
Իրանում ոստիկանության և ԻՀՊԿ-ի օբյեկտների վրա հարձակման հետևանքով կա 29 զոհ

Իրանում անվտանգությունը վերականգնվել է Սիստան և Բելուջիստանի նահանգում Չաբահար և Ռասկ քաղաքներում ոստիկանական բաժանմունքի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օբյեկտների վրա տեղի ունեցած հարձակումներից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Ապրիլի 3-ի ուշ երեկոյան տեղի ունեցած հարձակումների հետևանքով անվտանգության ուժերի 11 անդամ է զոհվել։ Կան նաև վիրավորներ։ Բացի այդ, ԻՀՊԿ-ն հայտնել է, որ անվտանգության ուժերը սպանել են բոլոր 18 ահաբեկիչներին։
Ըստ հրապարակման՝ «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման անդամները հարձակումներ են կազմակերպել Ռասկի և Չաբահարի 5 ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա։ Զինյալները նաև պատանդներ են վերցրել, որոնց անվտանգության ուժերն ազատել են։
Պակիստանին և Աֆղանստանին սահմանակցող Սիստան և Բելուջիստանի նահանգում վերջին տարիներին բազմաթիվ հարձակումներ են տեղի ունեցել, որոնք թիրախավորել են քաղաքացիական անձանց և անվտանգության ուժերին։