Արդարադատության նախարարությունը՝ Քննիչ հանձնաժողովի նիստին Դավիթ Տոնոյանի մասնակցությունն ապահոված դատարանի որոշման մասին

Փետրվարի 14-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն՝ վերջինիս 2023թ․ գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով, որի ժամանակ նա անդրադարձել էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի 2023 թվականի օգոստոսի 1-ի նիստի շրջանակում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին վերաբերող միջադեպին:

Մասնավորապես, նա նշել էր, որ աղմկոտ դեպք է տեղի ունեցել, երբ Քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձին ուղեկցել էին տուն և հետաքրքրվել՝ «հիմա մենք համոզված ենք, որ այդ դեպքի բոլոր պատասխանատուների նկատմամբ միջոցներ ձեռնարկվե՞լ են», ինչին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը դրական պատասխան էր տվել:

«Նաև խնդիր ունեինք դատավորի կողմից տրված այդ թույլտվության բովանդակության հետ, որը նույնպես ուսումնասիրության առարկա է, քանի որ շատ տարօրինակ երկու ժամվա հատվածը, այսպես ասած, բաց էր թողնվել հենց դատարանի կողմից, որն ուսումնասիրում ենք»,- հավելել էր նախարարը:

Փաշինյանն այնուհետև շարունակել էր. «Ըստ էության, մեր օրենսդրությունը նախատեսում է կալանավորված անձի ընդհուպ արձակուրդ, եթե այդպիսի անհրաժեշտություններ կան, որովհետև իրոք կարող են ծագել օբյեկտիվ անհրաժեշտություններ, որ կալանավորված անձը տուն էլ գնա, տեսակցություններ կան, և այլն, իհարկե, օրենքով նախատեսված որոշ սահմանափակումներով: Դա նախատեսված է, եթե նման դեպքերի համար կա օբյեկտիվ անհրաժեշտություն»:

Կարդացեք նաև

Իսկ 2024 թվականի մարտի 26-ին ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում էլ ոլորտին առնչվող տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հարցուպատասխանի ընթացքում դարձյալ անդրադարձ էր կատարվել նշված միջադեպին, և այս առնչությամբ Անդրանիկ Քոչարյանի հարցադրումներին ի պատասխան՝ Մինասյանը նշել էր.

«Այս պատմության մեջ ականատես ենք եղել բազմաթիվ, այսպես ասած, տարօրինակությունների, քանի որ ինչ-որ մի բան այն չէր: Դրա արդյունքում եղավ ծառայողական քննություն, եղան կարգապահական տույժեր, կան նաև հեռացումներ»:

Եվ քանի որ նշված քննարկման ժամանակ դատարանի որոշման ուսումնասիրության ընթացքի կամ արդյունքների վերաբերյալ որևէ անդրադարձ չի կատարվել, և հաշվի առնելով այս հարցի վերաբերյալ հանրային հետաքրքրությունը, 168.am-ն ապրիլի 2-ին հարցում էր ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ վերոնշյալ երկու դեպքերի հիշեցմամբ:

«Խնդրում ենք տրամադրել տեղեկություն՝ 2024 թվականի փետրվարի 14-ին մասնակցությամբ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ վկայակոչված՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցությունը թույլատրելու դատարանի որոշման մասով օրենքով սահմանված կարգով ուսումնասիրության գործընթացի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Եվ եթե կա նման գործընթաց, ապա տեղեկություն տրամադրել դրա ընթացքի, եթե այդ ուսումնասիրության գործընթացն ավարտված է, դրա արդյունքների մասին»,- նշել ենք մեր գրավոր հարցման մեջ:

Ապրիլի 8-ին արդարադատության նախարարությունը պատասխան գրություն է ուղարկել, որտեղ նշվում է.

«Ի պատասխան 2024թ.-ի ապրիլի 2-ի՝ Արդարադատության նախարարին հասցեագրված Ձեր գրության՝ հայտնում ենք հետևյալը.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 145-րդ հոդվածի համաձայն.

«1. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն`

1) Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը.

2) Լիազոր մարմինը.

3) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սույն հոդվածի 1.1-ին կետով նախատեսված դեպքերում»:

Որպես լիազոր մարմին Օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով հանդես է գալիս արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը:

Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 1) կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝ անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումը. (…) 3) վարույթ հարուցող մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերումը:

Օրենսգրքի 147-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը: (…) Կարգապահական վարույթի նյութերը սույն օրենսգրքով չնախատեսված անձանց տրամադրելն արգելվում է:

Օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական վարույթ հարուցող մարմինը (այսուհետ՝ վարույթ հարուցող մարմին) վարույթ հարուցելու, այն կասեցնելու, վերսկսելու և կարճելու որոշումները կայացնելու պահից եռօրյա ժամկետում սույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով ուղարկում է վարույթ հարուցող մյուս մարմնին, ինչպես նաև հաղորդում ներկայացրած անձին և համապատասխան դատավորին:

Օրենսգրքի 148-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը կայացման պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է Բարձրագույն դատական խորհուրդ, դատավորին և վարույթ հարուցող մյուս մարմին: Որոշման հետ Բարձրագույն դատական խորհուրդ և դատավորին են ուղարկվում կարգապահական վարույթի բոլոր նյութերի պատճենները:

Վկայակոչված իրավական նորմերից հետևում է, որ կարգապահական վարույթի գաղտնիության ռեժիմը տարածվում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում կայացնելուց մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելն ընկած ժամանակահատվածի վրա: Նշվածից ելնելով՝ վարույթ հարուցող մարմինը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, ինչպես նաև դրան հաջորդող ընդունվող որոշումները պարտավոր է ուղարկել միայն Օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասով և Օրենսգրքի 148-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված անձանց՝ դրանցում չնշված անձանցից գաղտնի պահելով կարգապահական վարույթի ընթացքը և համապատասխան որոշումները:

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝ պարունակում է պետական, բանկային, առևտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն:

Սույն դեպքում, 02.04.2024 թվականի Ձեր հարցմամբ պահանջվել է տրամադրել տեղեկատվություն 14.02.2024 թվականին արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցությունը թույլատրելու դատարանի որոշման մասով օրենքով սահմանված կարգով ուսումնասիրության գործընթացի առկայության կամ բացակայության վերաբերյալ, իսկ դրա առկայության դեպքում՝ դրա ընթացքի և արդյունքների մասին, որի վերաբերյալ հայտնում ենք, որ կատարվում է համապատասխան ուսումնասիրություն, սակայն հաշվի առնելով վերոգրյալ իրավակարգավորումները՝ դրա ընթացքի և արդյունքների մասին տեղեկատվություն չի կարող տրամադրվել»:

Հավելենք, որ փետրվարի 29-ին Դավիթ Տոնոյանն արձագանքել էր վերը նշված միջադեպի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությանը, մասնավորապես, նշելով.

«Քրեակատարողական ծառայության աշխատակիցների տրամադրության տակ եղել է բացառապես ինձ կարճաժամկետ մեկնում տրամադրելու մասին դատարանի 2023 թվականի հուլիսի 27-ին կայացված որոշման եզրափակիչ մասի քաղվածքը, ըստ որի դատարանը ինձ իրավունք էր վերապահել հանձնաժողովի աշխատանքներից դուրս առնվազն երկու ժամ լինել կարճաժամկետ մեկնման մեջ, ինչն էլ օգտագործելով՝ նախընտրել եմ հանդիպել մորս: Այսինքն, օգոստոսի 1-ին ո՛չ իմ, ո՛չ Քրեակատարողական ծառայության աշխատակիցների գործողությունները չեն հակասել ո՛չ օրենքին, ո՛չ առկա որոշմանը: Այս առումով, միգուցե կարիք կա, որ Արդարադատության նախարարը վարչապետին լրացուցիչ ներկայացնի «կարճաժամկետ մեկնում» գործիքակազմի մանրամասները:

Հ.Գ. Վարչապետին կամ իր խորհրդականներին նաև խորհուրդ կտամ մինչ «ընդհուպ արձակուրդ» տրամադրելու իրավասության մասին հրապարակային հայտարարություններ կատարելը ուշադիր ուսումնասիրել կալանավորված անձանց մասին օրենսդրությունը և այն, թե արդյո՞ք այդպիսին գոյություն ունի ՀՀ օրենսդրության մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս