«Իմ հետ կապված գործերը փուչիկի պես պայթելու են. դուրս է գալիս, որ ես ու պապաս 31 հազար չենք ունեցել, որ ֆիրմա բացենք, «բոմժ» ենք եղել». Ռուբեն Հայրապետյան․ Aravot.am
«Իմ հետ կապված գործերը լրիվ փուչիկի պես պայթելու են: Լրիվ անօրինական, լրիվ սխալ հաշվարկներով, առանց որեւէ բան հաշվի առնելու ներկայացրել են դատարան: Լրիվ օդ է»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:
Ինչպես հայտնի է, Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նրա եւ նրա ընտանիքի անդամների՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործը, որով փորձում են որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել նրանց Ծաղկաձորում, Սեւանում գտնվող հողամասերը, Առինջում գտնվող անշարժ գույքը, «Լեքսուս» ավտոմեքենան, բանկային միջոցները, ավանդները, տարբեր ընկերություններում ունեցած բաժնետոմսերն ու կապիտալները:
Ռուբեն Հայրապետյանը, ներկայացնելով, թե ինչ կարգի շինծու գործ է սա, օրինակներ բերեց. «Ասեմ, որ պատկերացնեք՝ 1996 թվականին դուրս է գալիս, որ ես ու հերս իրար հետ 31 հազար դրամ չենք ունեցել, որ ֆիրմա բացենք, այսինքն, ես ու պապաս իրար հետ «բոմժ» ենք եղել այդ ժամանակ: Այդպես է ստացվում, այդպես էլ գրել են, որ մենք 31 հազար դրամ չէինք կարող ունենալ, որպեսզի ՍՊԸ բացեինք, այն դեպքում, երբ գնան Ավանում հարցնեն՝ պապական ամենահարուստ մարդիկ Ավանի մենք ենք եղել դարերով, Ավանում ում մտնեք հարցնեք՝ կասեն»:
Հարցին՝ ձեր ընտանիքից որպես ապօրինի ծագում ունեցող գույք փորձում են բռնագանձել մի շարք ընկերություններում մասնաբաժիններ՝ «Սպորտ Ռեզորթ», «Սևան Ռեզորթ», «Հարսնաքար», «Նորալուսին» եւ այլն, այդ ամբողջ ցանկը, որ կարդում եք, ո՞րն է ձեր վերաբերմունքը դրան՝ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Իրենք համարում են, որ 96 թվականից ստեղծված ՍՊԸ-ն անօրինական է, նշանակում է շղթայաբար ծերից ծեր գնում է անօրինական, բայց մի ուրիշ օրինակ բերեմ՝ դատախազությունը հարցում է անում «Գառզու է, Գռզո է», դրանց բանկին՝ «Հայէկոնոմբանկին», այն ժամանակ իմ բոլոր անձնական եւ ֆիրմայի շարժերը բոլորը եղել են այդ բանկում, դատախազությունը երբ հարցում է անում, ասում է՝ տվեք Ռուբեն Հայրապետյանի եւ նրա հետ փոխկապակցված ֆիրմաները ինչ շարժ են ունեցել 96 թվականից մինչեւ օրինակ 2006-ը, «Հայէկոնոմբանկը» պատասխանում է, որ «0» շարժ են ունեցել, բայց մեր կողմից կա իրենց կողմից կնքված բոլոր փաստաթղթերը, որ մենք շարժ ենք ունեցել: Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում տվեց, քրեական գործ հարուցեցին «Հայէկոնոմբանկի» վրա, մինչեւ հիմա չգիտենք ինչ է դրա արդյունքը: Եթե հիմքը վերցնում են նրանց տվածը, որ զրո շարժ է եղել 96 թվականից, բնականաբար, ձեր թվարկածը ամբողջը անօրինական է դառնում: Բայց երբ որ օրինական թղթերը վերցնեն, նայեն ինչ է, պարզ կլինի:
Այսօր փաստաբանը ասել է, որ դատախազությունը սխալ հիմքերով է հաշվարկն արել, դրա համար դատը հետաձգվել է: Հենց վերցնեն, նայեն, կտեսնեք, որ դատը զրոյանալու է: Ես ոչ պետական պաշտոնյա եմ եղել, ոչ պետությունից մի կոպեկ փող եմ կերել, ոչ կաշառք եմ վերցրել, ոչ էլ տվել եմ»:
Հարցին՝ եթե սա իրավական հիմք չունի, նշանակում է՝ քաղաքական հետապնդո՞ւմ է, ի՞նչ ունեն Ձեզ հետ չկիսած, ի՞նչ եք դուք արել, ինչո՞վ եք կանգնել ոմանց կոկորդին ու ո՞ւմ կոկորդին եք մնացել՝ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Բա եթե քաղաքական հետապնդում չի, բա ի՞նչ է: Իմ, տղուս, սաղի վրա քրեական գործեր են, իմ ֆիրման կրեդիտ է վերցրել իմ հիվանդ եղած ժամանակ, երբ որ ես Գերմանիայում վիրահատված եմ եղել, տղաս մոտս է եղել, դիրեկտորը վարկ է վերցրել, լափել է, հետ ենք ուզել մեր փողը, դրա համար քրեական գործ են հարուցել, հետախուզում են հայտարարել: Ես ի՞նչ իմանամ ոնց եմ կանգնել կոկորդներին, երբ որ կգամ մի օր շան թուլի պես ականջներից կբռնեմ, էն ժամանակ կխոստովանեն ինչով եմ կանգնել կոկորդներին:
Մի օր կգա, հետաքննություն կգնա, հատ-հատ մարդիկ կասեն ոնց են իրենց ստիպել անօրինական ցուցմունքներ տալ, օրինակ, Կոտայքի ռեգիոնալ վարչության պետը ոնց է մարդկանց ստիպել տղայիս վրա ցուցմունք տալ, մի հատ աղջկա ոնց է ստիպել ցուցմունք տա, որ տղաս իրեն բռնաբարել է, էդ ամբողջը մի օր մարդիկ հետցուցմունք են չէ՞ տալու: Ջրի երես է ելնելու: Բա որ բանկային հաշիվներս հանում են անօրինական, ի՞նչ արդյունք ունեցան»:
Հարցին՝ ձեր նկատմամբ հետախուզում է հայտարարված եւ մամուլում շրջանառվեց, որ տեսեք՝ Հայաստանում հետախուզում են, Մոսկվայում նոր ընկերություն է բացում, ի՞նչ կասեք այս մասին՝ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Իհարկե, բոլորին է հայտնի, որ իմ նկատմամբ հետախուզում է հայտարարված, իսկ որ Մոսկվայում ընկերություն եմ բացել, այսինքն, ինչ է, ինձ արգելվո՞ւմ է: Եթե Հայաստանում արգելում են, մենք այսօր այլախոհականներ ենք, մի հատ ապիկարը կար, որ ասում էր «սեւեր են», մենք սեւեր ենք, բայց հո Ռուսաստանում էլ սեւե՞ր չենք, Հայաստանից դուրս լրիվ սպիտակ ենք, որ երկիր էլ գնանք: Իսկ երբ որ կգանք Հայաստան, էն ժամանակ էլ կսպիտակենք: