Ռուսաստանը հայտնել է ուկրաինական 291 ԱԹՍ խոցելու, իսկ Ուկրաինան՝ ռուսական ԱԹՍ-ների հարվածների մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության միջոցները վերջին մեկ օրվա ընթացքում 291 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։
«Հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել են ուկրաինական 291 անօդաչու թռչող սարքեր, ֆրանսիական արտադրության 3 Hammer ավիացիոն կառավարվող ռումբեր և 4 HIMARS համազարկային կրակի ռեակտիվ արկեր», – ասված է հաղորդագրության մեջ։
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ ջախջախվել են հակառակորդի անձնակազմն ու զինտեխնիկան 117 շրջաններում:
Իր հերթին ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը ապրիլի 8-ի ցերեկը հարվածել են Զապորոժիեում գտնվող արդյունաբերական օբյեկտի, որի հետևանքով 6 մարդ է տուժել։ Իսկ Դնեպրոպետրովսկի Նիկոպոլ քաղաքի գնդակոծության հետևանքով, ըստ շրջանային զինվորական վարչակազմի ղեկավարի՝ վիրավորվել է 2 մարդ։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր հերթին հայտնել է, որ գիշերը ռուսական կողմն Ուկրաինայի վրա արձակել է 24 անօդաչու թռչող սարք, որոնցից 17-ը խոցվել են։