Պատրաստ ենք լինել փողոցային շարժման կիզակետում. Հայկ Մարության
Սոցիալ-դեմոկրատական ուղղվածությամբ «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանն այսօր կուսակցության հիմնադիր համագումարում լրագրողների հետ զրույցում ասաց, որ կուսակցությունը պատրաստ է երկրի համար իրապես մտահոգ քաղաքական ուժերի հետ միասնաբար լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրները։
Նրա խոսքով՝ իր ստեղծած կուսակցությունը պատրաստ է համագործակցել այն ուժերի հետ, որոնք միտված են երկրի զարգացմանը ու չեն փորձում իրենց կուսակցական շահերի համար խեղաթյուրել Հայաստանի ապագան։ Ըստ նրա՝ ինքը 3 տարում իր թիմով ցույց է տվել այն արդյունքը, որը բոլոր երևանցիները տեսել են, այժմ էլ ուզում են այդ արդյունքներն ամբողջ հանրապետությունում ցույց տալ։
«Այժմ մեր թիմն ավելի է ընդլայնվել. նոր մասնագետներ են մեզ միացել։ Մենք այժմ մեսիջ ունենք բոլոր քաղաքական ուժերին` այժմ եկել է բոլոր խնդիրները միասնաբար լուծելու ժամանակը»,- նշեց Մարությանը։
Անդրադառնալով Տավուշի մարզում և առհասարակ երկրում տիրող իրաավիճակին՝ նա նշեց, որ վստահ չէ, թե Ադրբեջանը սրանից հետո նոր պահանջներ չի դնի Հայաստանի առաջ։
«Եթե նախկինում ռազմական ագրեսիայի միջոցով էր ստիպում զիջումների գնալ, ապա այսօր Ադրբեջանի ղեկավարի խոսքերից արդեն տարածքներ է զիջում»,- ասաց Մարությանըը` հավելելով, որ գործող իշխանությունը չի կարողանում առկա և ամեն օր ավելացող խնդիրներին լուծումներ տալ, հենց դրա համար էլ նոր ուժ են ստեղծում ու համալիր լուծումներ առաջարկում։
Նա շեշտեց՝ եթե ժողովուրդը հայտարարի, որ պատրաստ է փողոցային պայքարի կամ արտահերթ գործողությունների, ապա իրենց քաղաքական ուժն անպայման կիզակետում կլինի։
«Մենք պատրաստ ենք առաջնորդել բոլոր այն շարժումները, որոնք իսկապես ժողովրդի ցանկությամբ են։ Պրոցեսները պետք է հասունանան։ 2018 թվականին մենք երկար ենք եկել, 2008 թվականի պրոցեսներն էլ էին հանգեցրել 2018 թվականին։ Ես չեմ ասում, որ պետք է 10 տարի անցնի, նոր տեղի ունենա որևէ բան, քանի որ այժմ ծառացած խնդիրներն ավելի բարդ են, բայց ժողովրդի մեջ պետք է հասունանա»,- նշեց Մարությանը՝ վստահեցնելով, որ «Նոր ուժը» գալիս է փոխարինելու այս պահին իշխող քաղաքական ուժին։