյանի հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Արցախյան ազատամարտի ամենացավագին դրվագը, դեռ լայնածավալ պատերազմական գործողություններից առաջ, խորհրդային բանակի եւ ադրբեջանական օմոնի համատեղ միջոցառումն էր՝ «Կոլցո» օպերացիան: Քսանհինգ տարի առաջ այս օրերին էր այդ դավադիր գործողությունը, որին զոհ գնացին, նաեւ վիրավորվեցին ու գերեվարվեցին ժողովրդի պաշտպանության իրենց պարտքը կատարող Հայաստանի ներքին գործերի նախարարության շատ աշխատակիցներ:

Կարդացեք նաև

…Սարին թիկնած գյուղ է Ոսկեպարը. դժվար ճանապարհով սարն ենք բարձրանում. ավելի շուտ՝ այն վայրը, որտեղ քսանհինգ տարի առաջ ոճրագործություն տեղի ունեցավ…

Թավշյա կանաչի մեջ կորած բնություն, ծաղկած ծառեր…Մարդու հավատ չի գալիս, որ դրախտի կտոր այս վայրում քսանհինգ տարի առաջ արնահեղություն է եղել…

1991 թվականի մայիսի 6-ի լուսաբացին Ոսկեպար գյուղի մերձակա անտառում խորհրդային բանակի ու ադրբեջանական օմոնի դավադիր ծուղակն ընկան Նոյեմբերյանի միլիցիայի քսանչորս աշխատակիցներ…

Սահմանում անհանգիստ էր, Ոսկեպարը՝ ադրբեջանցիների գնդակոծությունների թիրախ. ոստիկանները գնում էին պաշտպանելու խաղաղ բնակչությանը…

Տխրահռչակ «Կոլցո» օպերացիան ընթացքի մեջ էր…

Պատմում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետի տեղակալ Շահո Մելքոնյանը:

Նա, որ հարյուր մեկ օր գերության մեջ մնացողներից է, այն ժամանակ տեղամասային տեսուչ էր:

«Մայիսի 5-ի ուշ երեկոյան, ժամը 23-ի կողմերը, մեզ կանչեցին ներքին գործերի բաժին՝ խորհրդակցության: Իմացանք, որ Ոսկեպարի կողմերում անհանգիստ վիճակ է, պետք է հերթափոխի գնայինք:

Գիշերվա ժամը 12-ի կողմերը ավտոբուսով ու «Նիվա»-ով շարժվեցինք Ոսկեպար:

Երկար ու դժվար ճանապարհ էր, բայց նախընտրեցինք սարով գնալ, որովհետեւ Նոյեմբերյանից Ոսկեպար տանող մյուս ճանապարհները վտանգավոր էին. ադրբեջանցիներն անընդհատ գնդակոծում էին:

Մեկ-մեկուկես կիլոմետր կար մինչեւ գյուղ, երբ հանկարծ մեզ շրջապատեցին զինվորականներն ու կանգնեցրին մեր մեքենաները: Դեռ գլխի չէինք ընկել՝ ովքեր են, անսպասելի սկսեցին կրակել մեզ վրա… Հետո իմացանք, որ Կիրովաբադում տեղակայված խորհրդային բանակի զինվորականներն էին»:

Տղաները դիմադրեցին հերոսաբար, բայց ուժերն անհավասար էին. տասնմեկ ոստիկան զոհվեց տեղում, մյուսները գերեվարվեցին: Զոհերի թիվը երեքով ավելացավ հետո՝ գերության մեջ…

Նոյեմբերյանցի տասնչորս ոստիկան հիմա այս բարձունքում են՝ որպես հավերժի ճամփորդ, որպես երկնքի հետ խոսող այդ վայրի մշտական բնակիչներ, որպես Հայրենիքի մշտարթուն զինվորներ…

Ողջ մնացած ոստիկանները, որ անցան ադրբեջանական բանտերի դժոխքով, ամեն տարի մայիսի լույս 6-ի գիշերն անցկացնում են անտառի նույն հատվածում. խարույկ են վառում, նստում շուրջն ու անխոս հիշում…

Կրակի լեզուները նրանց լուռ հիշողությունը երկինք են հասցնում, եւ երկնային բարձունքում փառավորվում է զոհված ոստիկանների հոգին…

«Այս վայրը մեզ համար սրբատեղի է: Հավաքվում ենք ու ամբողջ գիշեր մնում այստեղ: Այդ օրվա դեպքերից չենք խոսում. ամեն մեկս մտովի հասնում ենք այդ մայիսի 6-ի գիշերը ու լուռ տրվում հիշողություններին…»,- ասում է Գեորգի Քոչարյանը, որ այն ժամանակ պարեկապահակետային ծառայության ոստիկան էր:

«Այդ հիշողությունը մեզ հետ է լինելու մինչեւ մեր կյանքի վերջը»,- ասում է Հարություն Ղազինյանը: Նա ամենածանր վիրավորներից էր. ասում է՝ բոլորս էլ երկու-երեք տեղից վիրավոր էինք, բայց ոչ մի բուժօգնություն ցույց չտվեցին:

Մեր ուղեկիցները մահն իրենց աչքով են տեսել, 25 տարի է՝ ընկերների տնքոցն են պահում ականջում, հոգում…

Նրանք մահվան դեմ կանգնեցին, որովհետեւ ոստիկան էին…

Ողջ մնացածները գերությունից ազատվելուց հետո անտառի այս բարձունքում խաչքար-հուշակոթող կանգնեցրին: Հավերժացրին իրենց զոհված ընկերների հիշատակը: Եվ ամեն տարի մայիսի 6-ին հավերժություն դարձածները նաեւ այս խաչքարերի տեսքով են առնչվում ընկերների հետ…

… Անտառում թողնելով դիակները՝ վիրավոր ոստիկաններին բառացիորեն լցնում են զրահամեքենաներն ու տանում Ղազախ: Իսկ ժամեր անց խորհրդային զինվորները խաբեությամբ զինաթափում ու գերի են վերցնում նաեւ Ոսկեպարը պաշտպանող քառասունհինգ ոստիկաններին ու դարձյալ հանձնում ադրբեջանցի օմոնականներին…

Գերության մեջ տղաներն անասելի խոշտանգումների ենթարկվեցին: Բայց չընկճվեցին, դիմացան արժանապատվորեն:

«Իրար ոգեւորում էինք, գոտեպնդում, որ հանկարծ որեւէ մեկը չհուսալքվի: Ովքեր ավելի դիմացկուն էին, ավելի քիչ վիրավոր, երբեմն մյուսների փոխարեն գնում էին ծեծվելու…»,- պատմում են ադրբեջանական բանտերով անցածները…

Վահրամ Թանդիլյանը, որ այն ժամանակ պարեկապահակետային ծառայության ոստիկան էր, պատմում է. «Հատկապես հարվածում էին մեր վերքերին: «Կայծակ» կոչվող հինգ-վեց հոգանոց խումբը անսպասելի մտնում էր մեր խցերն ու որեւէ մեկիս դուրս հանելով՝ դաժան ծեծի ենթարկում: Ու այդպես՝ օրեր, ամիսներ շարունակ…»:

Դիմացան հերոսաբար, իսկ գերությունից ազատվելուց հետո դարձյալ զինվորագրվեցին Հայրենիքի պաշտպանությանը…

Ոսկեպարյան ողբերգության զոհերի հիշատակը հավերժացնող մի հուշակոթող էլ Նոյեմբերյանում կա. նախկինում ներքին գործերի բաժնի շենքն այստեղ էր, եւ զոհված ընկերների հուշահամալիրը դեմ-դիմաց կառուցեցին: Այս վայրն էլ է սրբատեղի. բարձրուղեշ ծառերից յուրաքանչյուրը զոհերից մեկին է մարմնավորում: Իսկ հուշապատին նրանց անուններն են…

Հուշապատը սխրագործության հիշողություն է: Իսկ հիշողությունը անցյալը չմոռանալու եւ ապագային արժանապատվորեն նայելու համար է…

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս