«Մենք գետի մի կողմում ենք, Վրաստանը՝ մյուս, պետք է խնդիրներ չլինեն, կարծում եմ՝ եթե եղան՝ շատ վատ կլինի». Ջիլիզայի վարչական ղեկավար

Այսօր լրագրողների հետ զրույցում  ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ասաց, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

«Երկու երկրների կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման աշխատանքները պետք է վերսկսվեն, որոնք բավականին երկար ժամանակ դադար էին ստացել։

Երկու երկրներն էլ թարմացրել են սահմանազատման իրենց հանձնաժողովները։ Նիստ դեռևս տեղի չի ունեցել։ Երկու կողմն էլ որոշակի տնային աշխատանքներ են կատարում»,- նշեց Վահան Կոստանյանը։

Հայ-վրացական սահմանին սահմանազատում կատարելու վերաբերյալ երկու երկրների կառավարությունների ղեկավարների ավելի վաղ արած հայտարարությունից հետո խոսակցություններ շրջանառվեցին, որ հարցականի տակ է դրվում Լոռու մարզի ամենավերջին գյուղի՝ Ջիլիզայի ճակատագիրը, որն անմիջապես սահմանակից է Վրաստանին ու  անհայտ է՝սահմանազատումից հետո անցնելու է Վրաստանի՞ն, թե՞ մնալու է Հայաստանին։

168.am հետ զրույցում Ջիլիզայի վարչական ղեկավար Մհեր Վարդանյանն ասաց, որ հայ-վրացական սահմանի սահմանազատման վերաբերյալ տեղեկացել է լրատվամիջոցներից՝ մոտ մեկ ամիս առաջ։

«Սկզբնական շրջանում մտահոգություններ եղել են բնականաբար, բայց հետո վերադասի հետ ճշտել եմ, որ կոնկրետ Ջիլիզայի հետ կապված որևէ քննարկում չկա, պաշտոնական որևէ հայտարարություն չկա։ Քննարկումը տեղի է ունեցել Ալավերդիի համայնքապետի հետ։

Այսօրվա դրությամբ էլ պաշտոնական որևէ տեղեկություն չունեմ։ Իմ ունեցած հնարավորություններով փորձել եմ նաև այլ աղբյուրներից ճշտել, որ նման բան դեռևս չկա»,- նշեց Մհեր Վարդանյանը։

Ըստ նրա, սկզբնական շրջանում մտահոգություններ եղել են թե՛ իր, թե՛ բնակիչների շրջանում, և դա բնական է համարում, քանի որ ցանկացած մարդու մոտ էլ կարող են մտահոգություններ առաջանալ, երբ  ասեն, որ իր ունեցածն ուրիշին պետք է տան։

«Հիմա չգիտեմ, չեմ էլ ուզում այդ մասին մտածեմ, քանի որ Ջիլիզան այնպիսի հատվածում չէ, որ սահմանագծման հետ կապված փոփոխությունների ենթարկվի։ Հայաստանին ու Վրաստանին այստեղ բաժանում է գետ, մենք գետի մի կողմում ենք, Վրաստանը՝ մյուս։ Կարծում եմ՝ պետք է խնդիրներ չլինեն, եթե եղան՝ շատ վատ կլինի, բնակիչները տրամադրված են, որ իրենք իրենց գյուղում ապրելու են, ոչ մեկը չի լքելու, բայց, իհարկե, ՀՀ տարածքում, ոչ թե որիշ պետության տրամադրության տակ»,- հավելեց Մհեր Վարդանյանը։

Ջիլիզայի վարչական ղեկավարից նաև հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Ջիլիզայի բնակիչները, որոնք մշտապես բողոքում էին, որ չունեն սեփականության վկայական, այսինքն՝ տուն ունեն, սակայն սեփականության վկայական չեն ստացել, Մհեր Վարդանյանն ասաց, որ այդ խնդիրներն առաջացել են զուտ ժառանգության հետ կապված հարցերի պատճառներով։

«Կային մարդիկ, որոնք ժառանգության հետ կապված խնդիրներ ունեին, ուստի միանգամից սեփականության վկայական չեն ստացել, կան բնակիչներ, որ դեռևս չեն ստացել։ Այսինքն՝ այս ամենը կապված է եղել զուտ ժառանգության հետ։

Երբ բնակիչներն ասում են, որ իրենց սեփականության վկայական չեն տալիս, մի քիչ  մանրամասնում ենք, տեսնում ենք, որ այնպես չէ, որ առանց պատճառի վկայական չեն տվել, դե, պետք է ընդունեն ժառանգություն, որ փաստաթղթերը կարգավորվեն, ու ստանան վկայական»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս