Բլինքեն-Ալիև հեռախոսազանգ՝ ապրիլի 5-ին ընդառաջ․ ի՞նչ նշանակություն կունենա պետքարտուղարի զանգը Բաքու

Վաղը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-դեր Լայեն հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ  պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Իլհամ Ալիևին։ Հեռախոսազրույցի վերաբերյալ, բնականաբար, հաղորդագրություններ են տարածել թե ադրբեջանական, թե ամերիկյան կողմերը։

Ադրբեջանի նախագահականի տարածած տեքստն իր ծավալով, շեշտադրումներով էապես տարբերվում էր Պետքարտուղարության հաղորդագրությունից։ Ադրբեջանը մանրամասն ու երկար ներկայացրել էր, թե ինչպես է Ալիևը հայտնել իր դժգոհությունները, իսկ Բլինքենը, կարելի է ասել, արդարացել, թե հանդիպումն ամենևին էլ ուղղված չէ Ադրբեջանի դեմ։

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարն Ադրբեջանի նախագահին ասել է, որ իրեն հայտնի է՝ կայանալիք հանդիպումն անհանգստություն է առաջացրել ադրբեջանական կողմի մոտ, ուստի ինքը հարկ է համարում պարզաբանել, որ հանդիպման թեման Հայաստանի տնտեսական զարգացումն է։

«Ալիևն ասել է, որ իր տեղեկություններով՝ եռակողմ հանդիպման նախապատրաստման գործընթացում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայաստանին ռազմական օգնությունը և համատեղ զորավարժությունները, Ադրբեջանին սահմանակից տարածքներում ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, Հայաստանի սպառազինումը ԵՄ Եվրոպական խաղաղության հիմնադրամի և ԱՄՆ բյուջեի միջոցով։ Նա ասել է, որ նման քայլերը, որոնք ունեն հակաադրբեջանական ուղղվածություն, այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին զինելու քաղաքականությունը, մղում են սպառազինությունների մրցավազքի և կհանգեցնեն տարածաշրջանում սադրանքների։ Էնթոնի Բլինքենը նշել է, որ ապրիլի 5-ի հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։ Իլհամ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բեռլինում կայացած ԱԳ նախարարների բանակցություններն օգտակար են եղել գործընթացն առաջ մղելու առումով, և անհրաժեշտություն կա արագացնել բանակցությունները։ Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է նաև, որ ամբողջովին անհիմն են այն մեղադրանքները, որոնք հնչում են Արևմուտքում, թե Ադրբեջանը մտադիր է հարձակվել Հայաստանի վրա։

Կարդացեք նաև

Իլհամ Ալիևն իր հերթին՝ նշել է, որ ապրիլի 2-ին Փարիզում Էնթոնի Բլինքենի հետ հրավիրված մամուլի ասուլիսում Ֆրանսիայի արտգործնախարարը ստել է՝ Ադրբեջանին մեղադրելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու և Հայաստանի համար վտանգի աղբյուր լինելու մեջ»,- ասված է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։

Հաղորդագրությունից պարզ է դառնում նաև այն, որ Ադրբեջանը մինչև անգամ պահանջել է չեղարկել այդ հանդիպումը։ «Պետքարտուղար Բլինքենը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման կարևորությունը, որը տնտեսական օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։ Պետքարտուղարն ընդգծել է, որ սահմանին լարվածության ավելացման համար արդարացում չկա, և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները»։

ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ պետքարտուղար Բլինքենը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորությունը, որը տնտեսական օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։ «Պետքարտուղարն ընդգծել է, որ սահմանին լարվածության աճն արդարացում չունի, և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները։ Պետքարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իր միջազգային պարտավորությունները և պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը և հորդորել է ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին»,- ասված է հաղորդագրությունում։ Բնականաբար, ամերիկյան կողմի հորդորները տեղ չեն գտել ադրբեջանական հաղորդագրություններում, ինչպես միշտ։

Ի դեպ, նմանատիպ տոնայնությամբ հեռախոսազանգ Բաքու Էնթոնի Բլինքենն առաջին անգամ չէ, որ անում է։

Արցախահայության բռնի տեղահանությունից մոտավորապես 15 օր առաջ Բլինքենը զանգահարել էր Ալիևին և հորդորել բացել Լաչինի միջանցքը, թե ինչ տեղի ունեցավ այդ զանգից օրեր անց, տեսավ, թերևս, ողջ աշխարհը՝ Արցախը բռնի տեղահանվեց երկու օրվա ընթացքում Ադրբեջանի կազմակերպած հատուկ ռազմական գործողության հետևանքով։

168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ Արևմուտքը ցանկանում է հնարավորության սահմաններում աջակցել Հայաստանին, որը փորձում է արևմտյան վեկտոր որդեգրել։

Ըստ նրա, ԵՄ-ն, ԱՄՆ-ը և նաև եվրոպական երկրները Հայաստանին աջակցելու համապատասխան մեխանիզմներ ունեն։ «Սակայն պետք է հասկանալ, որ նման տոնայնությունն Ադրբեջանի հետ հարաբերություններում պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանի հետ ևս կա սերտ համագործակցություն շատ կարևոր հարցերում, որոնք ունեն թե ռեգիոնալ, թե աշխարհաքաղաքական նշանակություն։ Իսկ նման ներկայացուցչական հանդիպումը, կարծում եմ, բխում է ՀՀ շահերից»,- ասաց նա։

Եվրոպացի վերլուծաբանի խոսքով, վաղ է, սակայն, խոսել ՀՀ եվրաինտեգրացիայի մասին, թեև այդ թեման ակտիվ քննարկվում է արդեն թե եվրոպական, թե հայկական մամուլում։ «Սակայն նման գործընթացները ԵՄ-ի համար մշտապես ուղեկցվում են խնդրահարույց ձգձգումներով»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ անվտանգությանն ու Արևմուտքի դերակատարությանը, նա նշեց, որ Արևմուտքը կփորձի ինչ-որ հարցերում աջակցել Հայաստանին։

«Այլ հարց է, թե դա որքանով կբավարարի կամ կհամապատասխանի ակնկալիքներին։ Կարծում եմ, եթե խնդիրներ չլինեն այս ճանապարհին, այնուամենայնիվ դեռ երկար աշխատանք կա անելու»,- ասաց նա։

Հարցին, թե ինչ նշանակություն կունենա ամերիկյան կողմի զանգը Բաքու, վերլուծաբանն արձագանքեց՝ ասելով, որ նշանակություն կունենա։ «Սակայն դա պայմանավորված է նաև Արևմուտքի հաստատակամ քաղաքականությամբ։ Եթե Արևմուտքը չցուցաբերի հստակ կամք, ապա դժվար կլինի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով ԱԺ լսումներին հայտարարեց, որ Եվրամիությունը դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերի տեսակետից։ «Էական աջակցության մասին է խոսքը, որպեսզի կարողանանք ուժեղացնել կարողությունները»,- նշել է դեսպանը: Համաձայն դեսպան Մարագոսի՝ սա վերաբերում է Եվրոպական խաղաղության մեխանիզմի շրջանակներին։

«Եվրամիությունը շարունակում է ամբողջական հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունացման և կարգավորման հարցին, ներառյալ այն հանդիպումները, որոնք կազմակերպել է Եվրոպական խորհրդի նախագահը»,- ընդգծել է Մարագոսը:

Տեսանյութեր

Լրահոս