Բաժիններ՝

STARMUS-ի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը հուսով է Սլովակիայում կրկնել Հայաստանում կազմակերպված փառատոնի հաջողությունը

Գիտությունն ու երաժշտությունը միավորող STARMUS փառատոնը, որն այս տարի անց է կացվելու մայիսի 12-17-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում, կկայանա «Մեր հարազատ մոլորակի ապագան» («The Future of our Home Planet») խորագրի ներքո։ Ապրիլի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը հույս հայտնեց, որ արդեն 7-րդ անգամ կազմակերպվող փառատոնը Սլովակիայում նույնքան հաջողված կլինի, որքան 2022 թվականին Հայաստանում կազմակերպված STARMUS VI-ը։

«Մենք միշտ փորձում ենք ամեն նոր փառատոն դարձնել նախկինից ավելի լավը։ Եթե այսօր հարցնեք նախորդ փառատոններին մասնակցող դասախոսներին, իսկ նրանցից շատերը ներկա են եղել տարբեր տարիների կազմակերպված STARMUS-ներին, ապա նրանք կասեն, որ լավագույնը Հայաստանում երկու տարի առաջ կազմակերպվածն էր։ Բոլորը միաձայն կհաստատեն դա։ Ես ինքս էլ այդ կարծիքին եմ։ 100 հազար մարդ Երևանում վայելում էր քաղաքային գիտական ծրագիրը։ 7 հազար մարդ մասնակցում էր փառատոնի հիմնական դասախոսություններին, բոլոր տոմսերը վաճառված էին։ Սա նախադեպը չունեցող արդյունք էր, որ գրանցվեց Հայաստանում։ Հուսով եմ՝ Սլովակիայում կունենանք առնվազն նույն արդյունքը»,- ասաց Իսրայելյանը՝ նկատելով, որ հատկապես Հայաստանի և Սլովակիայի նման փոքր երկրներում գիտության նմանօրինակ փառատոնները պետք է պատշաճ գնահատականի արժանանան:

Փառատոնի հիմնադիրը նկատեց, որ STARMUS VII-ը կառանձնանա նախորդ տարիների փառատոններից նաև նրանով, որ առաջին անգամ քննարկումների հիմնական թեման լինելու է հենց Երկիր մոլորակն ու դրա հիմնական մարտահրավերները։

Ասուլիսին առցանց միացած STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս, լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը նկատեց, որ այս տարվա քննարկումներում հատկապես շատ կլինեն ելույթներն արհեստական բանականության (ԱԲ), ժամանակակից աշխարհում դրա հնարավորությունների և մեր օրերի խնդիրների լուծման գործում ԱԲ հնարավոր դերակատարության վերաբերյալ։

STARMUS-ի յոթերորդ փառատոնի բացումը Բրատիսլավայում կազդարարվի ֆրանսիացի կոմպոզիտոր, երաժիշտ Ժան-Միշել Ժարի համերգով, որը կանցկացվի «Կամուրջ ապագայից» («Bridge from the Future») խորագրի ներքո։

Բեմի վիզուալ լուծումները տրվել են արհեստական բանականության միջոցով՝ որպես մարդկային երևակայության շարունակություն։ «Մեր օրերում, այսօրվա խավարի օրերում մենք ավելի քան երբևէ կարիք ունենք կերտել մեր ապագան, մտածել ավելի լավ ապագայի մասին, իսկ գիտությունն ու արվեստն ապագան կերտելու հիմնական տարրերն են։ Այսօր ավելի քան երբևէ կարևոր է STARMUS-ը ուշադրության կենտրոնում պահել»,- ասուլիսին հայտնեց Ժան-Միշել Ժարը, ով նաև դարձել է STARMUS-ի խորհրդի անդամ։

Նա խոստացավ, որ դա պարզապես հերթական, սովորական համերգ չի լինելու, այլ հանդիսատեսը ականատեսն է լինելու անօրինակ երաժշտական երեկոյի։ Ի դեպ, բեմի վիզուալ լուծումները տրվել են արհեստական բանականության միջոցով։

Համերգի ընթացքում բեմում հանդես կգա նաև Բրայան Մեյը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս