Արարատ Միրզոյանը Նիկոլից Նիկոլ էր դահլիճում. Իշխան Սաղաթելյանը փակ նիստից մանրամասներ է հայտնում. ՈՒՂԻՂ
Եթե Ադրբեջանը հարձակվի, դրա հրահրողը Հայաստանի Հանրապետության այսօրվա քաղաքական մեծամասնությունն է։ Սահմանազատման թեմայով փակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ողբերգություն է, երբ երկրիդ բարձրաստիճան պաշտոնյաները և քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները փրփուրը բերանին փորձում են հիմնավորել, որ ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքներն ադրբեջանական են։ Եթե տեղի ունենան ռազմական գործողություններ կամ Ադրբեջանի կողմից հարձակում, պետք է ֆիքսել, որ դրա հրահրողն ու դա լեգիտիմացնողն այսօրվա քաղաքական մեծամասնությունն է` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց` ընդդիմությունը հրատապ նիստ է հրավիրել Տավուշում ստեղծված իրադրության կապակցությամբ, ներկայացրել հայտարարության նախագիծ, որտեղ կա իրավիճակի գնահատում, կոչ միջազգային կառույցներին, հայ ժողովրդին, ինչպես նաև այլընտրանքային լուծումներ։
«Քիչ հետո այդ լուծումները քվեարկության կդրվեն, բայց իրենց տրամադրվածությունից արդեն ակնհայտ է, որ դեմ են լինելու մեր ներկայացրած նախագծին»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ քիչ հետո հայտարարության նախագիծը կհրապարակվի։
Ըստ նրա՝ ընդդիմությունը մեկ անգամ ևս համոզվեց` երկիրը մի ուժի ձեռքում է, որը շարունակելու է զիջումները։
«Մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ, որ իրականում սահմանազատման և սահմանագծման աշխատանք չկա, Հայաստան-Ադրբեջան բանակցություններ չկան, կան Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող նոր կապիտուլյացիոն պահանջներ, որոնց այս իշխանությունը մտադիր է առնվազն տեղի տալ և գնալ նոր կապիտուլյացիայի»,- շեշտեց ընդդիմադիր պատգամավորը։
Սաղաթելյանի խոսքով՝ փակ հանդիպման ընթացքում նաև ընդդիմությունն է քարտեզներ ներկայացրել։
Հարցին, թե ինչ տեսակետներ են հնչեցրել Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանը, Սաղաթելյանը պատասխանեց. «Արարատ Միրզոյանը Նիկոլից Նիկոլ էր դահլիճում»։
Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել են սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների թեմայով հրատապ նիստին, որը նախաձեռնել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։