Զոհերի ցուցակագրման գաղափարը քայլ է թուրքերի օգտին, որով օրակարգից հանելու են Հայոց ցեղասպանության հարցը․ Աշոտ Ներսիսյան
Հայոց ցեղասպանության զոհերին ցուցակագրելու պատճառի հարցում կա երկու տարբերակ՝ կա՛մ դա ինչ-որ մեկի ռոմանտիկ, ցնորամիտ գաղափարն է, որին դժվար է հավատալ, կա՛մ դա ինչ-որ ծրագրի մի մաս է։ Հայոց ցեղասպանությունը ժխտողները, մեր թշնամիները՝ ցեղասպանություն իրականացրած և նրա եղբայր պետությունները, այս պահին ևս մեր հանդեպ ցեղասպանություն են իրականացնում։ Նման հարցի բարձրացումը նշանակում է ջուր լցնել նրանց ջրաղացին։ Ընդամենը վերջերս Արցախում էթնիկ զտում իրականացրած պետությանը նպաստող քայլ է դա։ Հնարավոր չէ հաշվել մեկուկես միլիոն զոհերին։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը:
«Շատ վատ է, որ մենք չենք կարողացել ժամանակին ճիշտ կողմնորոշվել մեծ տերությունների հակասության մեջ, ինչպես հիմա ճիշտ չենք կողմնորոշվում։ Ինչ-որ տեղ՝ նաև մեր սխալների պատճառով էր, որ այդքան զոհ ենք տվել։ Բայց Եղեռնը հաշվվում է հին տոմարով 1915 թվականի ապրիլի 11-ից, երբ մտավորականներին ձերբակալեցին։ Ինչպե՞ս հաշվենք, երբ ծխամատյաններ չկան։ Եղել են ընտանիքներ, որոնց ոչ բոլոր անդամներն են գրանցվել։ Մեկուկես միլիոն զոհ ենք ասում, բայց ցեղասպանությունն իր մեջ մի քանի տարր է պարունակում՝ տեղահանություն, էթնիկ զտում, և այլն։ Իթթիհատական եռյակի հրամաններում գրված է, որ պետք է սպանել բոլոր երեխաներին՝ բացի նրանցից, որոնք ոչինչ չեն հիշում։ Նրանց թրքացրել կամ քրդացրել են, այսինքն՝ նրանք դադարել են որպես հայ գոյություն ունենալուց»,- ասաց պատմաբանը:
«Հայոց ցեղասպանությունը սկսվել է ոչ թե 1915-ի ապրիլին, այլ 1914-ի աշնանը, երբ շարքից հանեցին Զեյթունը։ Ինչպե՞ս հիշենք, թե մեր պապերն ի՞նչ են պատմել, քանի՞ անդամ է եղել նրանց ընտանիքներում, ինչքա՞ն մարդ է զոհվել։ Անգամ մտավորականների թիվը հստակ չգիտենք։ Շատ այլ փաստեր կան, որոնք վկայում են՝ զոհերի թիվը հաշվել հնարավոր չէ։ Սա ենթադրում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կրճատելով՝ փորձում են նաև մոտեցումը փոխել։ Գրեթե ողջ աշխարհը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, թեև մեր թշնամի պետությունը՝ Թուրքիան, այն չի ընդունում։ Քանի որ հնարավոր չէ հաշվել Ցեղասպանության զոհերին, այսկերպ քայլ է կատարվում թուրքերի օգտին՝ աստիճանաբար Հայոց ցեղասպանության հարցն օրակարգից հանելով»,- նշեց Ներսիսյանը:
Պրոֆեսորի պնդմամբ՝ պատահական չէ, որ զոհերի հաշվարկի հարցն օրակարգ են մղում մի այնպիսի քաղաքական իրավիճակում, երբ Ադրբեջանը փորձում է վերացնել մեր պետականությունը. «Ադրբեջանը շարունակում է ցեղասպանության քաղաքականությունը։ Էթնիկ զտումն ու տեղահանությունը ցեղասպանություն են։ Բնիկ տարրն Արցախից տեղահանեցին և դարձրին փախստական՝ Արևմուտքի օժանդակությամբ։ Նշանակում է՝ դու գնում ես այն ծրագրերի հետևից, որոնք իրականացնում են մեր անմիջական թշնամիները։ Փաստորեն, այսկերպ դու ջուր ես լցնում նրանց ջրաղացին, ովքեր մեր հանդեպ այս մեծ ողբերգությունն են իրականացրել։ Սա տրամաբանորեն ի վերջո տանելու է նրան, որ պնդեն, թե իբր ցեղասպանություն չի եղել»:
«Պատմական Հայաստանն իրական Հայաստանից բաժանելն արհեստածին տեսություն է։ Մենք իրական Հայաստան ենք համարում ՀՀ-ն՝ ըստ իշխանությունների ներկայացրած հայեցակարգի։ Բայց որտե՞ղ է գտնվում իրական Հայաստանը՝ պատմական Հայաստանի մի փոքր, մեկ տասներորդ մասում։ Այսինքն՝ իրական Հայաստանը, ըստ էության, պատմական Հայաստան է, իսկ պատմական Հայաստանը հիմա էլ կա աշխարհագրական առումով։ Դա Հայկական լեռնաշխարհն է, Մեծ և Փոքր Հայքը։ Եթե մենք պատմական Հայաստանի մի փոքր մասում ունենք իրական Հայաստան, և եթե դա ՀՀ-ն է, դա չի նշանակում, որ դրանից դուրս գտնվող պատմական Հայաստանն իրական Հայաստան չէ»,- ամփոփեց Աշոտ Ներսիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.