Նահանջ լաչառությամբ

Ամենատարբեր սոցիոլոգիական հարցումներով՝ Հայաստանի իշխանությունը, Նիկոլ Փաշինյանն ունի 20 տոկոսից ցածր վարկանիշ։ Նրա անվերապահ աջակցության ցուցանիշը տատանվում է 7-8 տոկոսի սահմաններում, ինչը հարաբերականորեն նույնական է պետական համակարգում աշխատողների, նրա իշխանության անմիջական շահառուների հետ։ Այսինքն, քաղաքական իմաստով Նիկոլ Փաշինյանը զուրկ է լեգիտիմությունից և ունի դասական պառլամենտական լաչառությանը բավարարող վարկանիշ։

Բայց մյուս կողմից՝ օգտագործելով պետական, իշխանական քարոզչամիջոցները, այդ թվում՝ հարկատուների միջոցներով սնվող հանրային լրատվամիջոցները, Նիկոլ Փաշինյանը ստեղծում է իր իշխանության բարձր լեգիտիմության պատրանք, տպավորություն, թե հասարակության մեծամասնությունը կուրորեն աջակցում է իր բոլոր հակապետական նախաձեռնություններին։

Զուգահեռ, ոչ քարոզչական իրականությունում կան հասարակության ամենատարբեր շերտեր, որոնցից յուրքանչյուրը՝ իր դրդապատճառներով, դեմ է գործող իշխանությանը, սակայն, միևնույն ժամանակ՝ չի աջակցում ընդդիմադիր այլ ուժերի։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գոյատևում է ոչ թե իրական լեգիտիմության, այլ պասիվ դժգոհության շնորհիվ, այն իմաստով, որ հասարակության գերակշիռ մեծամասնության հակաիշխանական դիրքորոշումը դեռևս ակտիվ գործընթացի չի վերաճում։

 Փաշինյանի քարոզչական լեգիտիմության պատրանքը և հանրային պասիվ դժգոհությունն առաջացնում են մեծ վակուում, որի՝ ամեն օրվա հետ մեծացող փուչիկի վրա էլ դեռևս գոյատևում է իշխանությունը։ Այդ փուչիկը, ըստ սահմանման և ֆիզիկայի օրենքի, մի օր պայթելու է։ Եվ հասարակության  խնդիրը պետք է լինի ոչ թե դարդը, թե որտեղ կհայտնվի հանրային վստահության փոխարեն՝ փուչիկի վրա պատվանդանած իշխանությունը, այլ այն, որ այդ տարածությունը չլցվի ամենայն աղբով, որն իր հետևից կթողնի գահավիժող այդ նույն իշխանությունը։

Կարդացեք նաև

Հիմա մեր հասարակությունը պայմանականորեն բաղկացած է իշխանությունից դժգոհող ամենատարբեր բյուրեղներից, որոնք դեռևս չեն վերաճում զանգվածի։ Բյուրեղացված հասարակությանն իշխանությունը հակադրում է քարոզչական խաբկանքն իրեն աջակցողների զանգվածայնության մասին։ Միևնույն ժամանակ, նաև այդ նույն քարոզչության շրջանակներում, իշխանությունն անում է ամեն ինչ, որպեսզի հանրության բյուրեղային միավորները որևէ դեպքում զանգված չդառնան, որովհետև զանգվածի միջոցով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ամենալավը գիտի դրա ներուժն ու հզորությունը։

Դա նրա մոտ առայժմ հաջողվում է, ի թիվս բազմաթիվ գործոնների, նաև այն պատճառով, որ իշխանության բոլոր ընդդիմախոսները՝ քաղաքական ուժերից մինչև առանձին անհատներ ու քաղաքացիական խմբեր, հակաիշխանական բյուրեղացված օջախներում արդյունավետ գործելով, մինչև այս պահը տապալում են դրանց նախ՝ միասնական, ապա և՝ իշխանափոխության համար կրիտիկական զանգվածի վերածելու առաքելությունը։

Դա է պատճառը նաև, որ Նիկոլ Փաշինյանն իրեն հռչակել է առաջնորդ ու շաղակրատում է առաջնորդության մասին, այն դեպքում, երբ եթե նա ինչ-որ բան առաջնորդում է, ապա դա հայ ժողովրդի ու հայկական պետականության անվերադարձ նահանջն է դեպի անհայտություն։ Այն էսթետիկ տարբերությամբ, որ դա նահանջ է ոչ թե երգով, այլ լաչառությամբ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս