Փաշինյանը Մալաքե Թաուսի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ.
«Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով:
Թող Նոր տարին հաջողություններ բերի ձեզ և ձեր ընտանիքներին՝ բացելով զարգացման ու առաջադիմության նոր հորիզոններ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում, որ մեր երկրի ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքների, այդ թվում՝ եզդիական համայնքի ներկայացուցիչները կարողանան պահպանել և զարգացնել իրենց ազգային ինքնությունը, մշակութային ու կրոնական ինքնարտահայտման, ինչպես նաև կրթական պատշաճ հնարավորություններ ունենան, և մենք շարունակելու ենք այս քաղաքականությունը:
Կարևորում ենք նաև տնտեսական գործունեության հավասար հնարավորությունները` ի շահ յուրաքանչյուրի անհատական և մեր պետության ընդհանրական բարեկեցության:
Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, երջանիկ Նոր տարի և ամենայն բարիք եմ մաղթում բոլորիդ և յուրաքանչյուրիդ»: