Հիմա ի՞նչ ուղերձ են հղում քաղաքացիները կառավարությանը

Անցած տարվա սկզբին, երբ ծնելիությունը Հայաստանում մի պահ ավելացել էր, Նիկոլ Փաշինյանն առիթը չկորցրեց ու հայտարարեց, թե սա քաղաքացիների ուղերձն է կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը։

Ուզում էր ասել՝ ի հեճուկս հոռետեսների, քաղաքացիները վստահում են կառավարության իրականացրած քաղաքականությանը, Հայաստանում տեսնում են ապագա, դրա համար էլ սկսել են ավելի շատ երեխաներ ունենալ։

«2023թ. առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանում ծնվել է 11926 երեխա, ինչը 1401-ով ավելի է, քան 2022թ. առաջին չորս ամիսներին, 532-ով ավելի է, քան 2021թ. առաջին չորս ամիսներին, 1469-ով ավելի է, քան 2020թ. առաջին չորս ամիսներին, 1415-ով ավելի է, քան 2019թ. առաջին չորս ամիսներին, 1180-ով ավելի է, քան 2018թ. առաջին չորս ամիսներին:

Այս թվերը ես ընկալում եմ՝ որպես քաղաքացիների կողմից կառավարությանը հասցեագրված ուղերձ, որոնք հաճախ չեն հնչում ամբիոններից, բայց ունեն վճռորոշ նշանակություն:

Կարդացեք նաև

Եվ առաջիկա մեր քաղաքականությունները հիմնված են լինելու այս ուղերձների վրա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Համարենք, որ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր ընկալել քաղաքացիների ուղերձը։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ այժմ ի՞նչ ուղերձ են հղում քաղաքացիները կառավարությանը, երբ հակառակն է տեղի ունենում՝ ծնելիությունը նվազում է։

Եվ ինչո՞ւ միայն ծնելիությունը. բնակչության բնական շարժի բոլոր հիմնական ցուցանիշները վատացել են։

Ոչ միայն ծնելիությունն է նվազել, այլև մահերն են ավելացել։ Բնակչության բնական հավելաճն է կրճատվել, այն էլ՝ բավական մեծ տեմպով՝ 2,4 անգամով։

Պաշտոնական տվյալներով, տարեսկզբի առաջին երկու ամիսներին ծնելիությունը Հայաստանում 7,4 տոկոսով պակասել է։

Եթե նախորդ տարի ծնվել էր 5914 երեխա, այս տարի ծնվել է 5477-ը՝ 437-ով քիչ, քան անցած տարի։

Գուցե ասի Նիկոլ Փաշինյանը, թե հիմա սրանով ի՞նչ ուղերձ են հղում քաղաքացիներն իշխանություններին ու իր կառավարության իրականացրած քաղաքականությանը, արդյոք վստահո՞ւմ են երկրի ապագայի վերաբերյալ իրենց տեսլականին, թե՞ չեն վստահում, հավատո՞ւմ են, որ Հայաստանում ապագա կա, թե՞ չեն հավատում։ Եթե հավատում են, ինչո՞ւ է Հայաստանում կրճատվել ծնելիությունը, ինչո՞ւ են մարդիկ խուսափել ավելի շատ երեխաներ ունենալ։ Դրանով ի՞նչ ուղերձ են փոխանցում կառավարությանը։ Ծնելիության կրճատումը կառավարության իրականացրած քաղաքականության նկատմամբ վստահությա՞ն, թե՞ անվստահության արտահայտությունն է։

Այս հարցերին, բնականաբար, Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնալու։ Բայց առանց դրա էլ շատ բան վաղուց այլևս պարզ է, քաղաքացիները վստահություն չունեն Նիկոլ Փաշինյանի իշխանության ու կառավարության կողմից իրականացվող քաղաքականության նկատմամբ։

Դրա վկայություններից մեկն էլ վերջերս հրապարակված սոցիոլոգիական հարցման արդյունքներն են, որոնց համաձայն՝ կառավարության ղեկավարի վստահությունը հասել է պատմական մինիմումի։

Նիկոլ Փաշինյանի աշխատանքից լիովին գոհ է հարցվածների ընդամենը 8 տոկոսը։

Մեկ տարի առաջ գոհերի քանակը 16,2 տոկոս էր. կրկնակի կրճատվել է։

Նույնիսկ նախկին «թալանչի» և «ոչ ժողովրդավար» ղեկավարները երբևէ այդպիսի ցածր ռեյտինգ ու վստահություն չեն ունեցել, ինչպիսին, այս հարցման արդյունքներով, ունի Նիկոլ Փաշինյանը։

Ծնելիության կրճատումը ևս կառավարության ու կառավարության ղեկավարի իրականացրած քաղաքականության նկատմամբ քաղաքացիների անվստահության արտահայտություններից մեկն է։ Մարդիկ չեն հավատում երկրի ապագայի վերաբերյալ կառավարության քաղաքականությանը։

Եվ ինչպե՞ս պետք է հավատան ու վստահեն, երբ տեսնում են, թե ինչ է կատարվում։ Չկա անվտանգության ոչ մի երաշխիք, երկրի տարածքները քայլ առ քայլ հանձնում են թշնամուն։

Թշնամին ավելի է մխրճվում Հայաստանի խորքերը՝ ստեղծելով նոր ռիսկեր անվտանգության առումով։

Այս ամենը քիչ է, երկիրը ներքաշել են աշխարհաքաղաքական մեծ խաղերի մեջ։ Աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների պայմաններում՝ ժամանակ են գտել կողմնորոշումները վերանայելու համար։

Ամեն ինչ այնպես են խառնել, որ ոչ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի վաղը։ Ոչ մի բանի վրա վստահություն ու երաշխիք չկա։ Մարդիկ չեն կարող անգամ մի քանի օրվա կտրվածքով պլանավորել իրենց ապագան։ Համատարած  բացասական սպասումներ են ու բացարձակ անորոշություն, ինչին, անշուշտ, ադեկվատ է նաև քաղաքացիների ուղերձն ու վերաբերմունքը կառավարության իրականացրած քաղաքականությանը։

Այսպիսի պայմաններում բնակա՞ն չէ, որ մարդիկ հակված չեն լինելու հեռահար նպատակներ դնել, ոչ միայն իրենց, այլև իրենց երեխաների ճակատագիրը կապել մի երկրի հետ, որի ապագան այս իշխանությունների ձեռքով դարձել է անկանխատեսելի, անորոշ ու անհայտ։

Ահա, թե ինչի պատճառով է, որ ծնելիությունը նվազել է։

Փոխարենը՝ մահերն են ավելացել։

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանում 4914 քաղաքացի է մահացել։

Սա 363-ով կամ 8 տոկոսով ավելին է, քան անցած տարի էր։

Անցած տարվա նույն ժամանակահատվածում 4551 քաղաքացի էր մահացել։

Մի կողմից՝ ծնունդներն են կրճատվել, մյուս կողմից՝ մահերն են ավելացել։

Արդյունքում՝ բնակչության բնական հավելաճն անցած տարվա 1363-ից նվազել է մինչև 563-ի։

Կրճատվել է նաև ամուսնությունների քանակը։

Այս ամենը քաղաքացիների ուղերձն է՝ ուղղված իշխանություններին ու կառավարության քաղաքականությանը։ Ու երբ Նիկոլ Փաշինյանն անցած տարի հայտարարում էր, որ առաջիկա իրենց քաղաքականությունները հիմնված են լինելու քաղաքացիների ուղերձների վրա, ապա սրանից հետևությունն աներկբա է՝ քաղաքացիները չեն վստահում իշխանություններին ու կառավարության քաղաքականությանը։

Ի դեպ, չնայած անցած տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանը խոսում էր վերջին տարիների կտրվածքով ծնելիության բարձր ցուցանիշների ու դրանով քաղաքացիների կողմից կառավարությանն ուղղված ուղերձի մասին, տարեվերջին արձանագրվեց ծնելիության կրճատում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս