Պաշտպանական կարողությունների զարգացո՞ւմ, թե՞ լավ թաքնվելու հնարավորությունների ստեղծում. Անվտանգային ի՞նչ տրամաբանություն էր գործում նախկինում և այսօր

2017 թվականին այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը «Հայ Զինվոր» պաշտոնաթերթին տրված հարցազրույցում մի բանալի միտք էր ասել. «Եթե նախկինում ամրապնդում էինք պաշտպանությունը, այսօր հենակետերը լրակահավորում ենք ակտիվ մարտ վարելու նպատակով: Մեր դիրքերը ոչ թե թաքնվելու, այլ կռվելու համար են»:

Իհարկե, դեռևս 2016 թվականի փետրվարին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Վիեննայում «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարի շրջանակում ներկայացրել էր ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները (2011-2015թթ. պլանավորման շրջափուլ։- Մ.Պ.)՝ նշելով.

«ՀՀ անվտանգության ապահովման նպատակներին հասնելու համար և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո իրականացվող բանակցային գործնթացի համար նպաստավոր պայմաններ ձևավորելու նպատակադրմամբ, նախատեսում ենք գործադրել մի շարք միջոցներ:

Կարդացեք նաև

Դրանցից է «Սանձահարման/Զսպման համակարգը» (Deterrence system), որը Հայաստանի Հանրապետությունը գործի է դնում առկա զինված դիմակայությունը նվազեցնելու համար: «Սանձահարումը/Զսպումը» մեր դոկտրինալ մոտեցումներում հետզհետե դուրս է մղում «Ստատիկ պաշտպանության» հայեցակարգին, որը հակառակորդի կողմից կարող էր դիտարկվել՝ որպես անբավարար հզորության վկայական:

Իրականում, 25 տարվա պաշտպանողական կեցվածքը մեզ տվեց ոչ ավելի, քան գնալով քաջալերվող սադրիչ գործողություններ:

Այնպես որ, Հայաստանի Հանրապետությունն իրականացնելու է որակական լուծումներ՝ քանակական անհավասարակշռությունները չեզոքացնելու համար, միաժամանակ խստորեն պահպանելով սպառազինությունների վերահսկման ոլորտում առկա սահմանափակումները»։

Նա նաև հավելել էր, որ «Սանձահարման/Զսպման համակարգը» կիրականացվի՝ ինչպես արձագանքող, այնպես էլ՝ կանխարգելող եղանակով:

Այս համատեքստում հավելենք, որ ՀՀ ՊՆ 2017-2018 թվականների ծրագրերի շրջանակում ՀՀ կառավարության 2017 թվականի գերակա խնդիրների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության ուղղությամբ գերակա խնդիր էր ճանաչվել` Ռազմավարական զսպման համակարգի զարգացումը:

«Գերակա խնդրի իրականացմանն ուղղված քայլեր են նախատեսվել` ՀՀ զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հնարավորությունների ավելացումը, հետախուզական հնարավորությունների ավելացմամբ վաղ հայտնաբերման համակարգի ընդլայնումը, պետական և ռազմական կառավարման համակարգի կատարելագործումը, միջազգային դաշնակցային, գործընկերային և իրավապայմանագրային հարաբերությունների զարգացումը:

Գերակա խնդրի նպատակն է եղել ավելացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ցանկացած բնույթի զինված ոտնձգության կանխման հնարավորությունները…:

Գերակա խնդրի իրականացմանն ուղղված քայլերի շրջանակներում իրականացվել է ՀՀ զինված ուժերի կառուցվածքի և զորքերի կառավարման համակարգի վերանայում, մշակվել և 2018 թվականի հունվարին ՀՀ Նախագահի աշխատակազմ է ներկայացվել «ՀՀ զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագիրը, ՀՀ զինված ուժերի 2018-2024 թվականների զարգացման պլանը և Հայաստանի Հանրապետության սպառազինության և ռազմական տեխնիկայի 2018-2024 թվականների զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ  Նախագահի հրամանագրի նախագիծը»,- նշվում էր ՀՀ պաշտպանական գերատեսչության 2017 թվականի բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, միջոցառումների և գերակա խնդիրների, ինչպես նաև 2018 թվականի համար աշխատանքների վերաբերյալ ամփոփագրում:

Արդեն 2018 թվականի հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել էր իր տեսլականը պաշտպանության համակարգի զարգացման վերաբերյալ, որտեղ  առանձնացրել էր մի շարք առաջնահերթ խնդիրներ:

Առաջին, Զինված ուժերի կառավարման համակարգի և կառավարման մշակույթի արդիականացում:

Այդ համակարգը պետք է ունենար ժամանակակից ռազմական գործողություններ վարելու համար բավարար օպերատիվություն, կենսունակություն, շարժունակություն և տեխնոլոգիական հագեցվածություն:

Երկրորդ, ռազմական գործողությունների վարման ձևերի ու եղանակների, այսինքն՝ ռազմարվեստի արդիականացում և ապակենտրոնացված ու տարատեղված գործողություններ վարելու կարողությունների ձևավորում՝ զինված ուժերի պատրաստությունը հավանական պատերազմի բնույթին համապատասխանեցնելու, որոշումների կայացման և գործողությունների իրականացման փուլերում հակառակորդի նկատմամբ առաջանցում ապահովելու նպատակով:

Երրորդ, հակառակորդի հետ անմիջական շփման բնագծերի շարունակաբար համալրում արդիական տեխնիկական միջոցներով և մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացում:

Այսինքն, մենք պետք է առավելագույնի հասցնեինք մի կողմից՝ հակառակորդի դիպուկահար կրակի, դիվերսիոն ներթափանցման և հարձակման նախապատրաստման փորձերի բացահայտման, հավաստանշման, թիրախորոշման և կրակային խոցման կարողությունները, մյուս կողմից՝ յուրային անձնակազմի քողարկման, պատսպարման և պաշտպանվածության աստիճանը: 

Իսկ 2020 թվականի հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացնելով պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման իր երկրորդ տեսլականը, որտեղ էլ նշվել էր, որ ավելի ու ավելի ենք հեռանում դասական պատերազմ վարելու մարտավարությունից և օպերատիվ արվեստից, ուստի կարևորվել էին հետևյալ խնդիրները.

Ռազմական այնպիսի ներուժի ձևավորում, որը ոչ միայն կզսպի հակառակորդի ռևանշիստական նկրտումները և զերծ կպահի լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու գայթակղությունից, այլև այդ գայթակղության դեպքում նրան արագորեն կզրկի պատերազմավարման կարողություններից:

– ԶՈՒ վերազինում՝ նպատակաուղղված զինված ուժերի ստորաբաժանումներն այնպիսի շարժունակ, ժամանակակից և գերճշգրիտ զինատեսակներով համալրելուն, որոնք կգործեն ավտոմատ կառավարման տիրույթում և կապահովեն ստորաբաժանումների ապակենտրոնացված ինքնուրույն գործողությունները:

– Վերազինումը նպատակ պիտի հետապնդի նաև հասանելի ռեսուրսների առավել արդյունավետ կիրառմամբ մարտական գործողությունների վարման տարբեր տիրույթներում հասնելու հավանական հակառակորդի նկատմամբ ակնհայտ գերազանցության և չեզոքացնելու այլ ուղղությամբ առկա ռիսկերը: Օրինակ` 4+ սերնդի բազմաֆունկցիոնալ ավիացիայի ստեղծման նպատակն է ստանձնել նախաձեռնությունը «օդ-օդ» և «օդ-ցամաք» տիրույթներում, տարբեր բարձրությունների և խորությունների վրա գործող գերզգայուն ՀՕՊ համակարգերի համալրման նպատակն է թիրախավորել և չեզոքացնել օդային հարձակման բոլոր հավանական միջոցները՝ ցածր բարձրությունների վրա թռչող և ամենափոքր թիրախներից մինչև օդատիեզերական տիրույթում գործողները, և այսպես շարունակ, և այլն:

Դավիթ Տոնոյանն այստեղ նշել էր, որ մեր անվտանգությունը փոխկապակցված է տարածաշրջանային և միջազգային անվտանգության հետ և անմիջականորեն կրում է դրա՝ ինչպես բացասական, այնպես էլ՝ դրական ազդեցությունը, ուստի անվտանգության ապահովման գործում մեր հայացքը շատ ավելի ընդգրկուն է, քան մեր պետության սահմանները:

«Մեր արտաքին անվտանգային քաղաքականությունը կառուցելիս մենք «քաղաքական զգայարաններով» տեսնում ենք մեր բնական դաշնակիցներին և արհեստածին հակառակորդներին, մեր ռազմաքաղաքական հետաքրքրությունների շրջանակը կերտելիս մենք լավ ենք գիտակցում մեր աշխարհագրական դրությունը, ուստի մեր բոլոր քաղաքական քայլերն ուղղված են ոչ միայն մեր ռազմաքաղաքական աշխարհագրությունն ամրապնդելու, այլև այն ընդլայնելու գործին: Դեռ ավելին, մեր ռազմաքաղաքական աշխարհագրության ընդլայնումը և անվտանգային ազգային ներուժի, ներառյալ՝ միջազգային դաշինքների շարունակական ամրապնդումը նոր հնարավորություններ են ընձեռում ոչ միայն մեր ազգային շահերի հաստատակամ առաջմղման, այլև տարածաշրջանում անայլընտրանք բարեկամություն հաստատելու համար:

Ուստի մենք շարունակելու ենք ռազմաքաղաքական դաշինքների և գործընկերությունների զարգացումը՝ հավաքական պաշտպանության գործուն մեխանիզմների կայացման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության բովանդակության և աշխարհագրության ընդլայնման, համակողմանի փորձի փոխանակման և անվտանգության լրացուցիչ երաշխիքների ձևավորման նպատակադրմամբ»,- 2020 թվականի հունիսի իր տեսլականում մանրամասնել էր Տոնոյանը:

Թե որքանով էին պաշտպանության նախկին նախարարի տեսլականների դիտարկումները կատարվել մինչև 44-օրյա պատերազմը, ավելորդ է կրկնել:

Որքանով էին հաշվի առնվել նրա դիտարկումներն արտաքին քաղաքականության և դիվանագիտական դաշտում, այս հարցին, թերևս, պատասխանել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը 2023 թվականի հունիսին իր տարածած հայտարարության մեջ։

Մի բան, թերևս, փաստ է՝ այսօր էլ ՀՀ անվտանգությունը փոխկապակցված է տարածաշրջանային և միջազգային անվտանգության հետ, և անմիջականորեն կրում է դրա՝ ինչպես բացասական, այնպես էլ՝ դրական ազդեցությունը, բայց այս պարագայում ի՞նչ է անում ՀՀ գործող իշխանությունը՝ ամեն օր ավելի ու ավելի է թուլացնում ՀՀ անվտանգային ու պաշտպանական դիմադրողականությունը:

Եվ թեև ամեն պատեհ և ոչ պատեհ առիթի շեշտվում է պաշտպանական կարողությունների ամրապնդման, պաշտպանական զենքերի ձեռքբերման մասին, բայց իրականում մենք նույնիսկ դուրս ենք եկել զուտ պաշտպանվելու տրամաբանությունից, մի բան, որ, ինչպես նշեցինք, դեռ նախկին իշխանությունների օրոք բավարար չէր համարվել, և այսօր, ըստ էության, ներկայիս իշխանությունները գործում են զուտ լավ թաքնվելու տրամաբանության մեջ: Կրկնում ենք՝ լավ պաշտպանված և քողարկված լինելն անձնակազմի և ռազմական տեխնիկայի՝ վատ բան չէ, եթե չասենք՝ անհրաժեշտություն է, որի հարցում խնդիրներ են եղել նաև 44-օրյայի ընթացքում, բայց հարցն այստեղ իշխանությունների որդեգրած տրամաբանության մեջ է՝ լավ թաքնվել և միայն, որովհետև պաշտպանությունն անգամ այլ գործողություններ է ենթադրում, որը Փաշինյանը կարող է ոչ լեգիտիմ համարել:

Եվ ՀՀ-ին լավ թաքնվելու հնարավորություն տալու տրամաբանությամբ էլ գործընկեր երկրներն են աջակցություն ցույց տալիս ՀՀ պաշտպանական ոլորտում՝ հատուկ նշանակության ուժերի համար նախատեսված զրահամեքենաներ Ֆրանսիայից, ԱՄՆ-ը պատրաստվում է ՀՀ-ին զրահապատ շտապօգնության մեքենաներ մատակարարել։

Բնականաբար, հատուկ նշանակության ուժերի համար նախատեսված զրահամեքենաների ձեռքբերումը և զրահապատ շտապօգնության մեքենաների ձեռքբերումը լավ բան է, բայց երբ այն տրամադրվում է անվտանգության ապահովման համատեքստում, ծիծաղելի է: Ուստի այս պարագայում ևս հանգում ենք լավ թաքնվելու տրամաբանությանը:

Օրինակ, այսօր էլ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ ամբիոնից չմոռացավ հիշեցնել ամրացված շրջանների և ինժեներական կառույցների մասին, որոնց առնչվող տեսանյութեր էր տարածել ադրբեջանական կողմը:

Եվ եթե մինչ այս Անդրանիկ Քոչարյանը դրանք հզոր և հուսալի ամրոցներ էր համարում, ապա այսօր դրանք համեմատել է չինական պատի հետ, նաև՝ պետական սահմանի ձևավորման համատեքստում:

«Առաջին այդպիսի պատմական հնարավորությունն իրացրել է Չինաստանի առաջին կայսրը, երբ որ չինական պարիսպն էր ստեղծում: Առաջին անգամ երևի գծվեց սահմանը, և այդ պարիսպը դարձավ աշխարհի հրաշալիքներից մեկը: Դրանով ասում էր՝ էն, ինչ մերն է, մերն է, էն ինչ մերը չի, ցանկություն չունեմ շարժվելու այս պարիսպից դուրս: Չնայած Չինգիզ խանը պարիսպից թռավ ներս, բայց դա որևէ նշանակություն չունի, նույն ձև թռավ դուրս»,- ասել է Քոչարյանը՝ նշելով, թե ճիշտ մտածելու դեպքում ՀՀ-ն ինչ-որ ժամանակ հետո կունենա Չինաստանի արձանագրած հաջողությունները:

Ստացվում է՝ «հայկական ամրոց», հնարավոր է, թշնամին կկարողանա մտնե՞լ, իսկ այ, մենք կկարողանանք դուրս նետել, մեծ հարց է: Ի դեպ, վատ չէր լինի, որ Անդրանիկ Քոչարյանը ուսումնասիրեր Չինաստանի բանակի տրամաբանությունը, այն հաստատ զուտ լավ թաքնվելը չէ: Թերևս Անդրանիկ Քոչարյանի կողքին կլինեն ռազմական պատմության մասնագետներ, ուստի սրա մանրամասն բացատրությունը թողնենք նրանց:

Տեսանյութեր

Լրահոս