Դա անակնկալ էր և՛ մեզ համար, և՛ պետք է որ անակնկալ լինի ԲԴԽ-ի ու կառավարության համար. ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի գանգատը
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կողմից լիազորություններն այս տարվա հունվարին դադարեցված Սուրեն Անտոնյանի գանգատը մտել է կոմունիկացիայի փուլ:
«ՄԻԵԴ-ում մեր ներկայացուցիչ Արման Զրվանդյանը օրեր առաջ ՄԻԵԴ-ից պաշտոնական նամակ է ստացել, որ Եվրոպական դատարանում սկսվել է կոմունիկացիայի փուլ: Կառավարությանը հարցեր են ուղղել ու ժամկետ սահմանել՝ այդ հարցերին պատասխանելու կամ հաշտության առաջարկ ներկայացնելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Անտոնյանը:
Նրա խոսքով՝ կոմունիկացման նման արագություն իրենք էլ չէին սպասում:
«Դա անակնկալ էր և մեզ համար, և պետք է որ անակնկալ լինի՝ ինչպես ԲԴԽ-ի, այնպես էլ՝ կառավարության համար: Շատ տհաճ իրավիճակ է ստեղծվելու կառավարության համար այս հարցերին պատասխանելու առումով, որովհետև ընդունելու, իմ հանդեպ արված գործողություններին հավանություն տալու դեպքում կառավարությունը մեղսակից է դառնում Կարեն Անդրեասյանին և ԲԴԽ անդամների գործողություններին»,- ասաց Սուրեն Անտոնյանը:
Վերջինս նշեց՝ կառավարությանը հղված հարցերից հետո պատասխաններ ներկայացնելու հերթն իրենցն է, որից հետո Եվրոպական դատարանը կգնա վճռահատության:
«Իմ գործի ելքով և հաշվի առնելով այն արագությունը, որով կոմունիկացվել է իմ գործը, ՄԻԵԴ-ը կանխորոշելու է Եվրոպական դատարանում մյուս դատավորների գործերի ճակատագրերը»,- ասաց Սուրեն Անտոնյանը:
Նախկին դատավորը հավելեց՝ իր իրավունքների խախտումները ֆիքսելուց հետո ՄԻԵԴ-ն արդեն կորոշի դրանք վերականգնելու կերպը:
«ՄԻԵԴ վճռից հետո կդիմենք ԲԴԽ իմ գործի վերանայման համար: Բայց այստեղ կարևորն այն է, որ ներկայումս կառավարությունը գտնվում է երկիմաստ վիճակի մեջ՝ իր հետագա քայլերի առումով»,- ասաց Սուրեն Անտոնյանը: