Այս անկանոն կրակոցները հասկանալի չեն մեզ համար․ մենք փորձում ենք խաղաղություն կառուցել․ Միրզոյան
Հայաստանի Հանրապետությունը իրավիճակի լարվածությամբ, էսկալացիայով շահագրգռված չէ, արձագանքելով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությանը, թե Հայաստանը «զորքեր է կուտակում» սահմանին, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում։
Ինչ վերաբերում է ապրիլի 5-ի գիշերը հայկական բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի արձակած կրակոցներին, ապա դրանք, Միրզոյանի ձևակերպմամբ, իրենց համար անհասկանալի են։
«Այս անկանոն կրակոցները ոչ մի կերպ չեն նպաստում խաղաղության գործընթացին և հասկանալի էլ չեն մեզ համար։ Մի կողմից մենք նստում ենք լուրջ բանակցությունների սեղանի մոտ, խաղաղության գործընթաց ենք ձեռնարկում և ամբողջ աշխարհին ասում ենք, որ մենք խաղաղություն ենք ուզում, ադրբեջանական կողմն էլ գալիս է, միջնորդներին կամ հանդիպումը կազմակերպողներին, կամ մեզ՝ երկկողմ հանդիպումների ժամանակ հավաստիացնում, որ խաղաղություն է ուզում կառուցել, մյուս կողմից՝ ահա այսպիսի միջադեպեր սահմանին, տեղեկատվական արշավ, պատրվակների ստեղծում՝ էսկալացիայի համար․․․
Ես ուզում եմ մի անգամ էլ ասել՝ մենք փորձում ենք խաղաղություն կառուցել։ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Բայց սա անելու համար մենք պետք է պատրաստակամություն տեսնենք մյուս կողմից ևս»,- ասաց Միրզոյանը։