ԱՄՆ-ն հակամարտությունները պատրվակ է դարձնում Կովկասի գործերին միջամտելու համար. Վելայաթի
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ցանկանում են հակամարտությունների կարգավորման պատրվակով միջամտել տարածաշրջանի գործերին։ Ինչպես տեղեկացնում է «Mehr»–ը, այս հայտարարությունն արել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
Վելայաթիի խոսքով` կովկասյան տարածաշրջանի գործերին անօրինական միջամտության որոշումը համաձայնեցվել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, ընդ որում` որպես նպատակ հայտարարվում է «խաղաղության հաստատումը»:
«Նման վարքագիծը վկայում է, որ երկրների այս խումբն ուզում է լարվածություն առաջանել աշխարհի տարբեր մասերում և պատրվակ է ստեղծում ռազմական ներկայության համար` տարածաշրջանի երկրների անվտանգության և անկախության հաշվին»,- կարծում է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի նոր ծրագիրը հիմնված է ԱՄՆ-ի նախաձեռնության վրա, դրա իրականացման համար անհրաժեշտ կլինի տարածաշրջանում միջնորդների օգնությունը:
«Նման ռազմավարության իրականացումը տարածաշրջանի երկրների համար ոչ միայն կործանարար հետևանքների կհանգեցնի, այլև կբերի դրանց պատմական սահմանների լղոզման, ներքին հակամարտությունների առաջացման։ Արևմտյան տերությունները` ԱՄՆ–ի գլխավորությամբ, այդ իրադարձությունները որպես պատրվակ կօգտագործեն տարածաշրջանի գործերին միջամտելու համար»,- վստահ է Վելայաթին։
Նրա կարծիքով` դա կխորացնի տարածաշրջանի երկրների միջև լարվածությունը, պատերազմ կբորբոքի Հարավային Կովկասում:
Վելայաթիի խոսքով` Թեհրանը թույլ չի տա Արևմուտքի կողմից որևէ դավադրություն, որն ուղղված կլինի տարածաշրջանային անվտանգության խաթարմանը:
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը նշել է, որ ԱՄՆ-ն փորձում էր դաշինքի ուժեր տեղակայել Ռուսաստանի հարավում կամ Իրանի հյուսիսում` Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի էներգառեսուրսները ստանալու համար: Սակայն, նրա խոսքով, ծրագիրը խափանվեց Թեհրանի զգոնության շնորհիվ։