«Խաղաղապահ զորախմբի դուրսբերումն Արցախից ռուսական կողմի մանևր է, ռազմական ու քաղաքական ժամանակավոր բնույթի քայլ». Գագիկ Հարությունյան

Երեկ նախ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Արցախի Հանրապետությունում գտնվող ռուս խաղաղապահների զորակազմը դուրս է գալիս Արցախից:  Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները:

«Երկու երկրների բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել Ադրբեջանի տարածքից վաղաժամ դուրս բերել ռուսական խաղաղապահ զորակազմը, որը ժամանակավորապես տեղակայվել էր այստեղ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։ Գործընթացն արդեն սկսվել է։ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այդ որոշումն իրականացնելու համար»,- ասել է նա։

Ժամեր անց այս տեղեկությունը պաշտոնապես հաստատեց նաև ռուսական կողմը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը Լեռնային Ղարաբաղից։

Ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին Արցախից խաղաղապահների դուրս գալու փաստը հավաստող տեսանյութեր:

Կարդացեք նաև

168.amի հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ ռուս խաղաղապահների  Արցախից դուրս գալը չի նշանակում, որ Ռուսաստանը դուրս կգա տարածաշրջանից.

«Արցախից դուրս գալը դեռևս չի նշանակում հեռանալ տարածաշրջանից, այդ թվում՝ Հայաստանից։ Կարծում եմ՝ Ռուսաստանն իր այս քայլերով պատրաստվում է մասնակցելու այն մեծ գործընթացներին, որոնք սպասվում են մեր տարածաշրջանում։

Իրականում շատերն են ուրախանում, որ ռուսական կողմը դուրս է գալիս Արցախից, բայց ուրախանալ պետք չէ, եթե նա ամբողջովին դուրս գա տարածաշրջանից, ապա նրա փոխարեն գալու է Թուրքիան։ Լավ թե վատ, մեր դաշնակիցը շարունակում է մնալ Ռուսաստանը, նաև Իրանը։ Ոչ Ֆրանսիան, ոչ էլ այլ երկիր տարածաշրջանում չեն կարող մեզ աջակցել, կարող են լինել լավ բարեկամ»,- նշեց Գագիկ Հարությունյանը։

Ըստ նրա, այստեղ գլխավորն այն է, որ ռուսական զորքը դուրս չբերվի Հայաստանից, ինչը ենթադրում է, որ հարմար պահի ու ժամի հնարավոր կլինի վերականգնել Արցախի նախկին կարգավիճակը։

«Իհարկե, ցանկալի կլիներ, որ ռուսական զորակազմն ամբողջովին մնար Արցախում, բայց չգիտենք՝ այս պահին ինչ մարտավարություն է  ընտրել Ռուսաստանը, որ շատ մեծ առճակատման մեջ է ուկրաինական ճակատում։

Համոզված եմ, մեր տարածաշրջանում սպասվում են որոշակի գործընթացներ, ինչպես Հայաստանի տարածքը, այնպես էլ Արցախի տարածքը խիստ կարևոր աշխարհաքաղաքական հենարան են Ռուսաստանի համար։ Հիմա ՌԴ-ն փորձում է  վերականգնել գլոբալ, մեծ ազդեցության երկրի իր կարգավիճակը, դժվար թե հենց այնպես թողնեն ու հեռանան մի տարածքից, որտեղ եղել են արդեն 2 դար։  Ըստ իս, ռուսական ներկայությունը տարածաշրջանում լիովին վերականգնվելու է։ Սա ռուսական կողմից որոշակի մանևր է, ժամանակավոր բնույթի ռազմական ու քաղաքական քայլ,  հետագայում ամեն ինչ պետք է փոխվի»,- հավելեց քաղաքագետը։

Գագիկ Հարությունյանի բնորոշմամբ՝ ռուսական կողմը բավականին զգույշ է գործում տարածաշրջանի երկրների, մասնավորապես՝ Թուրքիայի հետ։

«Որևէ մեկին չպետք է մեղադրել ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման համար, քանի որ Նիկոլ Փաշինյանն ինքն է այդպես որոշել, նախ՝ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, հետո էլ հայտարարեց, թե Ադրբեջանից արցախահայերին սպառնալիք չկա, երբ խաղաղ բնակիչները պարզապես կոտորվում էին։

Այնպես որ, այլ տեղերում մեղավոր փնտրելուց առաջ, առաջին հերթին՝ փնտրեք  ՀՀ իշխանությունում»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս