Ջալալ Հարությունյանի գործով հարցաքննվել են 3 վկաներ․ ովքեր են նրանք
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ Սյունիքի մարզի դատարան է ներկայացել Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանը։
«Թերթի ձեռքում է հայտնվել լուսանկար, թե ինչպես է նա դատարանում փաստաթղթեր ուսումնասիրում։
Նշենք, որ նա Սյունիքի մարզի դատարան է գնացել իր դեմ հարուցված քրեական գործով։ Նիստը կայացել է, գործով հարցաքննվել են 3 վկաներ, որոնցից մեկը Ցոր զորամասի կապիտան է եղել, եւ երկու զինվորներ։
Զոհվածների հարազատները դատարանին միջնորդել էին գործը քննել Երեւանում, որպեսզի իրենք բոլոր նիստերին կարողանան ներկա գտնվել, սակայն դատարանը մերժել էր։
Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման եւ պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով եւ զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ եւ կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսեւորել է անփույթ վերաբերմունք. իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»: