«Առանց Փաշինյանի կողմից «կանաչ լույսի»՝ Ցեղասպանության զոհերի թվի և ցուցակի վերաբերյալ մի ծպտուն անգամ չէին կարող հանել Անդրանիկ Քոչարյանը կամ Զարեհ Սինանյանը». Հրաչ Վարժապետյան
Ապրիլի 14-ին «Ազատության» հետ կիրակնօրյա զրույցում Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի նաև Հայոց ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը:
«Մենք այդ խնդիրը տասնյակ տարիներով չենք լուծել, այ հիմա պետք է կենտրոնանալ, իրական Հայաստանը տալիս է այդ հնարավորությունը նաև՝ ցեղասպանության այդ բացթողումը դարձնել իրականություն։ Շատ պարզ է, չէ՞, երբ որ ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում մենք կարողանանք հանենք, դնենք, և Ցեղասպանության թանգարանի էդ պատը պետք է լրացված լինի էդ ազգանուններով։ Ես էլ երկու կողմից Ցեղասպանության արդյունքում եմ տեղաշարժվել այսօրվա Հայաստան, և այս Հայաստանն է, որ տվեց հնարավորություն նաև հետագայում՝ 46 թվականին, ունենալ ներգաղթ և լուծել կարևոր դեմոգրաֆիական խնդիր»,- լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նշել էր Քոչարյանը: Հաջորդ օրը նույն միտքը նա կրկնել էր ԱԺ ճեպազրույցների ժամանակ:
Իսկ ապրիլի 16-ին Անդրանիկ Քոչարյանը հանկարծ հիշեց, որ դա ոչ թե Փաշինյանի, այլ իր անձնական մոտեցումն է։
Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին հայտարարությունն իմ անձնական մոտեցումն է, քաղաքական որոշում չկա, Նիկոլ Փաշինյանը դրա հետ կապ չունի»,- դարձյալ «Ազատությանն» ասել էր Քոչարյանը:
168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը նշեց, որ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը փաշինյանական կլանի քաղաքականությունն է:
«Անդրանիկ Քոչարյանը կամ Զարեհ Սինանյանը, որն իր հերթին շտապեց իրենց չարաբաստիկ թեզը պաշտպանելու, առանց Փաշինյանի կողմից «կանաչ լույսի»՝ մի ծպտուն անգամ չէին կարող հանել: Սա իրենց պաշտոնական քաղաքականությունն է, իրենց ուղեգիծն է, ապազգային քաղաքականությունն է»:
Իսկ թե ինչ կերպ է սա ընկալվել Ֆրանսիայում կամ տեղի հայ համայնքի կողմից, Հրաչ Վարժապետյանն ասաց, որ Ֆրանսիայի հայ համայնքի կողմից, թերևս, չի կարող բացասական չընդունվել այսօրինակ հայտարարությունը:
«Ֆրանսիայի համայնքը, ինչպես Սփյուռքի որևէ համայնք, որ ամբողջ մի դար պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ 1.5 միլիոն զոհերի փաստի գիտակցմամբ, բնական է, որ պիտի չընդունի, մերժի այս ազգադավ թեզը: Իսկ թե ինչ վտանգ է այն պարունակում, նախ նշեմ՝ Ցեղասպանության ենթարկվածների ցուցակ կազմելու և, առհասարակ, Ցեղասպանությունն ուրանալու այս գաղափարը թրքական պետության, պաշտոնական Անկարայի ժխտողական թեզերից մեկն է: Նրանք միշտ էլ ասել են, որ հայերն այս հարցում ստել են, և, որ ինչո՞ւ ցուցակ կամ ցանկ չենք ներկայացրել՝ ապացուցելու հայկական պնդումները: Եվ հիմա Հայաստանի ՔՊ-ական կլանն է, որ յուրացրել է թրքական այս թեզը, որ միշտ ասվել է՝ թողենք այս հարցը պատմաբաններին:
Եվ սա ասվում է Ապրիլի 24-ից օրեր առաջ: Պետք է ասեմ, որ զուգադիպություն չէ Հայաստանի ներսից ապրիլքսանչորսյան ոգեկոչմանը պատրաստվող հանրությանը տրված այս ապտակը: Սա զարմանալի չէ, 3-4 տարի է՝ Դաշնակցությունը զգուշացնում է, որ ՔՊ-ի ձեռքը հասնելու է Հայոց ցեղասպանությանը, և փաստորեն հասավ»,- շարունակեց մեր զրուցակիցը՝ վստահեցնելով, որ Անդրանիկ Քոչարյանի դաշտ նետած դավադիր թեզի դեմ պայքարելու են ամեն կերպ:
«Ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա մանկլավիկները, առհասարակ, որևէ մեկն իրավունք չունի հայության անունից նման բան արտահայտելու: Ապրիլի 23-ին ջահերով երթի դուրս եկող և ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ բարձրացող հոծ բազմությունը, կամ աշխարհով մեկ այդ օրը 1.5 միլիոն զոհերի հիշատակը ոգեկոչող հայությունը լավագույն պատասխանն է տալիս և տալու այս իշխանություններին ու նրանց ազգադավ գաղափարին: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումից հետո նոր էջ է բացվել պահանջատիրության: Եվ անգամ Խորհրդային Հայաստանը 1.5 միլիոն զոհերի թեզով է առաջնորդվել: Ավելին, 1965-ին ժողովուրդը «Մեր հողերը, մեր հողերը» գրությունը կրող մեծատառ պաստառներով և վանկարկումներով փողոց էր դուրս եկել, այսինքն՝ այդ ժամանակ հնչեց նաև մեր հողային իրավունքը»,- հիշեցրեց Հրաչ Վարժապետյանը՝ նշելով, որ դրան զուգահեռ՝ սկսվեց Հայ դատի միասնական աշխատանքն աշխարհի տարբեր հատվածներում, և գրեթե բոլոր մեծ պետություններն ընդունել են Հայոց ցեղասպանության փաստը,, և նրանք բոլորը 1.5 միլիոն զոհերի թվական փաստն են առաջ բերում:
«Ֆրանսիայում պետական ցուցանակներ կան զոհերի 1.5 միլիոն հասկացողությամբ: Եվ հիմա Անդրանիկ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանը, Զարեհ Սինանյանը կամ որևէ նման մանկլավիկ թրքական թեզն են եկել պաշտպանելու: Աբսուրդ է, և վստահ եղեք՝ չի ընդունվելու, նրանց անունները մնալու է դավադիրների ցանկում:
Իսկ 1.5 միլիոն թիվը Վատիկանում է հնչում, տարբեր երկրների նախագահների, պետական բարձաստիճան այրերի շուրթերից է հնչում: Եվ միայն թրքական և թրքամոլ ճտերն են, որ հակառակն են պնդում, բայց ձախողելու են: Եվ ամբողջ Հայ դատի պահանջատիրությունը հաղթելու է՝ հակառակ ներսից եկող դավադիր ապտակների,- նշեց ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչը և հավելեց,- Պատկերացրեք՝ Իսրայելում կամ հրեական աշխարհի մեջ ինչ-որ անկյունում որևէ հրեա համարձակվի Հոլոքոստի մասին ժխտական բան ասել: Պատկերացրեք՝ ինչ կլինի այդ հրեայի վիճակը, ինչ միջամտություն կլինի: Կցանկանայի, որ մենք այս տրամաբանությամբ շարժվեինք Ցեղասպանության կամ Հայ դատի նկատմամբ որևէ դավադիր բան ասող և կատարող հայ կոչվածի նկատմամբ»: