Բաժիններ՝

Իսրայելը հայտարարել է դեպի Գազայի հատված հումանիտար օգնության մատակարարման նոր ուղիներ բացելու մասին

ՐԵՍ։ Իսրայելը հավանություն է տվել դեպի Գազայի հատված երկու հումանիտար ուղիների բացմանը, որպեսզի ավելի շատ օգնություն մտնի անկլավ։

Հոկտեմբերին ռազմական գործողությունների սկսվելուց հետո առաջին անգամ ժամանակավորապես կբացվի «Էրեզ» հսկիչ անցակետը։ Բացի այդ կբացվի Աշդոդի նավահանգիստը։ Իսրայելը նաև թույլ կտա Հորդանանից ավելի շատ օգնության մուտք «Քերեմ Շալոմ» անցակետով։

Իսրայելի այս հայտարարությունից առաջ հեռախոսազրույց էր տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև։

Բայդենը վերջնագիր էր ներկայացրել Նեթանյահուին՝ պաշտպանել քաղաքացիական անձանց և հումանիտար աշխատողներին, այլապես Վաշինգտոնը կարող է վերանայել իր աջակցությունն Իսրայելին։

ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդը ողջունել է Իսրայելի կողմից ձեռնարկված քայլերը, որոնք պետք է «լիովին և արագ իրագործվեն»։

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակի տարածած հայտարարության մեջ ևս մեկ անգամ նշվում է, որ ԱՄՆ քաղաքականությունը Գազայի հարցում «կորոշվի այս և այլ քայլերի, այդ թվում՝ անմեղ քաղաքացիներին պաշտպանելու և հումանիտար աշխատողների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ Իսրայելի անմիջական գործողությունների մեր գնահատումից»։

Ապրիլի 1-ին Իսրայելը հարվածներ էր հասցրել «Համաշխարհային կենտրոնական խոհանոց» բարեգործական կազմակերպության ավտոշարասյանը, որի հետևանքով 7 հումանիտար աշխատող է զոհվել։ Սա հանգեցրել է այն բանին, որ հումանիտար որոշ կազմակերպություններ դադարեցրել են գործողությունները Գազայի հատվածում։ Իսրայելը հայտարարել է, որ հարվածը եղել է սխալմունք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս