ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«ՀՀ իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն են համարում: Ինչպես ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, վերջին շրջանում ՔՊ-ականների համար անվտանգային բոլոր հարցերը մի կողմ դրած՝ ԵՄ անդամակցության թեկնածության հարցը դարձել էր թիվ մեկ օրակարգ, ՔՊ գրեթե բոլոր նիստերի առաջնային հարցը սա էր: Հատուկ ԵՄ անդամակցության հարցի շուրջ քննարկում ունենալու համար Նիկոլ Փաշինյանը շաբաթը մի քանի անգամ գալիս էր ԱԺ՝ փակ հանդիպման:
Բայց, արի ու տես, ՔՊ-ականները հավանաբար գլխի են ընկել, որ սա մեկ օրվա հարց չէ ու որոշել են այս պահին առկախել դրա շուրջ քննարկումները: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առկախման հիմնական պատճառն այս հարցի շուրջ ՔՊ-ում առկա տարաձայնություններն են: Չնայած ինտենսիվ հանդիպումներին՝ ՔՊ-ականներին այդպես էլ չի հաջողվել կոնսենսուսի գալ սրա շուրջ: Թիմի «Եվրոպամետ» հատվածն այն կարծիքին է, որ պետք է արագ գործել ու ամբողջ ռեսուրսը ներդնել, որ գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնեն, մի մասն էլ գլխի է գցել, որ դա հեշտ բան չէ, պետք է ճիշտ գնահատել դրա հետեւանքներն ու նոր գործել: Ահա այս տարակարծությունների արդյունքում ԵՄ անդամակցության հարցը, թեեւ փակված չէ, սակայն այս պահի դրությամբ երկրորդ պլան է մղվել»: