Վաշինգտոնը Թեհրանին հայտնել է, որ ներգրավված չի եղել Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակմանը. Axios
ԱՄՆ-ն Իրանին հայտնել է, որ «ոչ մի ներգրավվածություն» չունի և նախապես տեղյակ չի եղել Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա ապրիլի 1-ին տեղի ունեցած հարձակմանը։ Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաների շրջանում իր աղբյուրին։
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակն Axios-ի հայտնել է, որ ԱՄՆ-ն «ոչ մի առնչություն չի ունեցել հարվածի հետ, և մենք նախապես չենք իմացել դրա մասին»։
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հարթակին ասել է, որ ԱՄՆ-ն սա «հայտնել է անմիջապես Իրանին»։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին ու հինգ սպաներ:
Գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին ԻՀՊԿ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը սպանվել է 2020 թվականին ԱՄՆ-ի կողմից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։
Axios-ը նշում է, որ Իսրայելի հետախուզությունը հետևում էր Զահեդիին, որը «պատասխանատու էր «Հեզբոլլահ»-ին և Լիբանանում ու Սիրիայում իրանամետ այլ աշխարհազորայինների զինելու և համակարգելու համար»։ Իսրայելի և ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտնել են, որ Իսրայելն իր օդուժի հարվածից րոպեներ առաջ տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին այդ մասին, սակայն չի խնդրել նրա թույլտվությունը։
ԱՄՆ պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Իսրայելի կողմից իրազեկումը մանրամասն չէր և եղել է այն ժամանակ, երբ ռազմական ինքնաթիռներն արդեն երկնքում են եղել։